«Դուք այլևս հաճախորդ չեք։ Դուք ապրանք եք»․ Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Կուկ
Դիտումներ՝ *
18:15 2021-11-27

Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Կուկը հրապարակային ելույթներում հաճախ է անդրադառնում տեխնոլոգիաներին, տվյալների արժեքին և ապագային։

Տվյալների պաշտպանության մասին

«Ինչ վերաբերում է անձնական կյանքին, ապա, կարծում եմ, սա 21-րդ դարի գլխավոր խնդիրներից մեկն է։ Այն հավասար է կլիմայի փոփոխությանը։

Էթիկական արհեստական ​​ինտելեկտը նույնքան կարևոր է, որքան անձնական տվյալների էթիկական հավաքագրումը: Չես կարող կենտրոնանալ մի բանի վրա՝ այս երևույթները սերտորեն կապված են և այսօր առաջնային նշանակություն ունեն:

Ապատեղեկատվության և դավադրության տեսությունների ժամանակ, որոնք սնվում են ալգորիթմներով, մենք այլևս չենք կարող թաքնվել այն տեսության հետևում, որ տեխնոլոգիայի ոլորտում ցանկացած փոխազդեցություն բարի է, որպեսզի հնարավորինս շատ տվյալներ հավաքենք: Չի կարելի թույլ տալ, որ սոցիալական դիլեման վերածվի սոցիալական աղետի։

Տեխնոլոգիան կարիք չունի հսկայական քանակությամբ անձնական տվյալների՝ միավորված տասնյակ կայքերի և հավելվածների կողմից: Առանց դրա գովազդը գոյություն ուներ ու ծաղկում էր տասնամյակներ շարունակ:

Թվում է, թե որևէ տեղեկություն այլևս խիստ գաղտնի կամ խիստ անձնական չէ, և հնարավոր է հետևել, մոնետիզացնել և խմբավորել այդ տեղեկությունները՝ ձեր ողջ կյանքի համապարփակ վերլուծությունը ստանալու համար: Հիմնական բանն այն է, որ դուք այլևս հաճախորդ չեք, դուք ապրանք եք։

Թվային գաղտնիություն չունեցող աշխարհում, նույնիսկ, եթե դու ոչ մի սխալ բան չես արել, բացի այլ կերպ մտածելուց, սկսում ես գրաքննել ինքդ քեզ: Սկզբում քիչ-քիչ։ Քիչ ռիսկի ենթարկիր, քիչ հուսա, քիչ երազիր, քիչ ծիծաղիր, քիչ ստեղծիր, քիչ փորձիր, քիչ խոսիր, քիչ մտածիր»:

Տեխնոլոգիաների կարգավորման մասին

«Կարծում եմ, որ GDPR-ը (անձնական տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգը, որն ընդունվել է ԵՄ-ում 2018 թվականին) դարձել է հիանալի հիմնարար դիրքորոշում։ Այն պետք է ընդունվի ամբողջ աշխարհում։ Եվ հետո, հիմնվելով GDPR-ի վրա, մենք պետք է այն տեղափոխենք հաջորդ մակարդակ:

Մեզ պետք է, որ ամբողջ աշխարհում կառավարությունները միանան մեզ և առաջարկեն միասնական գլոբալ ստանդարտ անձնական տվյալների պաշտպանության համար՝ կարկատած վերմակի փոխարեն»:

Տեխնոլոգիան պետք է կանոնակարգվի։ Այժմ չափազանց շատ են օրինակները, որտեղ սահմանափակումների բացակայությունը մեծ վնաս է հասցրել հասարակությանը»։

Կապիտոլիումի գրոհի և հասարակության բևեռացման մասին

«Տեխնոլոգիան կարող է օգտագործվել առաջընթաց գրանցելու, ջանքերը օպտիմալացնելու և երբեմն մարդկանց մտածելակերպը շահարկելու համար: Այս դեպքում (2021 թվականի հունվարի 6-ին Կապիտոլիումի գրոհի ժամանակ) դրանք ակնհայտորեն օգտագործվեցին ի վնաս։ Պետք է ամեն ինչ անենք, որ նման բան չկրկնվի։ Հակառակ դեպքում ինչպե՞ս ենք ավելի լավը լինելու։

Վաղուց ժամանակն է դադարեցնել ձևացնելը, թե տեխնոլոգիաների կիրառման մեր մոտեցումը չի վնասում՝ հասարակության բևեռացում, վստահության կորուստ և, այո, բռնություն:

Ի՞նչ հետևանքներ կունենա այն, որ հազարավոր օգտատերեր միանան ծայրահեղական խմբերին, և հետո ալգորիթմը նրանց ավելի շատ խորհուրդ տա հետևել նույն համայնքներին»։

Apple-ի մասին

«Ես համոզված եմ, որ կգա մի օր, երբ մենք հետ կնայենք և կասենք՝ Apple-ի ամենամեծ ներդրումը մարդկային զարգացման գործում առողջապահությունն է:

Apple-ը երբեք հավատարիմ չի եղել օգտատերերի ժամանակն առավելագույնս օգտագործելուն: Եթե ​​դուք ձեր հեռախոսին ավելի շատ եք նայում, քան ուրիշների աչքերին, ապա դուք սխալ բան եք անում:

Այսօր տեխնոլոգիայի հիմնական խնդիրներից մեկը հարթակների կողմից կատարվողի համար պատասխանատվության բացակայությունն է: Մենք միշտ պատասխանատվություն ենք կրում։

Մենք օգտագործում ենք եզակի ինժեներական լուծումներ՝ խուսափելու տոննաներով տվյալներ հավաքելուց՝ դա հիմնավորելով այն փաստով, որ դա մեզ անհրաժեշտ է մեր աշխատանքը կատարելու համար»։

Ապագայի մասին

Silhouette illustration of a man jumps from past to future

«Մեր ապագան կլցվի՞ նորամուծություններով, որոնք կյանքը կդարձնեն ավելի լավը, ավելի հագեցած և ավելի մարդասեր: Թե՞ այն լցված կլինի գործիքներով, որոնք սպասարկում են ավելի ագրեսիվ նպատակային գովազդներ։

Եթե մենք նորմալ և անխուսափելի ընդունենք, որ մեր կյանքում ամեն ինչ կարելի է վաճառել կամ հրապարակել համացանցում, ապա մենք կկորցնենք շատ ավելին, քան մեր տվյալները: Մենք կկորցնենք մարդ լինելու ազատությունը։

Մեր խնդիրները՝ տեխնոլոգիան, քաղաքականությունը, ցանկացած տեղ, մարդկային խնդիրներ են: Եդեմի պարտեզից մինչև մեր օրերը հենց մարդկությունն է, որ մեզ ներքաշել է այս քաոսի մեջ, և հենց մարդկությունն էլ պետք է մեզ դուրս բերի:

Մի՛ փորձիր ընդօրինակել քեզանից առաջ եկած մարդկանց՝ ընդունելով քեզ համար անհարիր ձև: Դա չափազանց մեծ մտավոր ջանք է պահանջում, ջանք, որը պետք է ուղղվի դեպի նոր բան ստեղծելը: Եղիր տարբերվող: Թող ինչ-որ արժանի բան: Եվ միշտ հիշիր, որ դու չես կարող վերցնել այն քեզ հետ: Մենք պետք է դա փոխանցենք ժառանգներին»:

Սիրարփի Աղաբաբյան

168․am