Բոտոքսի ներարկումները նվազեցնում են տագնապայնությունները
Դիտումներ՝ *
11:14 2022-01-16

Բոտուլոտոքսինը, որն ավելի հայտնի է որպես բոտոքս, նեյրոտոքսիկ սպիտակուց է, որը սինթեզվում է Clostridium botulinum բակտերիայի կողմից: Առավել տարածված է դրա կիրառումը էսթետիկ բժշկության մեջ, օրինակ՝ կնճիռների հարթեցում, սակայն բոտուլոտոքսինը լայնորեն օգտագործվում է բժշկության մեջ այլ նպատակներով ևս, օրինակ՝ միգրենի, մկանային սպազմերի, առատ քրտնարտադրության և միզուղիների անզսպության բուժումը և այլն:

Առհասարակ, բոտուլոտոքսինը ուժեղ թույն է, որը կանխում է նյարդամկանային սինապսներում նյարդային հաղորդիչների արտազատումը և առաջացնում թույլ կաթված: Պարզ ասած՝ այն խզում է մկանների և նյարդային համակարգի կապը, ինչի արդյունքում մկանները թուլանում են, ասես կաթվածահար են լինում։ Այս ազդեցության համար է այն կիրառվում բժշկության մեջ։Միևնույն ժամանակ, բոտոքսն ունի բազմաթիվ կողմնակի ազդեցություններ, որոնցից շատերը լիովին ուսումնասիրված չեն:

Սան Դիեգոյի Կալիֆոռնիաական համալսարանի (ԱՄՆ) գիտնականները Ռուբեն Աբագյանի գլխավորությամբ, Գերմանիայից ժամանած բժիշկների հետ միասին ուսումնասիրել են բոտուլոտոքսինային թերապիա ստացած մոտ 40 հազար մարդկանց կողմնակի ազդեցությունները: Արդյունքում, գիտնականները հայտնաբերել են մեկ անսպասելի հատկություն, որը կարող է նոր կիրառություն տալ բոտուլոտոքսինին՝ առնվազն չորս տարբեր վայրերում կատարված բոտոքսի ներարկումները նվազեցնում են տագնապայնությունը:

Գիտնականները մաթեմատիկական ալգորիթմներով հաշվարկել են բոտոքս ստացած հիվանդների և այլ դեղամիջոցներ ստացած հիվանդների վիճակագրորեն կարևոր տարբերությունները։ Վերլուծությունը ցույց է տվել, որ տագնապայնության դրսևորումները 22-72%-ով ցածր են եղել բոտոքս ստացածների մոտ։ Պետք է նշել նաև, որ գիտնականները հաշվի չէին առել հակադեպրեսանտներ ընդունող մարդկանց տվյալները։

Տագնապային խանգարումները հոգեկան խանգարումների տարածված տեսակ են: Հարցումների համաձայն՝ բնակչության ավելի քան 30%-ն իր կյանքում ինչ-որ պահի պարբերաբար ունեցել է տագնապայնություն, որը բացասաբար է անդրադարձել կյանքի որակի վրա։ Մեկ երրորդ դեպքերում տագնապայնության բուժումը դրական արդյունք չի տվել, այսինքն՝ առկա թերապիան բավականաչափ արդյունավետ չէ։ Հնարավոր է, որ բոտոքսը կարող է շտկել իրավիճակը։

Գիտնականներն առաջ են քաշում մի քանի վարկածներ, որոնք կարող են բացատրել բոտոքսի նմանատիպ կողմնակի ազդեցությունը։ Հնարավոր է, որ բոտուլոտոքսինները տեղափոխվում են կենտրոնական նյարդային համակարգի այն հատվածներ, որոնք պատասխանատու են զգացմունքների և տրամադրության համար։ Մեկ այլ վարկածի համաձայն՝ բոտուլոտոքսինների ազդեցությամբ նյարդամկանային հանգույցները որոշակի ազդանշաններ են փոխանցում ուղեղին։ Երրորդ վարկածի համաձայն՝ բոտոքսը հիմնականում օգտագործվում է էսթետիկ անհանգստություն պատճառող երևույթների կամ քրոնիկական հիվանդությունների բուժման համար, որոնք կարող են բավականին անհանգստացնող լինել։ Հետևաբար, հաջող բուժումը կարող է նվազեցնել տագնապայնությունը: Ամեն դեպքում, ավելի շատ հետազոտություններ և կլինիկական փորձարկումներ են անհրաժեշտ՝ հստակ ասելու համար, թե ինչու է բոտոքսը ազատում մարդկանց դեպրեսիայից և տագնապայնությունից:

Հավելենք նաև, որ բացի դրական կողմնակի ազդեցություններից, բոտոքսն ունի նաև բացասական կողմնակի ազդեցություններ: Օրինակ, պարանոցի հատվածում ներարկումների ժամանակ կարող են առաջանալ կուլ տալու հետ կապված խնդիրներ: Երբեմն կարող է բորբոքվել աչքի եղջերաթաղանթը։ Բացի այդ, հիվանդները հաճախ դժգոհում են ընդհանուր թուլությունից: Այնուամենայնիվ, այս ախտանիշները սովորաբար անհետանում են թերապիայից մեկ ամիս անց:

ita.am