Մթերքներ, որոնք կօգնեն ամրապնդել երեխաների իմունային համակարգը
Դիտումներ՝ *
16:42 2022-03-23

Կարանտինի և COVID-19-ի համավարակի ընթացքում հարկավոր է շատ լուրջ ուշադրություն դարձնել երեխաների սննդակարգին ու իմունային համակարգին, քանի որ սխալ մթերքի ընտրությունը կարող է լուրջ ազդեցություն ունենալ փոքրիկի իմունային համակարգի վրա և դառնալ դիմադրողականության անկման պատճառ՝ դարձնելով երեխային ավելի խոցելի տարբեր հիվանդությունների հարուցիչների նկատմամբ։

The Health Site-ը ներկայացրել է հինգ համեղ ու օգտակար մթերք, որոնք կօգնեն բարձրացնել երեխաների օրգանիզմի դիմադրողականությունը։

Յոգուրտ

Յոգուրտը հարուստ է աղեստամոքսային համակարգի առողջության պահպանման հարցում առանցքային դեր կատարող պրոբիոտիկներով, իսկ որքան առողջ է այդ համակարգը, այնքան ամուր է նաև իմունային համակարգը։ Սա պայմանավորված է նրանով, որ իմունային համակարգի բջիջների 70%-ը գտնվում է հենց ստամոքսում ու աղիներում։

Նուշ

Նուշը վիտամին Е-ի հիանալի աղբյուր է, իսկ այս տարրն օրգանիզմում հակաօքսիդանտի դեր է կատարում և պահպանում է իմունային համակարգի աշխատանքը։ Բացի այդ, նուշը պարունակում է երկաթ ու սպիտակուցներ, որոնք նույնպես շատ կարևոր են իմունային համակարգի համար։ Այս տարածված մթերքը կարելի է տալ երեխային առանձին կամ պարզապես հավելել այն յոգուրտին, շիլային կամ այլ ուտեստներին։

Կեֆիր

Ոչ բոլոր երեխաներն են կեֆիր սիրում, սակայն այն շատ օգտակար է նրանց օրգանիզմի համար, ուստի հարկավոր է փոքրիկներին սովորեցնել օգտագործել այս մթերքը վաղ հասակից։ Ինչպես և յոգուրտը, կեֆիրը նույնպես հարուստ է պրոբիոտիկներով, ուստի շատ օգտակար է աղիների համար և պետք է անպայման սննդակարգի մասը կազմի։

Արևածաղկի սերմեր

Այս սերմերը պարունակում են սելեն, որն օգնում է իմունային համակարգին վերահսկողության տակ պահել բջիջների վնասման գործընթացը։ Դրանցում պարունակվում են շատ քիչ հագեցած ճարպեր, սակայն մեծ քանակութամբ վիտամիններ ու երկաթ, ինչը շատ կարևոր է երեխաների օրգանիզմի համար։ Բացի այդ, այս սերմերը հարուստ են նաև վիտամին Е-ով, որը պահպանում է մաշկի, մազերի ու եղունգների առողջությունը։

Միս

Մրգերն ու բանջարեղենը շատ կարևոր են երեխաների համար, քանի որ հարուստ են իմունային համակարգն ամրապնդող օգտակար վիտամիններով ու հանքանյութերով, սակայն ոչ պակաս կարևոր է նաև միսը։ Այն պարունակում է երկաթ, ցինկ, В1 և В12 վիտամիներ ու այլ օգտակար տարրեր, որոնք բարձրացնում են դիմադրողականությունն ու ամրապնդում իմունային համակարգը։