«Թերևս, միակը, ով պատմել է մարդկային էության մասին այնքան, որքան Դոստոևսկին և Քամյուն». ռեժիսորները՝ Ինգմար Բերգմանի մասին
Դիտումներ՝ *
11:01 2021-10-30

Ժան-Լյուկ Գոդարը, Մարտին Սկորսեզեն, Լարս Ֆոն Տրիերը, Անդրեյ Տարկովսկին և էլի մի շարք ռեժիսորներ՝ Բերգմանի ֆիլմերի, կինոյի վրա նրա թողած ազդեցության և աշխարհի վերաբերյալ յուրահատուկ հայացքի մասին:

Ժան-Լյուկ Գոդար

«Կինոն արհեստ չէ, արվեստ է: Այն երբեք չի ենթադրում թիմային աշխատանք: Դու միշտ միայնակ ես՝ և նկարահանման հրապարակում, և մաքուր թղթի առջև: Բերգմանի համար լինել միայնակ, նշանակում է՝ հարցեր տալ: Իսկ անել ֆիլմ, նշանակում է՝ պատասխանել այդ հարցերին: Ի՞նչը կարող է ավելի ռոմանտիկ լինել»:

Անդրեյ Տարկովսկի

«Կան ռեժիսորների երկու հիմնական կատեգորիաներ: Առաջինը կազմված է նրանցից, որոնք ձգտում են ընդօրինակել այն աշխարհը, որում իրենք ապրում են: Մյուսը կազմված է նրանցից, ովքեր ձգտում են ստեղծել իրենց սեփական աշխարհը: Երկրորդ կատեգորիայի ներկայացուցիչները կինոյի պոետներն են՝ Բրեսոնը, Դովժենկոն, Միձոգուտին, Բերգմանը, Բունյուելը և Կուրոսավան:

Ինձ հետաքրքիր է միայն երկու մարդկանց կարծիքը աշխարհի մասին: Առաջինի անունը Բրեսոն է, իսկ երկրորդինը՝ Բերգման»:

Լարս Ֆոն Տրիեր

«Ես նայել եմ նրա բոլոր ֆիլմերը: Նա ոգեշնչման մեծագույն աղբյուր է ինձ համար»:

Լուկինո Վիսկոնտի

«Չեմ կարող կիսել ոչ նրա տեսակետն աշխարհի վերաբերյալ, ոչ էլ նրա կպչուն մտքերը: Եվ, միևնույն ժամանակ, նա ինձ հետաքրքիր է: Իսկ նրա աշխարհն ինձ համար ավելի հանելուկային է, քան նույնիսկ ճապոնացի ռեժիսորներինը»:

Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա

«Նա իմ անփոփոխ կուռքն է, որովհետև նա իր մեջ մարմնավորվում է կիրք, էմոցիաներ և ջերմություն»:

Մարտին Սկորսեզե

«Ես այսպես կարտահայտվեի՝ եթե դուք ապրել եք 50-60-ական թվականներին, եղել եք դեռահաս և ցանկացել եք կինո նկարել, ուրեմն դուք չեք կարող ենթարկված չլինել Բերգմանի ազդեցությանը»:

Ֆեդերիկո Ֆելինի

«Ես խորապես հիանում եմ նրանով և նրա աշխատանքով, չնայած որ չեմ տեսել նրա բոլոր ֆիլմերը: Նախ՝ նա իր գործի վարպետն է, երկրորդ՝ նա ընդունակ է ամեն ինչ դարձնել խորհրդավոր, ինտրիգային, վառ, երբեմն՝ նույնիսկ վանող: Այդ պատճառով նա իրավունք ունի խոսել այլ մարդկանց մասին և լսելի լինել նրանց կողմից: Նա կարծես միջնադարյան տրուբադուր լինի, կարող է նստել սենյակի կենտրոնում և պատմություններ պատմելով, երգեր երգելով, կիթառ նվագելով, բանաստեղծություններ արտասանելով՝ պահել հանդիսատեսին: Եթե նույնիսկ դուք համաձայն չեք այն ամենի հետ, ինչ նա ասում է, միևնույն է, դուք հաճույք եք ստանում նրանից, թե նա ինչպես է դա անում, ինչպես է տեսնում աշխարհը: Նա ամենակատարյալ կինեմատոգրաֆիստներից մեկն է, ում ես երբևէ տեսել եմ»:

Անի Գաբուզյան

168.am