Իլոն Մասկը՝ չիպավորման, Մարս տեղափոխվելու և վիրտուալ օրգազմի մասին
Դիտումներ՝ *
10:37 2021-11-02

Իլոն Մասկը հաճախ է մասնակցում փոդքասթների և խոսում իր ապագա պլանների, այլ մոլորակները գրավելու և սպասվելիք փոփոխությունների մասին։

Տիեզերք թռչելու, Մարսի վրա բունկեր կառուցելու և բազմամոլորակային կյանքի մասին

«Երկու տարի հետո Starship-ը կանոնավոր թռիչքներ կկատարի մարդկանց հետ: Մենք կկարողանանք ուղեծրային թռիչքներ իրականացնել անվտանգ վայրէջքի մեծ հավանականությամբ։ Այս տարի մենք պետք է ուղեծիր դուրս գանք։ Դա է մեր նպատակը:

Մենք փորձում ենք կյանքը դարձնել բազմամոլորակային՝ կյանք բերել Երկրից այն կողմ: Որպեսզի մեզ հաջողվի, մենք պետք է կարողանանք մեծ քանակությամբ բեռ հասցնել Մարս։ Դրա համար կպահանջվի մեծ հրթիռ և շատ թռչել:

Մեր գիտակցության ընդլայնումը կօգնի մեզ հասկանալ Տիեզերքը, հասկանալ, թե ինչու ենք այստեղ, որտեղից ենք եկել, ուր ենք գնում: Կյանքի իմաստը հասկանալու համար մենք պետք է առաջ մղենք գիտակցության սահմանները՝ լինի դա թվային, թե ապագայում՝ կենսաթվային: Մենք պետք է անցնենք առնվազն մեկ մեծ ֆիլտրի միջով, որպեսզի դառնանք բազմամոլորակային տեսակ՝ բոլոր տեսակները, որոնք չեն դարձել բազմամոլորակ, իրականում պարզապես նստած սպասում են հաջորդ անհետացմանը: Ինչպիսի՞ ապագա ենք մենք ուզում: Որտե՞ղ ենք մենք ճանապարհորդում աստղերի միջով, թե՞ որտեղ ենք ընդմիշտ կապված Երկրի հետ: Ես ընտրում եմ գալակտիկան ուսումնասիրելը:

Մենք պետք է դառնանք բազմամոլորակային տեսակ, քանի դեռ ուշ չէ: Ինչո՞ւ ոչ։ Դա հիանալի է, և նույնիսկ եթե դուք ինքներդ չեք թռչում, կարող եք հեռուստացույցով դիտել, թե ինչպես են դա անում ուրիշները: Մասնակցությունն ընտրովի չէ, հատկապես, եթե այն վտանգավոր է: Երբեմն մարդիկ կարծում են, որ Մարսը նման բունկեր կդառնա հարուստների համար, բայց դա այդպես չէ: Երկրի վրա կյանքի հետ կապված մահվան մեծ ռիսկ կա, սնունդը, ամենայն հավանականությամբ, մեծ չի լինի, և դուք դեռ ստիպված կլինեք շատ աշխատել:

Չիպավորման, Neuralink-ի և վիրտուալ օրգազմի մասին

«Դժվար կլիներ պարզապես ինչ-որ մեկին գցել գետնին, Neuralink-ը մտցնել նրա գլխի մեջ և ասել՝ փաստորեն, շատ պայմանագրեր պետք է ստորագրվեն: Մենք հենց այնպես չենք օգտագործի չիպերը։ Մենք առաջին հերթին կօգնենք ուղեղի լուրջ վնասվածքներ ունեցող մարդկանց: Առաջին բաներից մեկը, որի վրա մենք կենտրոնանում ենք, դա այն է, թե ինչպես օգնել ամբողջությամբ պարալիզացված  մարդկանց, ինչպես նրանց տալ իմպլանտ, որը թույլ կտա նրանց կառավարել համակարգիչը կամ սմարթֆոնն առանց լարերի: Այս մարդիկ լիովին նորմալ տեսք կունենան, իսկ դուք երբեք չէիք էլ իմանա, որ նրանց գլխում չիպ կա: Մեր առաջնային նպատակը, որի վրա մենք աշխատում ենք, լուրջ վնասների դեպքում մարմնի ֆունկցիոնալությունը վերականգնելն է: Ես խաղացել եմ Cyberpunk, և դա իսկապես ինձ մի փոքր հիշեցնում է, թե ուր ենք գնում: Բայց այս փուլում մեր նպատակն է՝ օգնել մարդկանց, ովքեր իսկապես դրա կարիքն ունեն:

Ինձ դուր է գալիս մարդ լինել: Փայտե սեղանի շուրջ նստելը և վիսկի խմելը շատ մարդկային փորձ է, բայց ժամանակի ընթացքում այդ ամենը կհնանա: Աստիճանաբար մենք նույնպես կվերածվենք այլմոլորակայինների՝ մեծ գլուխներով և փոքրիկ մարմիններով: Զգացմունքները կդառնան վիրտուալ և կգերազանցեն իրականը։ Վիրտուալ օրգազմը սովորականից հարյուրավոր անգամ ավելի լավ կլինի»։

Անձնական տվյալների առևտրի և արհեստական ​​ինտելեկտի մասին

«Ինձ անհանգստացնում է, որ Google-ը մշտապես հետևում է Android հեռախոսներին: Սրանից հնարավոր չէ խուսափել: Ես մեծ երկրպագու եմ այն ​​բանի, թե ինչ է անում Թիմ Կուկը, թե ինչպես է նա վերացնում մարդկանց անընդհատ հետևելու և օգտագործողի տվյալները հավաքելու սովորությունը: Այս պատերազմը Կուկի և Facebook-ի միջև… Ես շատ եմ սիրում, որ նա դուրս է գալիս և ասում՝ Facebook-ը բարդ է, երբ ասում է, որ՝ դուք այս որոշումներով սպանում եք փոքր բիզնեսը: Տղաներ, մենք չենք սպանում փոքր բիզնեսը, մենք սպանում ենք մի հսկայական բիզնես, որը որոշել է միլիարդներ խլել՝ հավաքելով և օգտագործելով դրանից օգտվողների տվյալները, ովքեր նույնիսկ չէին կասկածում, որ այդ տվյալներն արժեք ունեն:

Մենք չունենք արհեստական ​​ինտելեկտը վերահսկող կազմակերպություններ: Կարծում եմ՝ սա ամենամեծ իրական սպառնալիքներից մեկն է։ Ինչ-որ մեկը պետք է հոգ տանի այս մասին:

Շատ ընկերություններ շտապել են զարգացնել արհեստական ​​ինտելեկտը, ուստի խորհուրդ եմ տալիս ստեղծել ինչ-որ կարգավորող մարմին: Ես այն գաղափարի կողմնակիցը չեմ, որ կառավարությունը պետք է իր վրա վերցնի մի շարք բաներ: Իրականում շատ հաճախ ավելի լավ է, որ կառավարությունը ոչինչ չանի: Կարծում եմ՝  կառավարության դերը դաշտում արբիտր լինելն է: Իրավարարները նյարդայնացնում են, բայց առանց նրանց ավելի վատ է, քան նրանց հետ։

Կայուն էներգիայի և ածխածնի հարկի մասին

«Երբ ես մտածում եմ Tesla-ի առավելությունների մասին, ես միշտ մտածում եմ այն ​​մասին, թե որքանով ենք մենք կարողացել արագացնել կայուն էներգիայի զարգացումը: Ամեն դեպքում մենք դրան կհասնեինք, բայց ինձ թվում է, որ Tesla-ն հանդես էր գալիս՝ որպես մի տեսակ շարժիչ: Ահա թե ինչպես է պետք գնահատել մեր հաջողությունը՝ տարիները, որոնք մենք խնայել ենք կայուն էներգիայի հասնելու ճանապարհին:

Կայուն էներգիայի գաղափարն անխուսափելի է և բացարձակ տրամաբանական։ Կամ մենք կունենանք կայուն էներգիա, կամ քաղաքակրթությունը կավարտվի:

Մենք ունենք չհաշվարկված արտաքին գործոններ (տնտեսական գործունեության արտաքին հետևանքներ, որոնք ինչ-որ կերպ ազդում են մյուս կողմի վրա)՝ օվկիանոսում և մթնոլորտում ածխածնի կոնցենտրացիայի տեսքով: Դա նման է աղբահանության համար չվճարելուն։

Շնորհիվ այն բանի, որ մենք չենք վճարում ածխածնի համար օվկիանոսում և մթնոլորտում, մենք ստանում ենք այն, ինչ տնտեսությունում կոչվում է չհաշվարկված արտաքին ազդեցություն: Շուկան չի կարող արձագանքել չհաշվարկված արտաքին ազդեցություններին, իսկ եթե մենք նշում ենք արժեքը, շուկան համարժեք կարձագանքի: Եթե ​​ընդհանրապես գին չլինի, ապա շուկան չի արձագանքի։ Ոչ ոք չի սպասում, որ նա արձագանքի։ Կարծում եմ, որ կարևոր որոշումը կլինի ածխածնի հարկ սահմանելը: Ամեն դեպքում, մենք ստիպված կլինենք բավականին երկար ժամանակ այրել հանածո վառելիք, և միակ հարցն այն է, թե որքան արագ ենք մենք շարժվում դեպի կայուն էներգետիկ ապագա»:

Սիրարփի Աղաբաբյան

168.am