Կումբոսկուրո. գյուղ Իտալիայում, որտեղ իտալերեն չեն խոսում
Դիտումներ՝ *
22:46 2022-01-24

Իտալիայի «Փոքրիկ Պրովանս» մականունը ստացած Կումբոսկուրո բնակավայրը մեկուսացած գյուղ է բոլոր առումներով: Ինչպես ներկայացնում է CNN-ը, գտնվելով Իտալիայի Պիեմոնտ մարզի և Ֆրանսիայի միջև սահմանի մոտակայքում՝ այն փոքր-ինչ դժվարհասանելի է: Զբոսաշրջիկները կամ պետք է մեկնեն Թուրին, այնտեղից գնացք նստեն, ապա ավտոբուս, կամ վարեն ֆրանսիական Պրովանսից դեպի հարավ՝ այնտեղ հասնելու համար:

Այստեղ ժամանող զբոսաշրջիկներն, այնուամենայնիվ, սկսում են կասկածել՝ արդյոք ճիշտ երկրում են գտնվում. պատճառը տեղացիների ողջույնն է ոչ սովորական իտալերեն բառով:

Կումբոսկուրոյի պաշտոնական լեզուն պրովանսերենն է (Provençal), որն Օքսիտաներենի միջնադարյան նեոլատինական բարբառ է: Օքսիտաներեն խոսում են Ֆրանսիայի հարավում գտնվող Օքսիտանիա մարզում:

Գյուղում ընդամենը 30 մարդ է ապրում, և կյանքն այստեղ բոլորվին էլ հեշտ չէ: Բնակիչները հիմնականում հովիվներ են, որոնց անասունները հաճախ հարձակման են ենթարկվում գայլերի կողմից:

Սակայն բնակավայրը հանգիստ է. լեռնային մարգագետիններ, նարդոսի մանուշակագույն դաշտեր, որտեղ այցելուները կարողանում են իսկապես հանգստանալ՝ վայելելով ալպյան տեսարանները:

tert.am