Շները կարող են տարբերել մարդկային լեզուները
Դիտումներ՝ *
16:55 2022-01-16

Բուդապեշտի Լորանդ Էտվյոշի անվան համալսարանի (Հունգարիա) գիտնականների թիմը՝ նյարդակենսաբան Լաուրա Կուայա գլխավորությամբ, իրականացրել է հետազոտություն՝ հասկանալու համար, թե ինչպես է շների ուղեղն արձագանքում տարբեր լեզուներին:

ՄՌՏ (Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆ) հետազոտությունները ցույց են տվել, որ շների ուղեղը կարող է տարբերակել ծանոթ («մայրենի») և անծանոթ («օտար») լեզուները, ինչը դրանց դարձնում է առաջին հայտնի և առայժմ միակ կենդանիները (սկզբնաղբյուրում՝ «ոչ մարդկային կենդանիներ» – non-human animals), որոնք կարող են տարբերել մարդկանց լեզուները։

 

Նոր ուսումնասիրությունը, որը հրապարակվել է 2021 թվականի դեկտեմբերի 12-ին՝ NeuroImage ամսագրում։

Գիտնականները հետազոտության համար ընտրել են 18 շան, որոնց պառկեցրել ՄՌՏ սարքի մեջ որպեսզի կարողանան սկանավորել դրանց ուղեղը։ Որպես թեստ՝ կենդանիների համար միացրել են Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ Իշխանը» աուդիոգրքից հունգարերեն և իսպաներեն հատվածներ և ձայների շարք, որոնք նման չէին մարդկային խոսքին:

Պարզվել է, որ շները ոչ միայն կարողացել են հստակ տարբերակել խոսքը և ձայներից, այլև տարբեր կերպ են արձագանքել ծանոթ (հունգարերեն) և անծանոթ (իսպաներեն) լեզուներին։

Ըստ գիտնականների, շների ուղեղի առաջնային և երկրորդային լսողական կեղևը թույլ է տալիս լսած խոսքը մշակել երկու փուլով։ Առաջնային լսողական կեղևը հայտնաբերում է, թե արդյո՞ք լսված ձայնը խոսք է, թե ոչ, իսկ երկրորդային լսողական կեղևը տարբերակում է ծանոթ և անծանոթ լեզուն:

Ընդ որում, պարզվել է, որ տարեց շները ուղեղի երկրորդային լսողական կեղևում ավելի շատ ակտիվություն են ցուցաբերում, և ըստ այդմ տարեցներն ավելի լավ են տարբերում ծանոթ և անծանոթ լեզուները, քան երիտասարդ շները։

Իհարկե, շները միակ կենդանիները չեն, որոնք կարող են տարբերել մարդկային լեզուները: «Ուղեղը չափազանց լավ է տիրապետում օրինաչափություններին, և յուրաքանչյուր լեզու ունի մի շարք հնչյուններ և օրինաչափություններ, որոնք հեշտ են տարբերակվում և որոշ վարժանքներից հետո շատ կենդանիների ուղեղը պետք է կարողանա ճանաչել այս օրինաչափությունները», – նշում է Կուայան։

Այնուամենայնիվ, շներին յուրահատուկ է դարձնում այն հանգամանքը, որ դրանց պետք չէ վարժեցնել մարդկային լեզուները տարբերելու համար: Շների ուղեղն ինքնաբերաբար է հայտնաբերում դրանք։

ita.am