Կաթնային տորթ. լավագույն ընտրությունը՝ սուրճի հետ
Դիտումներ՝ *
13:41 2022-01-28

Բաղադրիչներ

Շերտերի համար՝

1. Խտացրած կաթ – 300 գ

2. Ձու – 3 հատ

3. Աղ – 1 պտղունց

4. Ալյուր – 180 գ

5. Փխրեցուցիչ – 10 գ

6. Կարագ՝ կաղապարի համար

Կրեմի համար՝

1. Սերուցք – 500 գ

2. Խտացրած կաթ – 80 գ

3. Վանիլին – 10 գ

Զարդարելու համար՝

1. Թարմ հատապտուղներ

Պատրաստման եղանակը

1. Խմորը պատրաստելու համար ձուն և մեկ պտղունց աղը լավ հարել 3-4 րոպե: Շարունակելով հարել՝ աստիճանաբար ավելացնել խտացրած կաթը:

2. Ալյուրը խառնել փխրեցուցչի հետ, մաղել և աստիճանաբար ավելացնել ձվային զանգվածին, շարունակել հարել:

3. Ջեռոցը տաքացնել 180 աստիճան: 30×40 կաղապարը պատել յուղաթղթով, վրան կարագ քսել, խմորի կեսը լցնել կաղապարի մեջ, հարթեցնել և թխել 6-7 րոպե: Նույն կերպ թխել նաև երկրորդ շերտը:

4. Պատրաստի շերտերի եզրերը կտրել, հեռացնել պերգամենտը, սառեցնել:

5. Կրեմը պատրաստելու համար հարել սառը սերուցքը և վանիլինը: Բարակ շիթով ավելացնել խտացրած կաթը՝ շարունակելով հարել միջին արագությամբ:

6. Սառելուց հետո շերտերից յուրաքանչյուրը կիսել չորս մասի: Մատուցվող ափսեին մի փոքր կրեմ քսել, որպեսզի տորթը չշարժվի: Հավաքել տորթը՝ յուրաքանչյուր շերտին քսելով 2-3 ճ/գ կրեմ: Վերևի շերտին և կողքերին նույնպես առատ կրեմ քսել: Տորթը 2 ժամ դնել սառնարանը: Զարդարել թարմ հատապտուղներով և մատուցել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168․am