5 բիզնես խորհուրդ Zara բրենդի հիմնադիր Ամանսիո Օրտեգայից
Դիտումներ՝ *
16:13 2021-10-30

Forbes-ի վարկանիշում ամենահարուստ մարդկանցից մեկն իսպանացի գործարար Ամանսիո Օրտեգան է: Նրա ունեցվածքը 78 միլիարդ դոլար է, որի աղբյուրը հիմնականում Inditex կազմակերպությունն է, որը համատեղում է աշխարհահռչակ Zara, Pull & Bear, Bershka, Massimo Dutti, Stradivarius, Oysho և այլ հայտնի բրենդերը:

Secretmag.ru բացահայտել է այն 5 կանոնները, որոնցով առաջնորդվել է Օրտեգան իր կյանքի ընթացքում:

1. Գումարը միակ նպատակը չպետք է լինի:

Օրտեգան մեծացել է աղքատ ընտանիքում. հայրը երկաթգծի աշխատակից էր, մայրը՝ սպասուհի: Գումարը բավականացնում էր միայն ամենաանհրաժեշտ բաների համար: Օրտեգան դժվարությամբ է հիշում այն պատմությունը, երբ 12 տարեկանում մայրիկի հետ գնացել էր հաց գնելու, բայց վերադարձել էր դատարկաձեռն. խանութպանն այլևս հրաժարվել էր պարտքով ապրանք տալ ընտանիքին: Օրտեգան որոշեց, որ այլևս նման իրավիճակներ չպետք է կրկնվեն: Նա դուրս եկավ դպրոցից և սկսեց աշխատել:

Չնայած այս ամենին՝ Zara-ի հիմնադիրը նշում է, որ իր համար գումարն էական չէ, կարևոր է ունենալ նպատակներ և ամեն բան անել դրանց հասնելու համար: «Բիզնես ունենալը միայն գումարի համար ժամանակի անտեղի կորուստ է: Ինձ համար գումարը մեկ նշանակություն ունի՝ այն պետք է նպատակն իրականացնելու համար»,- ասել է նա:

2. Գտեք ձեր տեղը:

«Այն ժամանակվանից, երբ ես նոր էի սկսում աշխատել, իմ գլխում միայն մեկ միտք էր պտտվում. ինչո՞ւ չստեղծել այնպիսի բան, որը տարբերվում է այն ամենից, ինչ կա շուկայում: Ես հստակ գիտակցում էի, որ պետք է լցնել այն բացը, որը կա տեքստիլ արտադրության ոլորտում»,- նշել է Օրտեգան «Telva» ամսագրի հետ հարցազրույցում:

1963 թվականին Օրտեգան առաջին անգամ զբաղվեց բիզնեսով: Հետո նրան միացավ կինը, ավելի ուշ՝ եղբայրը՝ կնոջ հետ: Նրանք կարում ու նախագծում էին անկողնային պարագաներ և խալաթներ, որոնք նման էին դիզայներական ապրանքների: Օրտեգան նշում է, որ այդպես էին անում, քանի որ տանել չէին կարողանում այն հանգամանքը, որ գեղեցիկ հագնվում են միայն հարուստները:

Ավելի ուշ Zara-ի հիմնադիրները սկսեցին շրջագայել ամբողջ աշխարհում և հաճախել ցուցադրությունների: Ավելի ուշ Օրտեգայի ընկերությանը մեղադրեցին կրկնօրինակման մեջ, ինչին ի պատասխան՝ նրանք նշեցին, որ օգտագործում են նորաձևության մեջ գործածվող թրենդները, բայց դա կրկնօրինակում չի կարող համարվել: Մի քանի անգամ Zara-ին անգամ մեղադրանք ներկայացրին բացարձակ կրկնօրինակման մեջ:

3. Ամեն ինչ արագ արեք

Օրտեգայի համար ամենակարևորն արագությունն է: Նա ամեն բան անում է արագ աշխատելու, արագ առաքման և մոդելների արագ թարմացման համար: Օրտեգան Zara-ում հստակ կանոն է մտցրել, ըստ որի՝ հագուստի նոր տեսականին պետք է թարմացվի 2 շաբաթը մեկ, և պետք է 48 ժամվա ընթացքում տարվեն պահեստներ:

Հաճախորդներին նորույթներ ու ինքնատիպ հագուստ առաջարկելիս՝ Zara-ի դիզայներները համոզված են, որ ապրանքն ամբողջությամբ կվաճառվի: Եթե ինչ-որ ապրանք չի վաճառվում կամ պահանջարկ չունի, ապա դրան անմիջապես փոխարինում է մեկ ուրիշ ապրանք:

Օրտեգան իր հաճախորդներին սովորեցրել է պարբերաբար թարմացնել իրենց պահարանները:

 

4. Յուրաքանչյուրը պետք է մնա իր տեղում:

Օրտեգան համոզված է, որ ամեն բան կարգին լինելու համար յուրաքանչյուր աշխատող պետք է մնա իր տեղում: Ծանոթները բնութագրում են նրան՝ որպես մարդու, ով պատրաստ է աշխատել նույնիսկ սեփական տարեդարձներին: Բիզնեսմենը սիրում է ամեն ինչ հսկողության տակ պահել՝ մոդելների ընտրությունից՝ մինչ աշխատավայրերի մաքրություն:

Inditex-ի գլխավոր տնօրենի պաշտոնն Օրտեգան թողել է 2011 թվականին՝ 75 տարեկանում, բայց մինչ օրս ամեն օր գնում է գրասենյակ, անձամբ է հանդիպում բաժնետերերի հետ և խորհրդակցություններ կազմակերպում:

5. Անընդհատ առաջ շարժվեք:

1975 թվականին բացվեց Zara-ի առաջին խանութը: Խանութների քանակն Իսպանիայում ավելացավ մի քանի ամսում: 1988 թվականին արդեն բացվել էր Պորտուգալիայի խանութը:

1908-ականներին Օրտեգան հասկացավ, որ մի բրենդ ունենալը քիչ է: Ստեղծվեց Pull & Bear ապրանքանիշը: Այնուհետև նա գնեց Massimo Dutti-ի բաժնետոմսերի մի մասը: 1988-ին հիմնվեց Bershka-ն, որի հիմնական թիրախային խումբը երիտասարդներն էին: Այս շրջանակը պարբերաբար ընդլայնվեց:

Այժմ Inditex-ը հագուստի ինդուստրիայում խոշորագույն բրենդ է, որում ընդգրկված է 9777 խանութ՝ աշխարհի 88 երկրներում:

Սիրարփի Աղաբաբյան

168․am