Ֆեդերիկո Ֆելինիի 5 ֆիլմ, որը պետք է դիտի յուրաքանչյուրը
Դիտումներ՝ *
01:12 2022-01-22

Կինոյում 40 տարվա աշխատանքի ընթացքում Ֆեդերիկո Ֆելինին դարձել է Իտալիայի ամենահայտնի ռեժիսորն ու աշխարհի ամենաազդեցիկ ռեժիսորներից մեկը։ Իր կարիերայի ընթացքում նա արժանացել է 5 «Օսկար»-ի և դարձել ակադեմիայի պատմության «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում արձանիկների քանակով ռեկորդակիր։

Ֆելինիի ֆիլմերն աներևակայելի յուրօրինակ են, մտերմիկ ու անձնական՝ բարոկկո և սյուրռեալիստական ​​պատկերներով, աբսուրդի հասնող հումորով: Այս ազատ մոտեցման շնորհիվ կինոյի պատմության մեջ մի շարք խորհրդանշական կինոժապավեններ են հայտնվել։

Երեկ լրացել է Ֆելինիի 101-ամյակը, այդ առիթով եկեք հիշենք ռեժիսորի ամենահուզիչ աշխատանքները՝

«Ճանապարհ», (La Strada) 1954

Ժապավեն, որը Ֆելինիին դարձրել է օսկարակիր։ Սյուժեի կենտրոնում Ջուլիետա Մազինայի հերոսուհին է՝ Ֆելինիի կինը և մուսան. խաղում է կրկեսի շրջիկ կատարողի օգնականի դերը, որը գնել է նրան մորից։ Ֆիլմը պատմում է դաժանության մասին, ու, թե ինչպես այն կարող է թուլացնել մեկ այլ մարդու ոգին։ «Ճանապարհը» համարվում է ոչ միայն նեոռեալիստական ​​ոճի լավագույն նմուշներից, այլև ռեժիսորի մեծագույն գործերից։

Կաբիրիայի գիշերները, (Le notti di Cabiria) 1957

Այս ժապավենում Ջուլիետա Մազինան մարմնավորել է Կաբիրիա անունով մարմնավաճառին, որը, թափառելով հետպատերազմյան Հռոմի փողոցներում, ցանկանում է ապրել, սիրել և լինել սիրված՝ հեռու այն իրականությունից, որում ապրում է։ Չնայած նրան շահագործում են և օգտագործում անձնական շահի համար, Կաբիրիան շարունակում է բարի մնալ: Հատկանշական է, որ այս կինոնկարի սցենարի վրա աշխատել է Պիեր Պաոլո Պազոլինին, որը չէր էլ թաքցնում մարմնավաճառների հետ իր կապերը։ Ֆիլմն արժանացել է Կաննի կինոփառատոնի 2 մրցանակի և Օսկարի։

Քաղցր կյանք, (La Dolce Vita) 1960

Ֆելինիի հայտնի ստեղծագործությունը, որը պատմում է Հռոմի գեղեցիկ կյանքի մասին:

Ժապավենը սկիզբ է դրել ռեժիսորի և դերասան Մարչելլո Մաստրոյանիի համագործակցությանը, որը մարմնավորում էր լրագրող Մարչելո Ռուբինիին։ Անիտա Էկբերգը հանդես է եկել որպես ամերիկացի դերասանուհի Սիլվիա: Նրանց համատեղ տեսարանը Տրևի շատրվանում (Հռոմ, Իտալիա) կինոյի պատմության մեջ ամենակուլտայիններից մեկն է։ Ֆելինիի բոլոր գործերից «Քաղցր կյանք»-ն ամենամեծ մշակութային ազդեցությունն է ունեցել. «պապարացի» հայտնի տերմինը սկիզբ է առել ֆիլմի լուսանկարիչներից մեկի անունից։ Ժապավենը Կաննի կինոփառատոնում արժանացել է «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակին և «Օսկար»-ի՝ զգեստների լավագույն ձևավորման համար:

8½, 1963

Կինոժապավեն, որը համարվում է համաշխարհային կինոյի դասական օրինակ և Ֆելինիի վարպետության գագաթնակետը։

Ֆիլմը կինոնկարահանման գործընթացի մասին է։ Մարչելո Մաստրոյանին մարմնավորում է միջին տարիքի ռեժիսորի, որը մնացել է իրականության և անիրականության միջև։ Ֆելինին հեռուստադիտողին ռեժիսորի միտք է թողնում, որտեղ գերակշռում են հիշողություններն ու ֆանտազիաները, երբ նա փորձում է զբաղվել ընտանեկան խնդիրներով: 8½-ը համաշխարհային ճանաչում է ստացել թե’ քննադատների, թե’ ոլորտի մասնագետների շրջանում՝ արժանանալով բազմաթիվ մրցանակների, մասնավորապես 2 «Օսկար»-ի:

Ամարկորդ, (Amarcord) 1973

1930-ական թվականների Մուսոլինիի դարաշրջանի կիսակենսագրական պատմությունը չունի համահունչ սյուժե: Փոխարենը, այն կառուցված է որպես քրեստոմատիա, որն արտացոլում է Ֆելինիի սերն իր երիտասարդության և այն մարդկանց հանդեպ, ում նա ճանաչում էր այդ ժամանակ, և նրա արհամարհանքը ֆաշիզմի հանդեպ: Կինոժապավենը 4 անգամ առաջադրվել և 2 անգամ արժանացել է «Օսկար»-ի: