Ժամանակակից էթիկետի 18 կանոն, որոնք արժե, որ բոլորն իմանան
Դիտումներ՝ *
14:00 2021-11-01

Կոռեկտ վարքագիծ դրսևորելը բարդ չէ: Դա ընդամենը հարգանքի դրսևորում է քո և քեզ շրջապատողների նկատմամբ: Սակայն կան որոշ նրբություններ, որոնց մասին բոլորը չէ, որ գիտեն:

Եվ այսպես՝

1. Երբեք հյուր մի գնացեք՝ առանց նախապես տեղեկացնելու:

Եթե ձեզ հյուր են եկել առանց զգուշացնելու, հանգիստ կարող եք նրանց դիմավորել խալաթով և չհարդարած մազերով: Մի բրիտանացի տիկին ասում էր, որ, երբ անկոչ հյուր էր ունենում, անմիջապես հագնում էր կոշիկները, դնում գլխարկ ու վերցնում անձրևանոցը: Եթե եկողն իրեն հաճելի մարդ էր, ասում էր, որ շատ ուրախ է, ինչ անակնկալ, ինքը հենց նոր տուն մտավ, իսկ եթե այցելուն հաճելի մարդ չէր, ընդհակառակը, ասում էր, որ ցավում է, սակայն պայմանավորվածություն ունի, և պետք է դուրս գա:

2. Անձրևանոցը չի կարելի բաց վիճակում չորացնել ոչ գրասենյակում, ոչ էլ հյուր գնալիս:

Այն պետք է փակել և դնել հատուկ պատվանդանի վրա, կամ կախել:

3. Պայուսակը չի կարելի դնել ծնկներին կամ աթոռիդ վրա:

Փոքրիկ, գեղեցիկ կլաչ պայուսակը կարելի է դնել սեղանին, մեծ պայուսակը՝ կախել աթոռից կամ դնել գետնին, եթե հատուկ դրա համար նախատեսված աթոռ չկա: Պորտֆելը դնում են գետնին:

4. Պոլիէթիլենային տոպրակները թույլատրելի են միայն խանութից վերադառնալիս: Նույնն է և ֆիրմային բուտիկների թղթե տոպրակների դեպքում:

Հետո դրանք որպես պայուսակ օգտագործելը շատ վատ ճաշակի նշան է:

5. Տղամարդը երբեք չպետք է տանի կնոջ պայուսակը:

Եվ կանացի վերարկուն էլ պետք է ձեռքը վերցնի միայն մինչև հանդերձարան տանելու համար:

6. Տնային հագուստ ասվածը տաբատն ու սվիտերն է, որոնք պետք է հարմարավետ լինեն, բայց կարգին տեսք ունենան:

Խալաթն ու պիժաման նախատեսված են առավոտյան՝ մինչև լոգարան, իսկ երեկոյան՝ լոգարանից ննջասենյակ հասնելու համար:

7. Այն պահից, երբ երեխան տեղափոխվում է իր առանձին ննջարանը, սովորեք ներս մտնելուց առաջ թակել դուռը:

Այդ ժամանակ նա էլ ձեր ննջասենյակ մտնելուց առաջ նույն կերպ կվարվի:

8. Կինը փակ տարածության մեջ կարող է չհանել լայնեզր գլխարկն ու էլեգանտ ձեռնոցները, բայց ոչ՝ ասենք, ամենօրյա բրդյա գլխարկն ու ձեռնոցները:

9. Միջազգային արձանագրային էթիկետի համաձայն՝ զարդերի ընդհանուր քանակը չպետք է գերազանցի 13-ը, ներառյալ՝ ոսկե կոճակները:

Ձեռնոցի վրայից չի կարելի մատանի կրել, բայց թևնոց՝ թույլատրելի է: Որքան դրսում մութ լինի, այնքան թանկարժեք պետք է լինեն զարդերը: Ադամանդները նախկինում համարվում էին ամուսնացած կանանց երեկոյան զարդ, սակայն վերջին ժամանակներս ադամանդ կարելի է կրել նաև ցերեկը, և ոչ միայն՝ բացառապես ամուսնացած կանանց:

10. Ռեստորանում վճարելու կարգը: Երբ Դուք արտաբերում եք «Ես ձեզ հրավիրում եմ» արտահայտությունը, նշանակում է, որ Դուք եք վճարելու:

Եթե կինն իր գործընկերոջը հրավիրում է ռեստորան, պետք է վճարի ինքը: Այլ հարց է, եթե հետևյալ ձևակերպումն արվի. «Բայց արժե, չէ՞, գնալ ռեստորան»: Սա ենթադրում է, որ յուրաքանչյուրը վճարում է իր համար, և միայն այն դեպքում, երբ տղամարդն ինքն է առաջարկում վճարել կնոջ փոխարեն, նա կարող է համաձայնել:

11. Տղամարդը միշտ առաջինը պետք է վերելակ մտնի, բայց առաջինը դուրս է գալիս նա, ով դռանն ավելի մոտ է:

