Մոնսերատ Կաբալյե. «Կյանքում չպետք է ոչնչից հրաժարվել»
Դիտումներ՝ *
21:48 2021-12-10

Աշխարհի ամենահայտնի սոպրանո, բելկանտոյի տեխնիկայի վարպետ, լեգենդար Մոնսերատ Կաբալյեն թեև հիմնականում կատարել է դասական ստեղծագործություններ, սակայն բազմաթիվ անգամներ հանդես է եկել աշխարհահռչակ փոփ-աստղերի հետ: Աշխարհահռչակ «Queen» ռոք խմբի հանգուցյալ լիդերը` Ֆրեդի Մերկուրին, օպերային դիցուհու հավատարիմ երկրպագուներից մեկն էր և հաճախ էր Մոնսերատ Կաբալյեի համար գրում երգեր, նույնիսկ պիեսներ, որոնցից ամենահայտնին է «Exercises in Free Love»-ը: Իսկ երկու աստղերի միացյալ հիթը`«Barcelona»-ն, որը նվիրված էր Կաբալյեի հարազատ քաղաքին, դառնում է 1992թ. Կատալոնիայի մայրաքաղաքում անցկացվող Ամառային օլիմպիական խաղերի պաշտոնական հիմնը: Ինչպես թերթերն էին այն ժամանակ գրում՝ «Մերկուրին և Կաբալյեն իրենց կոլորիտային կատարմամբ գրեթե պայթեցրին մարզահամալիրը»:

Այսօր էլ, չնայած իր տարիքին, Մոնսերատ Կաբալյեն հիանալի տեսք ունի և մինչ օրս բազմաթիվ համերգների է մասնակցում: Հունիսի 9-ին երգչուհին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համերգ կունենա Երևանում՝ Ա. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Վերջին տարիներին մամուլում լուրեր էին շրջանառվում, թե երգչուհին ավարտում է ստեղծագործական իր կարիերան, սակայն վերջին հարցազրույցներից մեկում Կաբալյեն հերքել է այդ լուրերը՝ ասելով, որ երգելու է՝ ինչպես նախկինում, և պատրաստ է բեմական կերպարների ամենանուրբ դետալների վրա աշխատելու:

Առաջին հայացքից

Մոնսերատ Կաբալյեն (ամբողջական անունը` Մարիա դե Մոնսերատ Վիվիանա Կոնսեպսիոն Կաբալյե և Ֆոլկ) ծնվել է 1933թ. ապրիլի 12-ին Բարսելոնայում: Նրա հայրն աշխատում էր քիմիական պարարտանյութերի ձեռնարկությունում, իսկ մայրը գումար էր աշխատում՝ որտեղ կարողանում էր: «Մեր ընտանիքում միշտ թագավորել է անհույս աղքատությունը,- պատմում է երգչուհին,- բայց դեռ այն ժամանակ ես երազում էի երգչուհի դառնալու մասին: Դեռ վաղ մանկությունից սիրում էի ռադիոյով երաժշտություն լսել: Իսկ յոթ տարեկանում ծնողներս առաջին անգամ ինձ տարան օպերա լսելու, և տիկին Բաթերֆլայի մահն այնպես ինձ ցնցեց, որ տուն վերադարձի ամբողջ ճանապարհին արտասվում էի: Սակայն այս ամենը միայն արցունքներով չավարտվեց, ես սովորեցի գլխավոր հերոսուհու արիան և որոշում կայացրեցի դառնալ օպերային երգչուհի` հարուստ և ճանաչված»:

8 տարեկանում Մոնսերատ Կաբալյեն ընդունվում է Բարսելոնայի լիցեյ, իսկ 14 տարեկանում դասեր է վերցնում այն ժամանակվա լավագույն մասնագետների մոտ: Այդ ընթացքում Մոնսերատ Կաբալյեն նաև յուրացնում է առևտրի էքսպերտի մասնագիտությունը: Որոշ ժամանակ անց, սակայն, դժբախտություն է պատահում` նրա հայրը հիվանդանում է և ստիպված է լինում աշխատանքը թողնել: Աղջիկը պետք է օգներ ծնողներին: Շարունակելով ուսումը` Մոնսերատն աշխատում էր վաճառողուհի, ձևարար, դերձակ, սպասավոր, դայակ, վաճառքի համար կարում էր թաշկինակներ, և այդ ամենի հետ՝ ժամանակ էր գտնում անգլերեն և ֆրանսերեն լեզուներ սովորելու համար:

Ընտանիքում դժվարությունները չեն վերջանում, սակայն, չնայած դժվարություններին, Մոնսերատը Բելտրան Մաթա մեկենաս և արվեստների սիրահար ամուսինների տուն է հաճախում: Հենց այս մարդիկ են աջակցում աղջկան՝ նրան առաջարկելով նպաստ, որով նա կարող էր շարունակել հետագա կրթությունը: 1954թ. Կաբալյեն ոսկե մեդալով ավարտում է Բարսելոնայի լիցեյը, և նույն տարում Բելտրան Մաթա ամուսինները պնդում են, որպեսզի նրանց լավագույն աշակերտուհին ուսումը շարունակի Իտալիայում: Նրանք հանձնարարական նամակ են ուղարկում հանրաճանաչ բարիտոն Ռայմունդո Տորեսին և վճարում բոլոր ծախսերը: Շնորհիվ Տորեսի՝ Մոնսերատին լսում է Սիցիլիանին` Ֆլորենցիայի Maggio Fiorentino-ի տնօրենը, և նրան ընդունում է իր թատրոն: Այդ ժամանակ ոչ հայտնի աղջկա առաջին ելույթին ներկա է լինում Բազելի օպերային թատրոնի տնօրենը և հիանալով Մոնսերատի ձայնային տվյալներով՝ առանց երկար-բարակ մտածելու, աղջկան առաջարկում է երեք տարով պայմանագիր կնքել: 1956թ. Մոնսերատ Կաբալյեն տեղափոխվում է Շվեյցարիա, որտեղ ընդունվում է Բազելի օպերային թատրոն:

Երգչուհին միջազգային ճանաչման է հասնում 1965թ., երբ նրան առաջարկում են Նյու Յորքի «Կարնեգի սրահում» փոխարինել օպերային դիցուհի Մերիլին Հորնին «Լուկրեցիա Բորջիայում» (իտ.՝ Lucrezia Borgia, իտալացի երգահան Գաետանո Դոնիցետիի օպերա երկու գործողությամբ նախերգով)՝ համանուն կերպարում: Հանդիսատեսը, որը սովոր էր լսելու միայն հայտնի երգչուհիների կատարումները, շունչը պահած լսում էր անծանոթ երգչուհու առաջին արիան և նրան ծափահարում մոտ 20 րոպե: Այդ օրվանից Կաբալյեի կյանքը կտրուկ փոխվում է: Նրա ելույթներից ոչ մեկն աննկատ չի մնում: Նա երգում է այնպիսի պատմական նշանակության վայրերում, ինչպիսիք են Կրեմլի Մեծ սյունազարդ դահլիճը, Վաշինգտոնի Սպիտակ տունը, Նյու Յորքի ՄԱԿ-ի Ասամբլեայի գլխավոր դահլիճը, Պեկինի ազգային դահլիճը, և այլն: 1974թ. Մոնսերատ Կաբալյեն դառնում է ՄԱԿ-ի պատվավոր դեսպան և ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան: Նա ելույթ էր ունենում այնպիսի դիրիժորների հետ, ինչպիսիք են Բերնստայնը, Կարայանը, Լիվայնը, Մետան, Սոլտին, և նշանավոր երգիչների` Խոսե Կարերասի, Պլաչիդո Դոմինգոյի, Մերիլին Հորնի, Ալֆրեդո Քրաուսի և Լուչանո Պավարոտիի հետ:

Ինչպես շատ վոկալիստներ, այնպես էլ Կաբալյեն, ի վերջո, հաստատվում է Լա Սկալա թատրոնում: 1970թ. նա այդ բեմի վրա կատարում էր Բելինիի «Նորմա» օպերայի գլխավոր հերոսուհու` Նորմայի պարտիան: 1974թ. Մոնսերատն այդ դերով հանդես եկավ նաև Մոսկվայում: Ի դեպ, երգչուհին ԽՍՀՄ-ում առաջին անգամ եղել է 1959թ.: Այդ ժամանակ դեռևս մեծ ճանաչում չունեցող երգչուհին այցելել էր իր դստեր՝ Մոնսիտայի հետ և փորձում էին գտնել Մոնսերատի հարազատ եղբորը, ով Իսպանիայի քաղաքացիական պատերազմից հետո Ֆրանկոյի ֆիտատուրայից փախչելու նպատակով հայրենակիցների հետ էմիգրացիայի էր ենթարկվել:

Մոնսերատ Կաբալյեն օգնել է սկսնակ օպերային երգիչ Խոսե Կարերասին` նրան իր հետ բեմ բարձրացնելով և ներգրավելով «Նաբուկկո» և «Լուկրեցիա Բորջիա» օպերաներում: Եվ միայն այս կատարումներից հետո է Խոսեն դառնում հաջողակ և հանրաճանաչ: Հետագայում, երբ երգիչը հիվանդանում է լեյկեմիայով, Մոնսերատը նրան ամեն կերպ օգնում է պայքարել հիվանդության դեմ և նրա համար կազմակերպում է համերգ Բարսելոնայի գլխավոր հրապարակում: Եվ այն, որ երգիչը կրկին կարողանում է վերադառնալ բնականոն աշխատանքի, օպերային դիցուհի Կաբալյեի բարի կամքի շնորհիվ է լինում: «Կյանքում չպետք է ոչնչից հրաժարվել: Կյանքն աշխարհի ամենալավ համալսարանն է»,- ասում է Մոնսերատ Կաբալյեն:

Բնավորության յուրահատուկ գծերը

Եթե աշխատանքում Կաբալյեն շատ հավաք է և լուրջ, ապա անձնական կյանքում հակառակն է: 1964թ. Մոնսերատը ուշանում է օպերային երգիչ Բերնաբե Մարտիի հետ պսակադրության արարողությունից: Չնայած դրան, այս զույգը մինչ օրս ապրում է երջանիկ, խաղաղ և ներդաշնակ: 1972թ. ծնվում է նրանց դուստրը` Մոնսերատ Մարտին, այնուհետև նրանց որդին` Բերնաբե Մարտին: Այս անունների ընտրությունը պատահական չէ, քանի որ, ըստ Իսպանիայում տարածված ավանդույթի` աղջիկները ժառանգում են մոր անունը, իսկ տղաները` հոր: Կաբալյեի դուստրն ընտրել է մոր ստեղծագործական ուղին և այսօր Եվրոպայում հայտնի օպերային երգչուհի է: Երևանյան այս համերգում նա հանդես կգա մոր հետ:

Մոնսերատ Կաբալյեի գործընկերներն ասում են, որ նա սարսափելի է զայրույթի պահին: «Կյանքը թատրոնում հեշտ չէ, այստեղ չպետք է ցույց տալ թուլություն, ենթարկվել ուրիշի կամքին և ներել ոչ պրոֆեսիոնալ պահվածքը»,- խոստովանում է երգչուհին: Կաբալյեն կարող է ներողություն խնդրել, եթե իսկապես սխալ է: Չնայած բռնկուն խառնվածքին` Կաբալյեն թեթև բնավորությամբ մարդ է, միշտ գոհ է կյանքից, ուրախ է և ունի հումորի հիանալի զգացում: Նա մեծահոգի և բարեսիրտ է՝ ի տարբերություն օպերային շատ ու շատ երգիչ-երգչուհիների:

