Աշխարհի ամենաերկար սերիալները
Դիտումներ՝ *
20:42 2021-12-16

Պարզվում է, որ մեզ բոլորիս քաջածանոթ «Սանտա Բարբարա» հեռուստասերիալն ամենևին էլ պատմության ամենաերկարը չէ։ Այս կատեգորիայի սերիալների ցանկում առաջին տեղում ամուր ամրագրվել է ամերիկյան The Guiding Light / «Ուղղորդող լույսը», որի պրեմիերան կայացել է ռադիոյով 1937 թվականին: Այն ընդհանուր առմամբ ունեցել է ավելի քան 15 000 դրվագ։

Այս հոդվածով առանձնացրել ենք աշխարհի ամենաշատ դրվագներ ունեցող սերիալները։

5. The Young and the Restless / Երիտասարդ և հանդուգն / Молодые и дерзкие, 1973 թվականից մինչև մեր օրեր

The Young and the Restless-ը ստեղծել են Ուիլյամ Ջ.-ն և Լի Ֆիլիպ Բելամին: Ամերիկյան այս բազմամաս սերիալն առաջին անգամ ցուցադրվել է 1973 թվականի մարտին՝ հայտնվելով աշխարհի շատ երկրների տարբեր ալիքների եթերներում։ Սերիալի գործողությունները տեղի են ունենում Վիսկոնսին նահանգի Ջենովա Սիթի հորինված քաղաքում։ Պատմությունն ի սկզբանե կառուցվել է Ջենովա Սիթիի երկու հիմնական ընտանիքների՝ Բրուքսների և Ֆոսթերի շուրջ: Հետագայում հերոսները ավելի են շատացել, միջանձնային և միջընտանեկան հարաբերությունները՝ բազմազանացել։

Սերիալն ի սկզբանե հեռարձակվում էր շաբաթական 5 անգամ 30 րոպեանոց դրվագներով։ Իսկ 1980 թվականից սկսած դրվագների տևողությունը կրկնապատկվել է։ The Young and the Restless-ը ամերիկյան հեռուստատեսության ամենաբարձր վարկանիշ ունեցող ցերեկային դրաման է:

4. All My Children / Իմ բոլոր երեխաները / Все мои дети, 1970 — 2011

Սերիալը, որը ստեղծվել է Ագնես Նիքսոնի կողմից և հեռարձակվել է 1970 թվականին, տեղի է ունենում Փենսիլվանիայի Փայն Վելլիում՝ Ֆիլադելֆիայի արվարձաններից մեկում։ Ինչպես նախատեսվում էր, սերիալը պետք է բարձրացներ ժամանակակից հասարակության բոլոր սուր սոցիալական խնդիրները, օրինակ՝ Վիետնամի պատերազմի թեման։ Իսկ Էրիկա Քեյնի գլխավոր դերը մարմնավորած դերասանուհի Սյուզան Լուչին էր, որի կերպարը համարվում է հեռուստատեսության պատմության ամենահայտնի հերոսը։

Սյուժեն կառուցված է Էրիկա Քեյնի ընտանիքի կյանքի շուրջ։ Ի դեպ, 1973 թվականի դրվագներից մեկում գլխավոր հերոսուհի Էրիկան ​​որոշում է ընդհատել հղիությունը. այստեսակ դրվագ առաջին անգամ էր ցուցադրվել հեռուստատեսությամբ։ Բացի այդ, «Իմ բոլոր երեխաները» սերիալն առաջիններից էր, որը խոսեց պլաստիկ վիրաբուժության և դրա հոգեբանական հետևանքների մասին:

3. One Life to Live / Մի կյանք ապրելու համար / Одна жизнь, чтобы жить, 1968 — 2012

Ամերիկյան սերիալը, որը ստեղծվել է նույն Ագնես Նիքսոնի կողմից և առաջին անգամ ցուցադրվել է 1968 թվականի հուլիսի 15-ին ABC հեռուստաալիքով, առաջին հեռուստատեսային դրաման է, որը վեր է հանում ռասայական խտրականությունները և թմրամոլությունը գեղարվեստական ​​Լլանվյու քաղաքի քաղաքացիների միջոցով: Այս սերիալի դրվագների տևողությունը տատանվում էր 29 րոպեից մինչև մեկ ժամ։ Հեռարձակվել է 11․096 սերիա։

2002 թվականին սերիալը արժանացել է «Էմմի» մրցանակի՝ «Լավագույն դրամատիկ սերիալ» անվանակարգում։ 2005 թվականին սերիալը արժանացել է GLAAD Media Awards մրցանակին՝ ԼԳԲՏ խնդիրների լուսաբանման համար։ Բայց 2011 թվականի ապրիլի 4-ին ABC-ն հայտարարեց, որ շոուն կչեղարկվի մոտ 43 տարվա եթերից հետո։ Ի դեպ, դերասանուհի Էրիկա Սլեզակը, ով համարվում է շոուի գլխավոր հերոսուհին, նկարահանվել է բոլոր չորս տասնամյակներին։ Հոլիվուդյան շատ աստղեր իրենց կարիերան սկսել են այս ֆիլմում նկարահանվելով՝ Ջուդիթ Լայթը, Ռոմա Դաունին, Լոուրենս Ֆիշբերնը, Թոմի Լի Ջոնսը, Մարիո Վան Փիբլսը, Ռայան Ֆիլիպը և այլք:

2. As the World Turns / Ինչպես է պտտվում երկրագունդը / Как вращается мир, 1956 — 2010

Ամենաերկար սերիալների շարքում երկրորդ տեղում է «Ինչպես է պտտվում երկրագունդը» սերիալը։ Քսան տարի՝ 1958-1978 թվականներին, այն ամերիկյան ամենադիտվող հեռուստասերիալն էր։ Ընդհանուր առմամբ հրապարակվել է 13,858 դրվագ, նկարի ընդհանուր ժամանակը տևել է մոտ 10,400 ժամ: Մեկ սերիան սկզբում տևում էր 30 րոպե, ինչը նորամուծություն էր, քանի որ մինչ այդ հեռուստասերիալները ցուցադրվում էին 15 րոպեանոց դրվագներով։ Ֆիլմը պատմում է հորինված Օքդեյլ քաղաքի գլխավոր ընտանիքների կյանքի, հոգեբանական որոնումների ու առօրյա խնդիրների մասին։ Պատմելու այս մոտեցումը ստանդարտ է դարձել բոլոր սերիալներում:

Սերիալն աչքի է ընկնում նրանով, որ իր ամբողջ պատմության ընթացքում երբեք չի փոխել այն քաղաքը, որտեղ նկարահանվել և արտադրվել է։ Դրվագները տեղափոխվել են միայն Նյու Յորքի մի շրջանից մյուսը. նկարահանումների առաջին 43 տարիներն անցկացվել են Մանհեթենում, իսկ 1999 թվականից՝ Բրուքլինում:

1․ The Guiding Light / Ուղղորդող լույսը / Путеводный свет, 1937 — 2009

Ինչպես արդեն նշվեց, 15 հազար դրվագների ընթացքում հեռուստադիտողները հետևել են հերոսների կյանքի վերելքներին և վայրէջքներին. այս նվաճումը նշվում է Գինեսի ռեկորդների գրքում: Սկզբում սյուժեն, որը գրել էր նախկին ուսուցչուհի Իրնա Ֆիլիպսը, կառուցված էր Չիկագոյի ​​արվարձանում ապրող քահանայի շուրջ, բայց հետո ավելի ու ավելի շատ կերպարներ հայտնվեցին։ Ժամանակի ընթացքում «Ուղղորդող լույսը» դարձավ ամերիկյան վեց ընտանիքների պատմություն, որոնք կապված են ամենաբարդ հարաբերություններով: Իսկ սցենարիստ Իրնա Ֆիլիպսը սերիալային ժանրի հիմնադիրներից էր։

2009 թվականի ապրիլին CBS-ի ղեկավարները հեռուստադիտողներին տեղեկացրին, որ սերիալը չեղարկվելու է ցածր վարկանիշի պատճառով։ Վերջին դրվագը հեռարձակվել է 2009 թվականի սեպտեմբերի 18-ին։

Ամենաընթերցված