Որոնք են աշխարհի 10 ամենահայտնի թանգարանները
Դիտումներ՝ *
10:58 2021-11-10

Լուվր, Ֆրանսիա

Լուվրը գտնվում է Փարիզի կենտրոնում՝ ձախից Սեն գետի, աջից՝ Ռիվոլի փողոցի միջև։ Լուվրը իր հավաքածուով աշխարհի հռչակավոր թանգարաններից է, իսկ մակերեսով՝ Փարիզի ամենամեծ թանգարանը (210.00 մ², որից 68.000-ը տրամադրված է ցուցահանդեսին)։

Թանգարանը ներկայացնում է բազմազան հավաքածուներ՝ սկսած անտիկ ժամանակներից մինչև 1848 թվականը, Արևմտյան Եվրոպայից մինչև Պարսկաստան, Հունաստան, Եգիպտոս, Մերձավոր Արևելք և Միջագետք։

Ամերիկյան բնագիտական թանգարան, ԱՄՆ

Ամերիկյան բնագիտական թանգարանը գտնվում է Մանհեթենում, Նյու Յորք, ԱՄՆ։ Թանգարանի գիտաշխատողների թիվը կազմում է մոտ 200 մարդ։ Թանգարանը տարեկան ֆինանսավորում է մոտ 100 գիտական արշավ։ Գտնվում է ազգային գոտում և իրենից ներկայացնում 25 միմյանց հետ կապված հաստատություններ, որոնցում գտնվում են 46 մշտական ցուցահանդեսներ, հետազոտական լաբորատորիաներ և հանրահայտ գրադարանը։ Թանգարանի հավաքածուն ներառում է մոտ 32 միլիոն նմուշ, որոնց ընդամենը մի մասը կարող է ցուցադրվել միաժամանակ:

Էրմիտաժ, Ռուսաստան

Կերպարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի թանգարանը՝ Էրմիտաժը, գտնվում է Սանկտ Պետերբուրգ քաղաքում։  Մեծությամբ երկրորդ արվեստի թանգարանն է աշխարհում։ Ստեղծվել է՝ որպես Ռուսաստանի Եկատերինա 2-րդ թագուհու անձնական արվեստի հավաքածու։ 1764թ. կայսրուհի Եկատերինա 2-րդի կարգադրությամբ Բեռլինում գնվեց և Պետերբուրգ բերվեց 225 կտավ, որ վրձնել էին հոլանդական և ֆլամանդական նկարիչները։ Դրանք տեղավորվեցին Ձմեռային պալատում՝ թագուհու ստեղծած պատկերասրահում, որը հետագայում կոչվեց Էրմիտաժ։ Էրմիտաժի գլխավոր շենքը կառուցվել է 1754-1762 թթ.։ Երբ ցուցանմուշները ավելացան, կառուցվեցին նորանոր շենքեր։

Կահիրեի եգիպտական թանգարան, Եգիպտոս

Կահիրեի եգիպտական թանգարանի հավաքածուն ներառում է մոտ 120 հազար ցուցանմուշ Հին Եգիպտոսի բոլոր ժամանակահատվածներից։ Թանգարանի շենքը գտնվում է Կենտրոնական Կահիրեի Թահրիր հրապարակում։ Այն կառուցել է 1900-ական թվականներին ֆրանսիական դասական ճարտարապետ Մարսել Դիունոնան։ Թանգարանը բացվել է 1902 թվականին։

Սմիթսոնյան ինստիտուտ, ԱՄՆ

Գիտահետազոտական և կրթական խոշոր Սմիթսոնյան ինստիտուտը և նրան պատկանող թանգարանների համալիրը ԱՄՆ-ում հիմնադրվել են 1846 թվականի օգոստոսի 10-ին ԱՄՆ Կոնգրեսի հատուկ որոշմամբ Վաշինգտոնում` անգլիացի քիմիկոս և հանքաբան Ջեյմս Սմիթսոնի (1765-1829)[9] կտակած միջոցներով, որը զավակ չուներ և իր ողջ ունեցվածքը կտակել է «գիտությունը ժողովրդի մեջ տարածելու և ընդլայնելու» համար:

Ուֆֆիցի պատկերասրահ, Իտալիա

Ուֆֆիցի պատկերասրահը գտնվում է Ֆլորենցիայում: Ուֆֆիցի պատկերասրահի շենքի պատմությունը սկսվել է 1559 թվականին, երբ Կոզիմո I Մեդիչին որոշում է քաղաքով մեկ տարածված գրասենյակները համախմբել մեկ շենքում։ Նախագիծը իրականացնելու համար հրավիրվում է Ջորջո Վազարին, որը սկսում է աշխատանքները 1560 թվականին։ 1574 թվականին Վազարին մահանում է, և նրա գործը շարունակում է Բերնարդո Բուոնտալենտին։ Սակայն շենքը չծառայեց իր բուն նպատակին և 1575 թվականից Մեդիչի ընտանիքին պատկանող արվեստի ստեղծագործությունների հավաքածուի հիման վրա կազմավորվում ու հիմնադրվում է Ուֆֆիցի պատկերասրահը:

Մետրոպոլիտեն թանգարան, ԱՄՆ

ԱՄՆ-ի ամենահարուստ գեղարվեստական հավաքածուն գտնվում է Նյու Յորքում՝ Մետրոպոլիտեն թանգարանում: Այն հիմնադրվել է 1870 թվականին, բացվել՝ 1872 թվականին։ Գտնվում է Նյու Յորքի Կենտրոնական զբոսայգում, մասնաճյուղը՝ Ֆորտ-Թրայոն զբոսայգում։ Թանգարանի հավաքածուն հիմնականում ստեղծվել է թանգարանին նվիրաբերված մասնավոր հավաքածուներից։ Այժմ թանգարանի ֆոնդերի քանակը անցնում է 3 մլն-ը, իսկ ցուցասրահների ընդհանուր մակերեսը 130.000 մ² է։ Բացի մշտական ցուցադրության սրահներից, թանգարանում առկա են նաև ժամանակավոր ցուցադրություններ՝ փոփոխվող ցուցահանդեսներով։ Տարեկան Մետրոպոլիտեն է այցելում 5 միլիոն մարդ։

Վատիկանի թանգարաններ, Իտալիա

Վատիկանի թանգարանները գտնվում են քաղաքի սահմաններում։ Նրանք ցուցադրում են Հռոմի պապերի արվեստի հավաքածուները, որոնք այդտեղ են բերվել դարեր շարունակ, և ընդգրկում են ամենահայտնի դասական քանդակներն ու Վերածննդի դարաշրջանի արվեստի կարևորագույն գլուխգործոցները։

Թանգարանները հիմնվել են Հուլիոս II պապի կողմից 16-րդ դարի սկզբին։ Վատիկանի թանգարաններում կարելի է տեսնել Սիքստինյան կապելլան, որի առաստաղը նկարազարդվել է Միքելանջելոյի կողմից, Ռաֆայելի սրահները՝ իր պատկերազարդումներով։

Պրադո թանգարան, Իսպանիա

Պրադո թանգարանը, որը գտնվում էՄադրիդում, հիմնադրվել է՝ որպես քանդակների և գեղանկարչության հավաքածու, այսօր այն ընդգրկում է ավելի քան 5000 գեղանկարներ, 2000 գրաֆիկական աշխատանքներ, 1000 մեդալիոններ և 2000 դեկորատիվ արվեստի նմուշներ։ Քանդակների հավաքածուն ընդգրկում է ավելի քան 700 նմուշներ և պատառիկներ։ Պրադոյի թանգարանը իսպանական գեղանկարչության ամենամեծ հավաքածուն է։ Ցուցադրվում են նաև իտալական վերածննդի նկարիչների ստեղծագործություններ, Բոտիչելլի, Կարավաջո, ինչպես նաև գերմանացի և հոլանդացի վարպետների ստեղծագործություններ, Ռեմբրանդտ, Դյուրեր և ուրիշներ։

Բրիտանական թանգարան, Անգլիա

Լոնդոնի ամենամեծ և աշխարհի ամենանշանակալի արվեստի և պատմության թանգարաններից մեկի ֆոնդերի քանակն անցնում է 7 միլիոնից, որով այն դասվում է աշխարհի ամենամեծ թանգարանների շարքին։ Թանգարանում ներկայացվում են բոլոր մայրցամաքների մշակութային հիմնական շերտերը՝ պատմական և գեղագիտական զարգացմամբ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am