Գիտնականները պարզել են, որ քունը կարող է օգնել նիհարել
Դիտումներ՝ *
13:34 2022-05-12

Չիկագոյի համալսարանի գիտնականները պարզել են, որ քնի տևողության ավելացումն օգնում է ավելորդ քաշի դեմ պայքարում։ Այս մասին հոդվածը հրապարակվել է JAMA Internal Medicine ամսագրում, հայտնում է EurekAlert-ը։

Նախորդ հետազոտություններն ապացուցել են, որ քնի պակասը ճարպակալման ռիսկի գործոն է: Թիմը, որը գլխավորում էր բժիշկ Էսրա Թասալին, ձեռնամուխ է եղել պարզելու երկարատև քնի ազդեցությունը մարմնի քաշի վրա:

Գիտնականները դիտարկել են ավելորդ քաշ ունեցող 80 կամավորների, որոնցից ոմանք գիշերը քնել են 6,5 ժամից պակաս: Քնի հիգիենայի վերաբերյալ անհատական ​​խորհրդատվություններից հետո նրանք կարողացել են միջինը 1,2 ժամով ավելացնել գիշերային հանգստի տևողությունը։

Ընդհանուր առմամբ, հետազոտողները փորձել են հետազոտվողների քնի տևողությունը հասցնել 8,5 ժամի։ Արդյունքում՝ նրանք օրական միջինը 270 կկալով պակաս են օգտագործել, իսկ որոշները՝ նույնիսկ 500:

Կալորիաների բալանսի նման փոփոխությունը՝ նույնիսկ առանց դիետաների և վարժությունների, երեք տարում կօգնի ազատվել գրեթե 12 կգ-ից, նշում են աշխատանքի հեղինակները։

«Մենք ցույց ենք տվել, որ իրական կյանքում, առանց ապրելակերպի որևէ փոփոխության, դուք կարող եք ավելի շատ քնել և ավելի քիչ կալորիաներ օգտագործել: Սա իսկապես կարող է օգնել մարդկանց, ովքեր փորձում են նիհարել»,- ասել է Թասալին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am