10 ֆիլմ՝ իսլանդական կինոյի հետ ծանոթանալու համար
Դիտումներ՝ *
11:34 2021-11-23

Տարբեր տարիների, ժանրերի և ռեժիսորների իսլանդական 10 ֆիլմերի ընտրանի, որը կօգնի կողմնորոշվել նրանց, ովքեր հետաքրքրվում են այդ զարմանալի երկրի կինեմատոգրաֆիայով:

1. «Ագռավի թռիչք» (Полет ворона/ Hrafninn flýgur, 1984)

Ռեժիսորը՝ Հրաբըն Գյունլյոյքսոն

Պատանի իռլանդացին իջնում է Իսլանդիայի ափ, որպեսզի 20 տարի անց վրեժ լուծի վիկինգների հզոր ընտանիքի առաջնորդ երկու եղբայրներից, որոնք սպանել են իր հորը և առևանգել են քրոջը:

2. «Բնության երեխաները» (Дети природы/ Börn náttúrunnar, 1991)

Ռեժիսորը՝ Ֆրիդրիկ Թոուր Ֆրիդրիկսոն

Տարեց ֆերմերը մի օր առավոտյան որոշում է հավաքել իրերը և գնալ երեխաների հետ ապրելու: Սակայն նրա դստեր ընտանիքում բազմաթիվ են խնդիրները: Ծերունուն ուղեկցում են ծերանոց: Այնտեղ նա հանդիպում է մի ծեր կնոջ՝ իր առաջին սիրուն, և նրանք որոշում են փախչել իրենց երիտասարդության վայրերը:

3. «Սոդոմը՝ Ռեյկյավիկում» (Содом в Рейкьявике/ Sódóma Reykjavík, 1992)

Ռեժիսորը՝ Օուսկար Յուոնասոն

Մի անգամ Աքսելի տարեց մայրը կորցնում է հեռուստացույցի հեռակառավարման վահանակը և որդու սիրելի ոսկե ձկնիկները կոյուղի լցնելու սպառնալիքով ուղարկում է վերջինիս որոնումների: Տղան համաձայնում է կատարել մոր առաջադրանքը և կատարելով այն՝ նախ ընկնում է տեղացի փանքերի մոտ, իսկ հետո հայտնվում է քաղաքի քրեական կյանքի հենց կենտրոնում:

4. «101 Ռեյկյավիկ» (101 Рейкьявик/ 101 Reykjavík, 2000)

Ռեժիսորը՝ Բալթասար Կորմակուր

25-ամյա գործազուրկ Հլինյուրն ապրում է մոր հետ: Ուիքենդին նա գիշերում է ընկերուհու մոտ, իսկ երկուշաբթի վերադառնում է տուն: Մի անգամ մայրը տուն է հրավիրում ընկերուհուն՝ Լոլային, իսկ ինքը մի քանի օրով գնում է տնից:

5. «Նոյ՝ սպիտակ ագռավ» (Ной – белая ворона/ Nói albínói, 2003)

Ռեժիսորը՝ Դագյուր Կաուրի

17-ամյա Նոյն ապրում է աշխարհի ծայրում՝ իսլանդական փոքրիկ գյուղում: Նոյը երազում է փախչել այդ սառցե բանտից Այրիսի՝ քաղաքաբնակ մի աղջկա հետ, որն աշխատում է բենզալցակայանում:

6. «Ճահիճ» (Трясина/ Mýrin, 2006)

Ռեժիսորը՝ Բալթասար Կորմակուր

Ընտանիքի հայրը, որտեղ տեղի է ունեցել սարսափելի դժբախտություն՝ ուղեղի գենետիկ մուտացիայի պատճառով մահացել է նրա հինգամյա դուստրը, փորձում է գտնել չարիքի արմատները:

7. «Հրաբուխ» (Вулкан/ Eldfjall, 2011)

Ռեժիսորը՝ Ռուհար Ռունյարսոն

Երբ հավաքարար Հանեսն անցնում է թոշակի, միակ բանը, որը մնում է, դատարկությունն է: Նա չունի ընկերներ, իսկ հարաբերություններն ընտանիքի և կնոջ հետ հարթ չեն: Բարդ իրավիճակը ստիպում է նրան վերանայել իր վերաբերմունքը կյանքի նկատմամբ, որպեսզի կարողանա օգնել սիրելիին:

8. «Մետալ նվագող աղջիկը» (Металлистка/ Málmhaus, 2013)

Ռեժիսորը՝ Ռագնար Բրագասոն

Որդու ողբերգական վախճանից հետո Կարլի և նրա կնոջ՝ Դրոպլաուգի ընտանիքում սկսվում են ծանր ժամանակներ: Մայրն ամփոփվում է ինքն իր մեջ, հայրը ձևացնում է, իբր ոչինչ չի պատահել, իսկ նրանց դուստրը՝ Հերան՝ շրջապատված եղբոր ռոք կուռքերի նկարներով, անդադար արցունք է թափում: Մի անգամ եղբոր սենյակում Հերան գտնում է նրա կիթառը, լարում է այն, և կյանքը նոր ակորդ է մատուցում՝ Հերան դառնում է մետալ երաժիշտ:

9. «Ձիերի և մարդկանց մասին» (О лошадях и людях/ Hross í oss, 2013)

Ռեժիսորը՝ Բենեդիկտ Էրլինգսոն

Վերնարդուրը սիրում է օղի և իր ձիուն՝ Ջարպուրին: Իսկ Գենգիսը չի խմում, բայց պաշտում է այնպիսի ձիերի, ինչպիսին Ջարպուրն է: Ջոաննան սիրում է ժամանակ անցկացնել իր ձիու՝ Ռոտկայի հետ, բայց վերջինս սիրահարված է ազատությանը: Խուանը փորձում է գտնել Աստծուն Իսլանդիայի լեռներում, իսկ նրա ծեր ձին անսահման հոգնել է և միայն երազում է հանգստի մասին: Ինչո՞վ կավարտվեն այս պատմությունները։

10. «Ճնճղուկները» (Воробьи/ Þrestir, 2015)

Ռեժիսորը՝ Ռունար Ռունարսոն

16-ամյա Արին ապրում է Ռեյկյավիկում՝ մոր հետ: Արին գոհ է իր կյանքից, բայց մի օր մայրը աշխատանքի է անցնում արտասահմանում: Տղան ստիպված է լինում հեռանալ մայրաքաղաքից և տեղափոխվել հոր մոտ, որտեղ նա եղել է միայն երեխա ժամանակ: Արիի հարաբերությունները հոր հետ լավագույնը չեն, իսկ մանկության ընկերները արդեն այնտեղ չեն: Հնարավոր է՝ ինչ-որ բան փոխվի հաճելի աղջկա հայտնվելով: Արին պետք է գտնի իրեն այս բարդ պայմաններում:

Անի Գաբուզյան

168.am