Նոր գործվածքը թույլ է տալիս ձեռքսեղմմամբ տեղեկատվություն փոխանցել և վճարել գնումների համար
Դիտումներ՝ *
17:59 2021-11-25

Այն հոսանք չի պահանջում և կցվում է ցանկացած հագուստի, ինչպես սովորական պիտակ։

Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները ստեղծել են գործվածքի նոր տեսակ, որը թույլ կտա ստեղծել հագուստներ, որոնք կարող են «շփվել» միմյանց հետ։ Սա սեփականատիրոջը թույլ կտա փոխանցել տվյալներ կամ վճարել գնումների համար՝ առանց հեռախոսը կամ այլ խելացի սարք հանելու:

Նոր նյութում օգտագործվում է NFC տեխնոլոգիան, որը հնարավորություն է տալիս սմարթֆոններում անհպում վճարումներ կատարել, սակայն գիտնականներին հաջողվել է մեծացնել անլար փոխանցման միջակայքը մի քանի սանտիմետրից մինչև 1,2 մետր:

Ի տարբերություն այլ տեսակի խելացի գործվածքների, որոնք օգտագործում են վերալիցքավորվող մարտկոցներ, որոնք կարող են սահմանափակել օգտատիրոջ շարժումը, նոր լուծումը օգտագործում է փորագրված պղնձի և ալյումինե փայլաթիթեղի բջիջներ՝ մագնիսական ինդուկցիայի միջոցով հաղորդակցվելու համար՝ առանց էներգիա պահանջելու:

Հագուստի առանձին մասերը կարող են կատարել տարբեր գործառույթներ և աշխատել համատեղ: Օրինակ, տաբատը կարող է ունենալ սենսորներ, որոնք հետևում են ոտքերի շարժումներին և փոխանցում այդ տվյալները, օրինակ, վերնաշապիկին, որը վերահսկում է սրտի զարկերը: Նյութը կարող է նաև ինտեգրվել հիվանդանոցային զգեստների մեջ՝ շարունակաբար վերահսկելու հիվանդի վիճակը՝ առանց լրացուցիչ սենսորների անհրաժեշտության:

Գիտնականները պնդում են, որ նման նյութից պատրաստված հագուստը հեշտ կլինի ցանկացած չափսի համար, իսկ արտադրությունը թանկ չի լինի։ Ավելին, այն կարելի է ամրացնել առկա հագուստի վրա, ինչպես պիտակը, ինչը թույլ կտա օգտագործել այն առանց հագուստները փոխելու։

Սիրարփի Աղաբաբյան

168.am