Ինչպե՞ս հաջողել ՏՏ ոլորտում երիտասարդ տարիքում․ Վիգեն Խաչատրյան
Դիտումներ՝ *
06:35 2021-10-31

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը շարունակում է մնալ ամենահեռանկարայիններից մեկը Հայաստանում։ Ոլորտը մեծ հետաքրքրություն է առաջացնում հատկապես երիտասարդների շրջանում։ Ոլորտի երիտասարդ ներկայացուցիչները ստեղծում են մի շարք հաջողակ նախագծեր և արդեն իսկ փոխանցում են իրենց փորձը։ 168.am-ն այս անգամ պատմելու է 18-ամյա Վիգեն Խաչատրյանի մասին, ում ստարտափներից մեկին մենք արդեն անդրադարձել ենք։

Վիգենը 11 տարեկանից հաճախել է Թալինի ռոբոտատեխնիկայի խմբակ, որը 2014 թվականից համալրվեց նոր սարքավորումներով և դարձավ «Արմաթ» ինժեներական լաբորատորիա:

««Արմաթում» ստացել եմ ինժեներական կրթություն, սովորել եմ ռոբոտաշինություն, 3D մոդելավորում, տպագրություն, ծրագրավորում և ՏՏ ոլորտին առնչող մի շարք այլ գործիքներ»:

2019-2020 թվականներին մասնակցել է «Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի» կողմից կազմակերպված ծրագրավորման խորացված դասընթացներին, որտեղ զուգահեռ ծրագրավորման հիմունքներին՝ ուսումնասիրել է դիսկրետ մաթեմատիկա և տեխնիկական անգլերեն:

«Այժմ, որպես «Արմաթի» խմբակավար, սովորում եմ ԱԹՍ-ների (անօդաչու թռչող սարքեր) պատրաստում, որպիսի Թալին քաղաքում դասավանդեմ «Արմաթը օդում» ծրագրի ԱԹՍ լաբորատորիայում:

Ներկայումս սովորում եմ Հայաստանում ֆրանսիական համալսարանի ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա ֆակուլտետի առաջին կուրսում»:

Վիգենը, ամեն դեպքում, կարծում է, որ ամենամեծ գիտելիքներով զինված և օրվա ցանկացած ժամի ամենամեծ էներգիայով իմացածը կիսվելու ցանկությամբ պատրաստ միակ ուսուցիչը համացանցն է:

«11 տարեկանում ընկերներս ինձ համոզեցին և տարան ռոբոտատեխնիկայի խմբակ: Դժվարությամբ համաձայնեցի, բայց կարճ ժամանակ անց հասակացա, որ ընկել եմ այնտեղ, որտեղ ինձ տեսնում եմ ընդմիշտ, որտեղից ինձ տուն տանելը չափազանց դժվար է, երբեմն՝ նույնիսկ անհնար: Որոշում կայացրեցի խորանալ այս ոլորտում և բերել իմ բաժին փոփոխությունը, այստեղ մեծ ներդրում ուներ խմբակավարս՝ Եղիշե Ամիրյանը:

Ինչպե՞ս կարող էր ոլորտը ինձ՝ մեծ հետաքրքրասերիս, չհետաքրքրել, երբ պատրաստում ու ծրագրավորում էինք ռոբոտներ, վեր էինք հանում անհասկանալի խնդիրները, խաղեր պատրաստելու հետաքրքիր փորձով ծանոթանում էինք ալգորիթմների էությանը, պատրաստում եռաչափ մոդելներ և տպագրում: Եվ հասկանո՞ւմ եք, այնքան հաճելի է, երբ ինչ-որ կերպ, սովորելով համակարգչի լեզուն` փորձում ես բացատրել նրան, թե ինչը ինչպես անի:

Սկզբում ոլորտում խորանալու խթաններն էին հետաքրքրություններս ու արկածախնդրությունս` նոր բաներ բացահայտելու: Իսկ հիմա դրան գումարվել է Հայաստանի և, ինչո՞ւ ոչ, աշխարհի տեխնոլոգիական ապագայի առաջխաղացման մեջ իմ պատասխանատվությունը կրելու զգացումը: Աշխարհի ընթացքը երկրաչափական պրոգրեսիայով աճում է, ու հետ մնալ կամ առաջ չանցնել նրանից պարզապես չի կարելի, դրանում օգնող լավագույն ոլորտը հենց տեղեկատվական տեխնոլոգիաներն են»,- նշում է Վիգենը։

Վիգենի գործունեության ոլորտները բավականին տարբեր են՝ ՏՏ, կրթական, հասարակական, ձեռնարկատիրական և այլն:

«Եթե խոսեմ ՏՏ ոլորտից, ապա կառանձնացնեմ նախ TakeAR (Թեյքառ) ստարտափը, որը ընկերոջս՝ Վարդանի հետ հիմնել ենք 2018 թվականին: TakeAR-ը զբաղվում է AR (augmented reality) տեխնոլոգիայի հիմքով բջջային հավելվածների պատրաստմամբ: Այսինքն՝ մեր հավելվածի միջոցով հնարավոր է սքանավորել մեր կողմից առաջարկվող նկարները և նկարներում պատկերվածը տեսնել եռաչափ ֆորմատով:

TakeAR-ն այժմ փորձում է տարբեր ոլորտներ թափանցելով՝ լուծել տվյալ ոլորտում առկա որևէ խնդիր: Օրինակ՝ կրթական, այժմ աշխատում ենք դպրոցական դասագրքերի AR տեխնոլոգիայով հագեցման վրա, սկսել ենք 8-րդ դասարանի կենսաբանության դասագրքից, օրինակ, հնարավոր է սքանավորել դասագրքի սրտի, ականջի կառուցվածքի կամ մարդու կմախքի դասերի էջերը և տեսնել դրանց եռաչափ մոդելները սմարթֆոնի էկրանին:

Առանձնահատկությունը կայանում է նրանում, որ ի տարբերություն դպրոցներում առկա լաբորատորիաների՝ այն հասանելի է լինում ՀՀ-ի բոլոր դպրոցների տվյալ դասարանում սովորող աշակերտներին և դասավանդող ուսուցիչներին, այլ ոչ մեկ կամ մի քանի, այն հասանելի է լինում ամենուր և ամեն ժամ, հետաքրքրաշարժ է, և նույնիսկ ամենավատ սովորող աշակերտները միայն հետաքրքրության շնորհիվ կօգտագործեն և կստանան գոնե մինիմալ գիտելիքներ տվյալ առարկայից: Պատրաստ լինելու դեպքում այն հասանելի կլինի հավելվածում, և աշակերտները կկարողանան օգտվել լրիվ անվճար հիմունքներով»:

Հաջորդը տուրիզմի ոլորտն է, որտեղ Վիգենն ու ընկերները պատրաստում են Հայաստանի կոթողների եռաչափ մոդելները՝ դրանց մասին եռալեզու բարձրորակ ձայնագրություն և ներմուծում հավելվածում: Հնարավորություն է տրվում սքանավորել կոթողի նկարը, տեսնել դրա եռաչափ մոդելը, լսել դրա մասին ձայնագրությունը: «Այս գաղափարի շրջանակներում նրանք ՀԿ Կենտրոնի հետ մասնակցեցին Kolba Lab-ի դրամաշնորհային ծրագրին, և հաղթեցինք: Այժմ հավելվածում առկա են Լոռվա մարզի 10 մշակութային կոթող, մտածում ենք դրանց հասանելի դարձնելու ուղղությամբ»:

2018 թվականին՝ 16 տարեկանում, Վիգենը դարձավ «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի խմբակավար Մաստարա գյուղում:

«Կառանձնացնեմ նաև NASA-ի և MIT-ի կողմից կազմակերպած Zero Robotics ծրագրին մասնակցությունս, որի ժամանակ 2 շաբաթ սովորելով ծրագրավորում՝ մասնակցել ենք մրցույթին: Մրցույթը փոքրիկ տիեզերանավերի ծրագրավորման մրցույթ էր, որի ժամանակ խաղի վերացած կանոնների հիման վրա թիմով ծրագիր էինք գրել տիեզերանավերի համար: Մեր գրած կոդն անցավ կիսաեզրափակիչ, և մենք NASA-ի Youtube-յան ուղիղ եթերով տեսանք, թե ինչպես է մեր գրած կոդն աշխատում իրական տիեզերանավի վրա: Իհարկե, անասելի հաճելի երևույթ էր»:

Վիգենը հիմա սովորում է և միաժամանակ աշխատում մի շարք նախագծերում։ Նա սովորում է համալսարանում, հիմա «TakeAR» ստարտափում իրականացնում է թիմի և բիզնեսի համակարգում, Մաստարա գյուղի «Արմաթում» աշխատում է որպես խմբակավար, զուգահեռ վերապատրաստվում է՝ որպես «Արմաթը օդում» ծրագրի ԱԹՍ-ների լաբորատորիայի խմբակավար, «Մարզերի երեխաները մարզերում» նախագծի ակտիվ կամավոր է, «Լյուպին» ԵՀԿ-ի անդամ և Թալինում կոշիկների տեղական արտադրություն սկսելու նպատակով մասնակցում է «ԻՐԻՍ» բիզնես ինկուբատորի հայտարարած դրամաշնորհային ծրագրին:

Վիգենը հաջող նախագծեր ստեղծելու և առաջընթաց ունենալու համար պատանիներին խորհուրդ է տալիս չվախենալ ձախողվելուց։

«Եղեք լավ մարդ, բարի և միշտ օգնության ձեռք մեկնող: Ձեր կրթությունը ամբողջովին մի վստահեք կառույցներին՝ ինքներդ եղեք ձեր կրթական հետագծի դիզայները: Սիրեք ձեր հողը, ձեր բնակավայրն ու երկիրը, երբեք մի մտածեք այն լքելու ուղղությամբ, եթե այն մեզ արժանացրել է իր վրա ապրելու պատվին, ապա մենք էլ պետք է պատասխանատվություն կրենք նրան ավելի լավը դարձնելու հարցում:

Մի մտածեք գումարի մասին, արեք այն, ինչ ամենից շատ եք սիրում և կարողանում, իսկ այն ձեզ կգտնի. աշխարհում անսահման գումար կա, եթե այն դեռ ձեզ բաժին չի հասել, ապա կամ դուք նրան արժանի չեք, կամ այն՝ ձեզ:

Երբեք ու երբեք մի վախեցեք ձախողելուց, այն վերածեք ուսուցողական հնարավորության: Ձախողումն ամենամեծ բարձունքները գրավելու հնարավորությունն է»:

Վիգենը իր ապագա գործունեությունը պատկերացնում է միայն Հայաստանում։

«Միանշանակ ու միանշանակ իմ ապագան և իմ ամբողջ կյանքը տեսնում եմ Հայաստանում: Ես չափազանց հայրենասեր եմ, և ես ջանում եմ իմ գործունեության ցանկացած դետալ հնարավորինս ծառայեցնել հայրենիքիս զարգացմանը: Հնարավոր է՝ կրթությանս պահանջները լրացնելու նպատակով լինեմ արտասահմանում, սակայն դա կհամարեմ նաև հնարավորություն՝ արտերկրում կուտակած փորձովս կիսվելու և այն հենց այստեղ կիրառելու: Կանեմ ուժերիս ներածը` Հայաստանում ՏՏ ոլորտի և առհասարակ Հայաստանի զարգացման համար»։

Սիրարփի Աղաբաբյան

168.am