Ապրելու ցանկությունը

Կաբալյեն երբեք չի մտահոգվել մարմնակազմի՝ գիրության պատճառով: Տարիներ առաջ նա ենթարկվել էր ավտովթարի, որի արդյունքում ուղեղի մի մասն ապաճում է, և օրգանիզմի ճարպերի այրման համար պատասխանատու համակարգը դադարում է աշխատել: Այդ իսկ պատճառով՝ մեկ բաժակ ջուր խմելը նրա համար հավասարազոր է մի մեծ կտոր թխվածքաբլիթ ուտելուն: Սակայն նույնիսկ այդ խնդիրը չի կարողանում ընկճել լավատես օպերային երգչուհուն: Նա մեծ լավատես է: «Այն, ինչ ճակատիդ գրված է, պետք է սովորես դրանով ապրել»,- մի անգամ ասել է Մոնսերատ Կաբալյեն:

Բժիշկները ընտրել են նրա համար համապատասխան դիետա` նա չի օգտագործում ալկոհոլ, սնվում է մրգերով և բանջարեղենով և շատ գոհ է իր առողջական վիճակից: «Ի վերջո, ամեն ինչ կարող էր շատ ավելի տխուր վերջանալ»,- ասում է երգչուհին: Մոնսերատը նաև հզոր կամքի տեր մարդ է: Ավտովթարից հետո գիպսով «պարուրված» երգչուհին չի լքում բեմը: Վերոնայի օպերայի «հաշմանդամ» դարձած երգչուհուն օգնության է հասնում հագուստի ձևավորող Դամիանո Դամիանին: Նրա մտահղացմամբ կարվում է լայն թևքերով մի զգեստ, որի տակից չեն երևում հենակները, և Մոնսերատը կարողանում է բեմի վրա քայլել`թույլ չտալով հանդիսատեսին նույնիսկ գլխի ընկնել իր առողջական վիճակի մասին: Բեմի վրա էին նաև Ելիզավետա Վալուայի ժամանակաշրջանին բնորոշ կանացի հագուստ կրող բուժքույրերը, ովքեր ֆորսմաժորի, անհրաժեշտության դեպքում պետք է օգնություն ցուցաբերեին Մոնսերատին:

Հետաքրքիր փաստեր

Մոնսերատ Կաբալյեն սիրում է զբաղվել լողով, զբոսնել և մեքենա վարել: Կաբալյեի համար կյանքի իմաստն իր ընտանիքն է: 1973թ. Չիկագոյում «Մարիա Ստյուարտի» փորձի ժամանակ Մոնսերատն իմանում է, որ որդին վատառողջ է: Սկզբում նա կարծում էր, որ տղայի մոտ սովորական հարբուխ է, սակայն որդու առողջական դրությունը վատանում է: Եվ թեև առաջիկա 6 ներկայացումների համար բոլոր տոմսերն արդեն գնված էին, բայց Կաբալյեն նախընտրում է լինել որդու կողքին: Նա անմիջապես գալիս է Իսպանիա և շատ ճիշտ որոշում է կայացնում: Մորը և որդուն սպասվում էին 3 սարսափելի օրեր, որից հետո միայն տղան սկսում է աստիճանաբար ապաքինվել: Չիկագոյի թատրոնի ադմինիստրացիան դատի է տալիս երգչուհուն, սակայն դատը չի շահում:

Մոնսերատի մայրը նրան անվանակոչել էր՝ ի պատիվ Մոնսերատի Սուրբ Կույս Մարիամի: Բանն այն է, որ Մոնսերատը տեղի կատալոնական լեռան անունն է, և այդ ժամանակահատվածում, ինչպես նաև վերածննդի դարում ստեղծագործող անհատականություններին կոչում էին տեղանուններով:

Պատրաստեց ՇՈՂԵՐ ԳԱԼՍՏՅԱՆԸ

168.am