Մեղրը և մաշկի խնամքը
Դիտումներ՝ *
11:49 2021-10-25

Հայկական լեռնաշխարհում վեմագիր արձանագրություններ են հայտնաբերվել, որոնք հարուստ տեղեկություններ են տալիս մեղվի մասին։ Արցախի Հադրութի շրջանի Ազոխի գյուղի դամբանաթմբերի պեղումների ժամանակ քարայրերից մեկում հայտնաբերվել են վայրի մեղրի որսով զբաղվող մարդկանց պատկերներ։ Նույն տեղում հայտնաբերվել են նաեւ 300.000 տարի առաջ ապրած մարդու մնացորդներ։ Սյունիքի Ուղտասարի ժայռերին պատկերված մեղվապատկերները թվագրվում են մ.թ.ա. 3-2-րդ հազարամյակներով։

Հույն պատմագիր Քսենոֆոնը մ.թ.ա. 401-400թթ. հայոց լեռնաշխարհով անցնելով` Արմենիա կոչվող երկրում մեղվափեթակներ է տեսել։

Անվանի հույն բժիշկ Հիպոկրատը 2500 տարի առաջ իր «Վերքերի մասին» գրքի մեջ դեղատոմսեր է ներկայացրել, որոնց բաղադրության մեջ մեղրն է եղել։

Հայ իմաստասերներից մեղրի մասին առաջին հիշատակությունը թողել է Ագաթանգեղոսը (5-րդ դար, «Հայոց պատմություն» գրքում)։ Անանիա Շիրակացին (7-րդ դար) Տարոնը ներկայացնում է իբրեւ բարեբեր երկիր՝ նկատելով այնտեղի մեղրի լիությունը։ Մխիթար Հերացին (12-րդ դար) «Ջերմանց մխիթարություն» գրքում եւս մեղր պարունակող դեղատոմսեր է առաջարկում։ 1184թ. Մխիթար Գոշը «Դատաստանագրքում» կանոնավորում է մեղվափեթակների վաճառքը։ 13-րդ դարի առաջին կեսին Կիլիկիայի թագավոր Հեթում արքայի եղբայր սպարապետ Սմբատ Գունդստաբլը դատաստանագիրք է կազմել, որով կանոնակարգվել է մեղրի արտադրությունը եւ վաճառքը։ Հայտնաբերվել են հազարավոր գրավոր եւ առարկայական ապացույցներ Հայաստանում զարգացած մեղվաբուծության վերաբերյալ։

Մեղրը գեղեցկություն եւ առողջություն ընծայող աստվածային պարգեւ է։ Այն բազմաթիվ միկրոտարրեր է պարունակում՝ ալյումինիում, բոր, երկաթ, յոդ, կալիում, կալցիում, կրեմնիում, լիթիում, մագնիում, մանգան, պղինձ, նատրիում, նիկել, անագ, օսմիում, ծծումբ, կապար, տիտան, ֆոսֆոր, քլոր, քրոմ, ցինկ։ Մեղուների կողմից մշակված ծաղկափոշին պարունակում է նաեւ բարիում, վանադիում, վոլֆրամ, ոսկի, իրիդիում, կոբալտ, մկնդեղ, պալադիում, պլատին, արծաթ, ստրոնցիում։

Ի տարբերություն այլ գեղարարական միջոցների՝ մեղրի մեջ պարունակվող նյութերը մաշկի կողմից լիովին յուրացվում են, քանի որ մարդու արյան մեջ պարունակվող 24 միկրոտարրերից 22-ն առկա են մեղվաբուծական մթերքներում։ Մեղրն արգելք է հանդիսանում մաշկի ախտածին շերտի զարգացմանը, հատկապես կործանարար է բշտիկներ եւ կորյակներ առաջացնող մանրէների համար։ Մեղրը կենսաբանորեն ակտիվ մթերք է, այն օգտագործելիս անհրաժեշտ է զգուշություն ցուցաբերել։ Մեղրի պատրաստուկները հակացուցված են ալերգիա ունեցողներին, նաեւ բրոնխների ասթմա, շաքարային դիաբետ եւ սրտային անբավարարություն հիվանդությունների դեպքում։ Չի թույլատրվում նաեւ այն անձանց, ովքեր դեմքին ունեն արյունատար անոթների «աստղիկներ»։

Գեղարարության մեջ մեծ կիրառում ունի նաեւ ծաղկափոշին, որի լատիներեն անվանումն է` պոլենա, եւ որից Լեհաստանում մոտ կես դար առաջ համանուն անվամբ գեղարարական քսուք են սկսել արտադրել («Պոլենա»)։ Ծաղկափոշու հիման վրա պատրաստված միջոցները լավացնում են արյան շրջանառությունը, խթանում մաշկի բջիջների աճը, մաքրում մաշկը եւ բարձրացնում էլաստիկությունը։ Եթե որակյալ ծաղկափոշի ունեք, ապա կարող եք պատրաստել դրա ջրային թուրմը, որն ազատում է մազերը թեփից։ Պատրաստելու համար 1թ./գ. ծաղկափոշին պետք է լուծել 200 մլ եռջրի մեջ եւ թրմել 2-3 ժամ։ Ստացված թուրմով լվանալ մազերը, որոնք կդառնան մետաքսի պես փայլուն։

