Հայտնի է 2022-ի «ամենաերջանիկ» երկիրը
Դիտումներ՝ *
15:39 2022-03-21

Ֆինլանդիան հինգերորդ տարին անընդմեջ ճանաչվել է աշխարհի «ամենաերջանիկ» երկիրը։ Տեղեկատվությունը հայտնվել է 2022 թվականի Երջանկության համաշխարհային զեկույցում՝ հրապարակված ՄԱԿ-ի պատվերով։

Ֆինլանդիան, ինչպես նախորդ տարիներին, մի քանի հարյուր միավորով առաջ է անցել մյուս երկրներից։

Լավագույն հնգյակում ընդգրկվել են Դանիան, Իսլանդիան, Շվեյցարիան և Նիդեռլանդները, իսկ լավագույն տասնյակում է Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նորվեգիան, Իսրայելը և Նոր Զելանդիան։

Հետազոտությունը վերաբերել է 146 պետության։ Նախկին ԽՍՀՄ երկրներից լավագույն ցուցանիշն ունեն Լիտվան և Էստոնիան՝ համապատասխանաբար 34-րդ և 36-րդ տեղերում, Ղազախստանը՝ 40-րդ, Լատվիան՝ 42-րդ, Ուզբեկստանը՝ 53-րդ, Մոլդովան՝ 62-րդ, Ղրղզստանը՝ 64-րդ, Բելառուսը՝ 65-րդ, Թուրքմենստանը՝ 78-րդ, Ռուսաստանը՝ 80-րդ (2021-ին՝ 60-րդ), Հայաստանը՝ 82-րդ, Տաջիկստանը՝ 83-րդ, Ադրբեջանը՝ 92-րդ, Ուկրաինան՝ 98-րդ, Վրաստանը՝ 105-րդ։

Երջանկության համաշխարհային զեկույցը հրապարակվում է 2012 թվականից։ Այն կազմելիս հետազոտողները հաշվի են առնում այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, սոցիալական աջակցության մակարդակը, կյանքի տևողությունը, քաղաքացիական ազատությունների հարգումը, զբաղվածության երաշխիքները, կոռուպցիայի մակարդակը, ինչպես նաև հասարակական կարծիքի հարցումների արդյունքները։