Կեղծ հիշողության հիմքում ընկած են անսպասելի իրադարձությունները
Դիտումներ՝ *
21:57 2022-01-15

Մարդկային հիշողությունը տեղեկատվության անվստահելի աղբյուր է, քանի որ ամեն անգամ, երբ մարդը որևէ բան է հիշում, նրա ուղեղում տեղի է ունենում այդ իրադարձության վերակառուցում, ինչի արդյունքում էլ հիշողությունները որոշ դեպքերում փոփոխությունների են ենթարկվում:

Դյուկի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները փորձել են պատասխանել այն հարցին, թե ինչ է կատարվում ուղեղում, ինչի պատճառով հիշողություններն այդքան հաճախ են փոխվում: Նրանք անց են կացրել հետազոտություն, որի ժամանակ, «ստիպել են» փորձի մասնակիցներին հիշել այն, ինչն իրականում տեղի չի ունեցել։

Հետազոտությանը մասնակցել է 24 մարդ։ Առաջին օրը մասնակիցները ՄՌՇ լաբորատորիայում նայեցին 70 կարճ տեսանյութ։ Հաջորդ օրը նրանք նորից դիտեցին տեսանյութերը, սակայն այս անգամ տեսահոլովակների կեսն առանց նախազգուշացման ընդհատվում էր։ Մասնակիցները նման բանի չէին սպասում, իսկ ցանկացած անսպասելի իրադարձություն հանգեցնում է ուղեղում այնպիսի նեյրոմեդիատորների արտազատման, ինչպիսիք են դոֆամինը, ացետիլխոլինը և նորադրենալինը, որպեսզի իրադարձությունն առավել մանրամասնությամբ հիշվի:

Հետազոտության երրորդ օրը մասնակիցների հետ հարցազրույց անցկացվեց՝ պարզելու, թե որքանով էին նրանք մտապահել տեսանյութերի սյուժեները: Պարզվեց, որ մասնակիցների մեծամասնությունը չէր հիշում ճիշտ շարունակությունը, և ենթադրաբար հորինել էր ընդհատված տեսանյութերի բովանդակությունը։ Նրանց մոտ կեղծ հիշողություններ էին ձևավորվել։

Գիտնականները գրանցում էին, թե ինչ էր տեղի ունենում մասնակիցների ուղեղում հետազոտության օրերի ընթացքում։ Նրանք հատկապես կենտրոնացել էին հիպոկամպի ուսումնասիրության վրա, քանի որ վերջինս պատասխանատու է տեղեկատվության՝ կարճաժամկետ հիշողությունից երկարաժամկետ հիշողություն փոխանցման համար:

Երբ մասնակիցները դիտում էին տեսանյութը մինչև վերջ, հիպոկամպի ակտիվությունը կայուն էր։ Սակայն այն ժամանակ, երբ տեսահոլովակը կեսից ընդհատվում էր, հիպոկամպի գործունեության օրինաչափությունները, կարծես, խախտվում էին, դա նման էր «այլ ռեժիմի» անցման, որը թույլ էր տալիս թարմացնել մտապահված տեղեկատվության բովանդակությունը։ Որքան ավելի մեծ էր տեսանյութի ընդհատման պատճառով հիպոկամպում առաջացած անկայունությունը, այնքան ավելի շատ էին մարդիկ հակված կեղծ հիշողություններ ստեղծելուն:

Հիմնականում կեղծ հիշողությունները ստեղծվում էին նմանության սկզբունքով, օրինակ՝ սպորտի մասին մի տեսանյութի դրվագները փոխարինվում էին սպորտի մասին մեկ այլ տեսանյութի դրվագներով:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Proceedings of the National Academy of Sciences ամսագրում։

ita.am