Ո՞ր մթերքներն են օգտակար աղիների առողջության համար
Դիտումներ՝ *
01:09 2021-12-24

Ընդեղենը եւ հատապտուղները նպաստավոր ազդեցություն են ունենում աղիների առողջության վրա։ Այսպիսի կարծիք է հայտնել սննդաբան Լորա Մ. Ալին Փիտսբուրգից։

Ինչպես տեղեկացնում է Eat this! Not That! պարբերականը, ընդեղենը եւ լոբին համարվում են բջջանյութի հիանալի աղբյուր, որն օգնում է մարսողությանը։ Դրանք ունենում են նաեւ պրեբիոտիկի ազդեցություն, դրանցով սնվում են աղիների մանրէները։

Մասնագետը նաեւ խորհուրդ է տալիս սննդաբաժնում ներառել ավելի շատ հատապտուղներ, որոնք հարուստ են հակաօքսիդանտներով եւ վիտամին С-ով։ Այդ վիտամինը, սննդաբանի կարծիքով, օգնում է նաեւ սնուցել օգտակար մանրէներին եւ նպաստում է բորբոքման նվազեցմանն աղեստամոքսային տրակտում։

Բժշկական գիտությունների դոկտոր Մարի Ռագլսը, իր հերթին, խորհուրդ է տալիս օգտագործել ֆերմենտացված մթերքներ, ինչպիսին են կաթնային յոգուրտը, կիմչին կամ թթվեցրած կաղամբը։ Վերջերս կատարված հետազոտության համաձայն՝ այս մթերքների օգտագործումը բազմազանեցնում է միկրոբիոմը, նվազեցնում բորբոքումն ու բարելավում իմունային պատասխանը։

Մասնագետների խոսքով՝ մեծ քանակությամբ ալկոհոլի եւ մշակված մթերքների օգտագործումը բացասաբար է ազդում աղիների առողջության վրա, ուստի ցանկալի է բացառել այդ մթերքներն ամենօրյա սննդաբաժնից։