12. Ավտոմեքենայի մեջ առավել հարգի է համարվում վարորդի հետևի նստատեղը: Այնտեղ պետք է կինը նստի: Տղամարդը նստում է նրա կողքին, և, երբ նա դուրս է գալիս մեքենայից, բռնում է դուռը և ձեռքը մեկնում կնոջը: Եթե տղամարդը ղեկին է, նախընտրելի է, որ կինը նստի նրա թիկունքում: Բայց որտեղ էլ որ կինը նստած լինի, տղամարդը պետք է նրա առաջ դուռը բացի և օգնի դուրս գալ: Գործնական էթիկետում վերջին ժամանակներս տղամարդիկ հաճախ են խախտում այս նորմը` օգտվելով ֆեմինիստուհիների հետևյալ կարգախոսից. «Բիզնեսում կանայք և տղամարդիկ չկան»:

13. Պետք չէ բարձրաձայնել այն մասին, որ Դուք հատուկ սննդակարգով եք սնվում:

Ավելին, չի կարելի դիետա պահելու անվան տակ հրաժարվել հյուրընկալ տանտիրուհու առաջարկած ճաշատեսակներից: Անպայման գովեք նրա խոհարարական տաղանդը, ընդ որում, կարող եք այդ ժամանակ նաև ոչինչ չուտել: Նույն կերպ պետք է վարվել նաև ալկոհոլի դեպքում: Չարժե բոլորին ասել, թե ինչու չեք խմում: Մի գավաթ չոր սպիտակ գինի խնդրեք և մի կում արեք:

14. Բարձրաշխարհիկ միջավայրում զրույցների արգելված թեմաներ են քաղաքականությունը, կրոնը, առողջությունն ու փողը:

Անտեղի հարց է. «Ինչ գեղեցիկ հագուստ է. Ի՞նչ արժե»: Ինչպե՞ս արձագանքել: Ժպտացեք և ասեք, որ նվիրել են, և փոխեք խոսակցության թեման: Երբ զրուցակիցը պնդի, հանգիստ ասեք. «Ես չէի ցանկանա այդ մասին խոսել»:

15. 12 տարին լրացած յուրաքանչյուր մարդու ենթադրվում է դիմել «Դուք»-ով:

Տհաճ է, երբ մարդիկ «դու»-ով են դիմում մատուցողներին կամ վարորդներին: Նույնիսկ այն մարդկանց, ում Դուք լավ եք ճանաչում, աշխատավայրում ճիշտ է դիմել «Դուք»-ով. «դու»-ով կարելի է դիմել միայն, երբ միայնակ եք: Բացառություն են միայն այն դեպքերը, երբ դուք հասակակիցներ կամ մտերիմ ընկերներ եք: եթե Ձեզ համար տհաճ է, որ Ձեզ «դու»-ով են դիմում, նախ ակնարկեք, ապա հստակ ասեք զրուցակցին, որ դա Ձեզ դուր չի գալիս:

16. Բացակա անձանց քննարկելը կամ, ավելի պարզ ասած, բամբասելն անթույլատրելի է:

Չի կարելի նաև քննարկել մտերիմներին, մասնավորապես՝ ամուսիններին, ինչը շատ ընդունված է: Եթե ամուսինդ վատն է, ինչո՞ւ չես բաժանվում: Նույն կերպ էլ անթույլատրելի է արհամարհանքով, բերանը ծամածռելով խոսել հարազատ երկրի մասին:

17. Կինոթատրոնում, թատրոնում և համերգասրահում քո տեղը փնտրելիս պետք է նստածներին դեմքով շրջվես: Ընդ որում, առաջինը պետք է տղամարդն անցնի:

18. 9 բան պետք է գաղտնի պահել՝ տարիքը, հարստությունը, տան միջի ճեղքը, աղոթքը, դեղերի կազմը, սիրային կապը, նվերը, հարգանքն ու անպատվությունը:

Եվ վերջում՝ հոլիվուդյան դերասան Ջեք Նիկոլսոնը՝ ճիշտ վարվեցողության կանոնների մասին:

«Ես շատ եմ գնահատում ճիշտ վարվեցողության կանոնների կարևորությունը, թե ինչպես փոխանցել ափսեն, չգոռալ սենյակից սենյակ, փակ դուռն առանց թակելու չբացել, կնոջն առաջ թողնել: Այս բոլոր անթիվ-անհամար կանոնների նպատակը կյանքն ավելի լավը դարձնելն է: Մենք չենք կարող ապրել ծնողների հետ մշտական պատերազմական իրավիճակի պայմաններում: Դա հիմարություն է: Ես հետևողական եմ իմ վարքագծի նկատմամբ: Դա ինչ-որ աբստրակցիա չէ: Դա փոխադարձ հարգանքի բոլորին հայտնի լեզուն է»:

Սոֆա Պետրոսյան

Աղբյուր՝ 168․am