ԽՍՀՄ վերջին քաղաքացին․ մարդ, ում «մոռացել էին» տիեզերքում
Դիտումներ՝ *
23:30 2022-01-17

Երկրորդ ամենահայտնի ռուս տիեզերագնացը` Գագարինից հետո, Սերգեյ Կրիկալյովն է՝ մարդ, ում «մոռացան» տիեզերքում, և նա ակամայից դարձավ ԽՍՀՄ-ի վերջին քաղաքացին։

1991 թվականի սկզբին արդեն բարձրաձայն քննարկվում էր ԽՍՀՄ կազմի մեջ մտնող պետությունների անկախացման հարցը, սակայն մարտին անցկացրած հանրաքվեի արդյունքում մեծամասնության ձայնը ԽՍՀՄ-ի պահպանման կողմն էր։ Կյանքը շարունակվում էր, և մայիսի 18-ին Բայկանուրի թռիչքների կայանից «Սոյուզ-12» տիեզերանավով դեպի «Միր» ուղեծրային կայան դուրս եկավ իններորդ տիեզերական արշավախումբը, որի կազմի մեջ մտնում էին 3 հոգի՝ անձնակազմի հրամանատար Անատոլի Արցեբարսկին, բրիտանացի տիեզերագնաց Հելեն Շարման և բորտինժեներ Սերգեյ Կրիկալյովը։ Մեկ շաբաթ անց Հելեն Շարման «Միր»-ի նախորդ անձնակազմի հետ վերադարձավ Երկիր, իսկ Արցեբարսկին և Կրիկալյովը շարունակեցին իրենց աշխատանքը կայանի վրա։

Ամռան ընթացքում նրանք վեց անգամ դուրս եկան բաց տիեզերք, բազմաթիվ գիտափորձեր անցկացրեցին, և շարունակաբար վերահսկում էին կայանի բնականոն աշխատանքը։ Դեպի «Միր» ուղեծրային կայան հաջորդ թռիչքը նախատեսվում էր իրականացնել հոկտեմբերին Ավստրիայի տիեզերագնացների հետ՝ երկու տիեզերանավերով, սակայն օգոստոսյան իրադարձությունները ստիպեցին վերանայել նախագծերը։ Բավականաչափ ֆինանսավորում չստանալու հետևանքով, երկու թռիչքները միավորեցին, անձնակազմը կրճատվեց, և հոկտեմբերի 2-ին արդեն իսկ իրեն անկախ հռչակած Ղազախստանի հանրապետության տարածքից դեպի «Միր» մեկնեց մեկ տիեզերանավ։ Հոկտեմբերի 10-ին Արցեբարսկին վերադարձավ Երկիր՝ իր գոյությունը դեռևս ֆորմալ պահպանող ԽՍՀՄ։ Սերգեյ Կրիկալյովը՝ որպես միակ բորտինժեներ, ստիպված եղավ շարունակել իր աշխատանքը կայանի վրա։ ԽՍՀՄ-ը պաշտոնապես դադարեց գոյություն ունենալ նույն թվականի դեկտեմբերի 26-ին։ Երկրի հետ կապ հաստատելու ժամանակ Կրիկալյովը Ռուսաստանին և ԱՊՀ երկրներին մաղթեց հաջողությամբ ոտքի կանգնել և մտավախություն հայտնեց տիեզերական ծրագրերի պահպանման համար։

Կրիկալյովը Երկիր վերադարձավ 1992 թվականի մարտի 25-ին։ Արդյունքում նախատեսված հինգ ամսի փոխարեն Կրիկալյովը ստիպված եղավ տիեզերական կայանի վրա կրկնակի ավել ժամանակ անցկացնել՝ 311 օր 20 ժամ և 54 վայրկյան։ Իր այս երկրորդ թռիչքի համար նա ստացավ Ռուսաստանի Հերոսի կոչում և դարձավ այն չորս մարդկանցից մեկը, ով ունի և՛ ԽՍՀՄ-ի, և՛ Ռուսաստանի հերոսի կոչում։

Կրիկալյովը շարունակեց իր տիեզերական թռիչքները, ընդհանուր հաշվով կատարելով 6 թռիչք նա 2005 թվականին սահմանեց աշխարհի ռեկորդ՝ տիեզերքում անղցկացրած ամենաերկար ժամանակի համար՝ 803 օր 9 ժամ 41 րոպե 23 վայրկյան, որը պահպանվեց շուրջ 10 տարի։ Կրիկալյովը դարձավ առաջին ռուս տիեզերագնացը, ով տիեզերք թռչեց ՆԱՍԱ-ի կազմում։

Այսօր նա «Ռոսկոսմոս»-ի գործադիր տնօրենն է և շարունակում է բարեխղճորեն կատարել իր առաքելությունը։

ita.am