2021-ին հայտնաբերված ամենաարժեքավոր իրերը
Դիտումներ՝ *
15:22 2021-12-12

Հնագետները հաճախակի պատմական հայտնագործություններ են անում պեղումների ժամանակ, երբեմն էլ համաշխարհային մշակութային ժառանգության համար մեծ արժեք ներկայացնող իրերի հայտնագործությունները պատահական են լինում: Այս մասին գրում է CNN-ը՝ ներկայացնելով 2021 թվականին արված նման բացահայտումներից մի քանիսը:

Մատանի՝ խումարը կանխելու համար

Մանուշակագույն ամեթսիտով ոսկյա մատանին, որը հայտնաբերվել է իսրայելական Յավնե քաղաքում նոյեմբերին արված պեղումների ժամանակ, հավանաբար, կրում էին խումարը կանխելու համար: Այն հայտնաբերվել է այն վայրում, որտեղ նախկինում մեծ գինեգործարաններ էին գտնվում: Մատանու տերը հավանաբար հարուստ բյուզանդացի է եղել, որն ապրել է 3-7-րդ դարերում:

Հնագույն քաղաք

Տարվա մեծագույն բացահայտումներից մեկը 3000-ամյա քաղաքի ավերակներն են, որն ամենամեծն է Եգիպտոսում հայտնաբերվածներից: Այն հայտնաբերվել է ավազների տակ:

Լուքսորի արևմտյան ափին հնագետները պեղումներ են իրականացրել 2020 թվականի աշնանից սկսած: Նշվում է, որ այն կարևորությամբ երկրորդ հայտնագործությունն է համարվում Թութանհամոնի դամբարանից հետո:

Խոզի գունավոր պատկերը

Ինդոնեզիայի Սուլավեսի կղզու քարանձավում հայտնաբերվել է խոզի փորագրված պատկերը, որը համարվում է կենդանու ամենահին և պահպանված նկարը: Քարանձավում հայտնաբերված տեսարանը, որն ըստ հնագետների առնվազն 45 000 տարեկան է, պատկերում է 3 հնագույն խոզ, որոնք հայտնի էին եղջյուրանման ելուստով: Ըստ երևույթին, կենդանիներից երկուսը մենամարտում են, իսկ երրորդը նայում է մյուսի երկուսի կռիվը:

Ոսկյա դիմակ՝ զոհաբերության վայրում

Հունիսին հայտնաբերված ոսկյա, թեթև դիմակը մեկն էր 500 հնագույն իրերից, որոնք ի հայտ են եկել Չինաստանի հարավարևելյան շրջանում իրականացված պեղումների ժամանակ: Խոսքտ հնագիտական վայրի մասին է, որը զոհաբերության վայր է եղել Չենդու քաղաքի մոտակայքում: Ըստ մասնագետների՝ այն պատկանել է Շան դինաստիային, որն իշխանությունն ավարտվել է Քրիստոսի առաջ 1046 թվականին:

Փոքրիկ ուլունքներ՝ պատմական արմատներով

Գիտնականները պարզել են, որ հապալասի մեծությամբ վենետիկյան ուլունքները, որոնք հայտնաբերվել էին Ալյասկայում 2000-ականներին, առաջին հայտնի եվրոպական արտադրության իրերն են եղել Հյուսիսային Ամերիկայում, որոնք մայրցամաքում հայտնվել են նախքան Քրիստափոր Կոլումբոսի ուղևորությունն Ատլանտյան օվկիանոսով: Մասնագետները պարզել են, որ դրանք կարող էին Ամերիկա հասնել 1440-1480 թվականներին: Դա նշանակում է, որ վենետիկյան ուլունքները կարող էին Ալյասկա հասնել Մետաքսի ճամապարհով՝ դեպի Չինաստան ուղևորության ժամանակ:

Tert.am