Հնագույն ժամանակներից մարդիկ իմացել են մեղրամոմի հակաբորբոքային, վերքամոքիչ, փափկեցնող հատկությունների մասին։ Մեղրամոմը պարունակում է 300-ից ավելի տարբեր նյութեր։ Այդ նյութերի 70-75%-ը բարդ եթերային յուղեր են, 13-15%-ը՝ ճարպային թթուներ, 12-17%-ը՝ ածխաջրեր։ Դեղին մեղրամոմի մեջ շատ են ենթավիտամին A-ն, բուրումնավետ, ներկող, հանքային, մանրէասպան նյութերը։ Ենթավիտամին A-ի պարունակությունը կազմում է 8-12 մգ, որն ավելին է, քան նույն զանգվածի գազարի մեջ՝ 2-9 մգ։ Մեղրամոմի կիրառությունը գեղարարության մեջ շատ ընդարձակ է, այն իր բաղադրությամբ մոտ է մաշկի ճարպաշերտին: Մաշկի վրա բարակ շերտ առաջացնելով՝ այն կանխարգելում է ճարպազրկումը, ներծծվում է մաշկի մեջ, փափկեցնում եւ երիտասարդացնում այն։ Տնային պայմաններում մեղրամոմը կարելի է ընդգրկել սնուցող դիմակների մեջ։

Սնուցող-փափկեցնող դիմակ

Closeup on young woman with honey on back holding honey plate

Կավե (կամ ճենապակե) ամանի մեջ լցնել 20 մլ կիտրոնահյութը, 5 մլ 40%-անոց սպիրտը, 10 գ մեղրամոմը, 10 գ կետաճարպը (սպերմացետ)։ Տաքացնել ջրային բաղնիքի վրա, այնքան` մինչեւ մոմը հալչի։ Խառնել։ Դիմակը փափուկ վրձնի օգնությամբ բարակ շերտով քսել դեմքին, 15 րոպե հետո լվանալ գոլ ջրով։

Մաքրող քսուք

15 մլ ջուրը, 25 մլ դեղձի յուղը, 0,5 բորակը, 5 գրամ մեղրամոմը լցնել կավե (կամ ճենապակե) ամանի մեջ, տաքացնել, մինչեւ մոմը հալչի, եւ խառնել։ Օգտագործել գոլ վիճակում։

Սնուցող քսուքներ

– Կավե ամանի մեջ 25 մլ դեղձի յուղ լցնել, 3 գ մեղրամոմ, 6 գ կետաճարպ, 4 գ բժշկական գլիցերին։ Տաքացնել ջրային բաղնիքի վրա՝ մինչեւ մոմը հալչի, ապա խառնել։

Ի դեպ, մեղրով դիմակները թույլատրվում է ամսվա մեջ 2-3 անգամ օգտագործել։ Եվ քսուքները պետք է պահել հով տեղում։

– Մեկ ձվի դեղնուցը խառնեք 1թ/գ մեղրի հետ։ Քսեք դեմքին, պահեք 15-20 րոպե։ Լվացեք տաք ջրով, չորացրեք անձեռոցիկով։ Դիմակը մաքրելուց հետո խոնավացնող քսուք օգտագործեք։ Մի քանի անգամ այսպիսի դիմակներ դնելուց հետո մաշկը թավշյա եւ նուրբ կդառնա։

– 2 ձվի դեղնուցը խառնեք 2.թ.գ. մեղրի եւ 1 թ.գ. նշի յուղի հետ, ավելացրեք ծեծած վարսակալյուր (տոլոկնո), լավ խառնեք մինչեւ միասեռ զանգված դառնա, քսեք դեմքին։ 20 րոպեից հետո մաքրեք դեմքից տաք ջրի մեջ թրջած բամբակե խծուծի օգնությամբ։

Մաշկը փափկեցնող, հարթեցնող դիմակ

Խառնեք 1 ճ.գ. չոր, ծլած եգիպտացորենի ալյուրատիպ դարձած հատիկները, կես կիտրոնի հյութը, հարած դեղնուցը եւ 1 թ.գ. մեղրը։ Քսեք դեմքին, պահեք 20 րոպե։ Լվացեք տաք կաթով։

Չոր մաշկը թարմացնող դիմակ

Քերիչի մանր հատվածով անցկացրեք փոքր մեծության խնձոր, ավելացրեք 1ճ.գ մեղր, 1 դեղնուց, 1 թ.գ. կիտրոնի հյութ եւ 1 թ. գդալ բուսական յուղ։ Խառնեք, քսեք դեմքին, լվացեք 10-15 րոպե հետո։

Ջուլիետա Սահակյան

Աղբյուր՝ 168․am