Ամուսնության երեք ամենակարևոր բառերը՝ «խնդրում եմ», «շնորհակալություն» և «ներողություն». Հռոմի պապ
Դիտումներ՝ *
19:45 2021-12-28

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ ամուսնության մեջ երեք ամենակարևոր բառերն են՝ «խնդրում եմ», «շնորհակալություն» և «ներողություն», գրում է Daily Mail-ը:

85-ամյա պոնտիֆիկոսն իր կիրակնօրյա ուղերձն այս անգամ նվիրել է ամուսնացած զույգերին՝ նրանց կոչ անելով ավելի շատ երեխաներ ունենալ՝ Իտալիայի ժողովրդագրական անկումը բեկելու համար: Իտալիայում գրանցվել է աշխարհում ամենացածր ծնելիության ցուցանիշներից մեկը:

«Միգուցե մենք չենք ծնվել բացառիկ, առանց խնդիրների ընտանիքում, բայց մեր ընտանիքը մեր պատմությունն է: Բոլորը պետք է մտածեն՝ դա իմ պատմությունն է: Դրանք մեր արմատներն են. եթե կտրենք դրանք, կյանքը կչորանա», – ասել է Հռոմի պապը:

Կաթոլիկների հովվապետը նշել է, որ համավարակով պայմանավորված արգելափակումները և կարանտինները ստիպել են ընտանիքներին ավելի շատ ժամանակ անցկացնել միասին:

«Մինչ այդ առկա խնդիրները սրվել են՝ առաջացնելով կոնֆլիկտներ, որոնք որոշ դեպքերում դառնում են գրեթե անտանելի։ Շատերն անգամ անցել են հարաբերությունների խզման միջով»,- ասել է Հռոմի պապը՝ զույգերին հիշեցնելով, որ ծնողների բաժանությունը չափազանց ծանր է երեխաների համար, որոնք ծնողներին ընկալում են որպես սիրո, վստահության և ուժի կայուն աղբյուր:

Նա կրկնել է այն գաղափարը, որը հաճախ օգտագործել է ընտանիքների և ամուսնական զույգերի հետ հանդիպելիս՝ թվարկելով ամուսնության երեք ամենակարևոր բառերը՝ «խնդրում եմ», «շնորհակալություն» և «ներողություն»:

Ֆրանցիսկոս պապն ընդգծել է, որ գիշերը քնելուց առաջ չհաշտվելը հաջորդ առավոտ կարող է հանգեցնել «սառը պատերազմի»:

«Քանի անգամ, ցավոք, կոնֆլիկտները ծագում են տան պատերի ներսում՝ երկարատև լռության և անզուսպ եսասիրության պատճառով: Երբեմն դա նույնիսկ ավարտվում է ֆիզիկական և բարոյական բռնությամբ։ Սա խաթարում է ներդաշնակությունը և սպանում ընտանիքը»,-ասել է պոնտիֆիկոսը։

Նա նաև ընտանիքներին հորդորել է ճաշի սեղանի շուրջ ցած դնել իրենց բջջային հեռախոսները և խոսել: «Ցավալի է ճաշի ժամանակ տեսնել ընտանիք, որտեղ յուրաքանչյուրն իր բջջային հեռախոսով է զգաղված, չեն խոսում միմյանց հետ, բոլորը խոսում են բջջային հեռախոսով», – ասել է նա: