Ովքե՞ր են ավելի շատ վաստակում՝ տիկտոկերնե՞րը, թե՞ ամերիկյան ընկերությունների ղեկավարները
Դիտումներ՝ *
16:35 2022-01-25

The Wall Street Journal-ը (WSJ) համեմատել է ամերիկյան ընկերությունների ղեկավարների միջին աշխատավարձերը լավագույն բլոգերների եկամուտների հետ, ովքեր գովազդ և ապրանքներ են վաճառում իրենց TikTok պրոֆիլների միջոցով։

Հաշվարկների ընթացքում պարզվել է, որ որոշ բլոգերներ ավելի շատ են վաստակում, քան ընկերության ղեկավարները։ Օրինակ, ամերիկյան tiktoker Չարլի դ’Ամելիոն, ով առաջին անգամ 2020 թվականին ձեռք է բերել 100 միլիոն բաժանորդ սոցցանցում, 2021 թվականին վաստակել է 17,5 միլիոն դոլար: Համեմատության համար նշենք, որ նավթային խոշորագույն ընկերություններից մեկի գործադիր տնօրեն և նախագահ Դարեն Վուդսի տարեկան աշխատավարձը 2020 թվականին կազմել է 15,6 միլիոն դոլար։

Դիքսի Դ’Ամելիոն՝ Չարլիի ավագ քույրը, 2021 թվականին վաստակել է 10 միլիոն դոլար։ Նա Forbes-ի ամենաբարձր եկամուտ ունեցող TikTok բլոգերների ցուցակում զբաղեցրել է երկրորդ տեղը։ Մնացած վարկանիշն ունի հետևյալ տեսքը.

Ամերիկացի պարող Էդիսոն Ռեյ – 8,5 միլիոն դոլար,

Ամերիկացի երգչուհի Բելլա Պորչ – 5 միլիոն դոլար,

Կանադացի դերասան և մոդել Ջոշ Ռիչարդս – 5 միլիոն դոլար,

Կանադացի տիկտոկեր Քրիս Քոլինս – 4,75 միլիոն դոլար,

Ամերիկացի դերասանուհի և դիմահարդար Ավանի Գրեգ – 4,75 միլիոն դոլար,

WSJ-ն վկայակոչում է խոշոր ընկերությունների մի քանի ղեկավարների աշխատավարձերի մասին տվյալները։ Օրինակ՝ Starbucks-ի Քևին Ջոնսոնը տարեկան վաստակում է 14,7 մլն դոլար, Delta Air Lines-ի Էդ Բաստիանը՝ տարեկան 13,1 մլն դոլար, McDonald’s-ի Քրիս Քեմփչինսկին՝ 10,8 մլն դոլար։

Forbes-ը նաև նշում է TikTok լավագույն բլոգերների եկամուտների աճը։ Մասնավորապես, ցուցակի բոլոր յոթ անձինք 2021 թվականին ընդհանուր առմամբ վաստակել են 55,5 միլիոն դոլար, ինչը 200 տոկոսով ավելի է, քան 2020 թվականին։ Բլոգերները գումար են վաստակում գովազդից։

WSJ-ի հետ զրուցած փորձագետները նշել են, որ բլոգերների հետևորդները շատ տարված են իրենց կուռքերով և էմոցիոնալ ներդրումներ են կատարում նրանց մեջ: Այդ իսկ պատճառով նրանք, ավելի հավանական է, որ գնեն գովազդվող ապրանքներ կամ բլոգերների առաջարկած վայրերը գնան: Որոշ գործարարներ հետևում են այս տենդենցին՝ լրացուցիչ առավելություններ ստանալու համար։ Մասնավորապես, Dunkin  ցանցի սեփականատերը խմիչքն անվանել է Չարլի Դ’Ամելիոյի անունով։

Սիրարփի Աղաբաբյան

168.am

Ամենաընթերցված