Դեմքի խնամք․ դիմակներ, մերսում
Դիտումներ՝ *
09:03 2021-10-29

Դեմքի մերսումը բարելավում է մաշկի արտաքին տեսքը և հանգստություն ու աշխուժություն է պարգևում: Մերսման տեսակը պետք է համապատասխան լինի մարդու ֆիզիկական և հոգեկան պահանջներին, որոնք բնութագրվում են «մաշկի անալիզի» ժամանակ:

Դեմքի մերսման օգուտները

1․ Մերսման ժամանակ թուլանում և թափվում են դեմքի եղջերավոր շերտի մեռած բջիջները, որի հետևանքով բարելավվում է մաշկի տեսքը:

2․ Լավանում է արյան շրջանառությունը, որով մկաններին լավագույնս հասնում է արյունը, այդպիսով` նաև թթվածինը: Մերսման շնորհիվ բջջային աճն է լավանում, մկաններն են ամրանում և, արդյունքում` ամրանում է դեմքի ընդհանուր կառուցվածքը:

3․ Արյան շրջանառության բարելավումը հյուսվածքները տաքացնում է, որի շնորհիվ մարդը հանգստություն է զգում, հատկապես, երբ դա թուլացնում է կծկված մկանները:

4․ Արյան շրջանառությունը նաև լայնացնում է արյունատար մազանոթները, որով բարելավում է մաշկի գույնը:

5․ Լիմֆատիկ և անոթների արյան հոսքի ավելանալով՝ արագանում է թույների և անպիտան նյութերի արտանետումը: Հետևաբար անցնում է մաշկի այտուցվածությունը (առանց դեղամիջոցով բուժման անհրաժեշտության):

6․ Մաշկի ջերմության բարձրացումով լայնանում են ծակոտիներն ու մազի ֆոլիկուլները: Այսպիսով, ավելի լավ են ներծծվում մերսման համար օգտագործվող նյութերը:

7․ Հանգստանում են ջղերը:

8․Գրգռվում են ճարպագեղձերն ու քրտնագեղձերը, որով ավելանում է ճարպի և քրտինքի արտադրությունը: Այս նյութերն ապահովում են մաշկի յուղային և ջրային հավասարակշռությունը:

Եթե մերսման հետ մաշկի մաքրում չի արվում, ապա դա կարելի է կատարել անգամ օր ընդ մեջ. մարմնամարզության նման է, որքան հաճախակի լինի, այնքան օգտակար կլինի: Սակայն, եթե դրա հետ միաժամանակ արվում է նաև մաշկի մաքրում, ապա միայն սկզբնական շրջանում կարելի է կատարել շաբաթը 1 անգամ, իսկ 1 ամիս անցնելուց հետո դա պետք է կրկնել ամիսը 1 անգամ հաճախականությամբ: Ընդհանուր առմամբ, մերսման 4 հիմնական շարժումներ կան, որոնք ունեն իրենց ենթաբաժանումները, և դրանցից ընտրություն կատարելն ու մերսում իրականացնելը պետք է լինի անհատական, ըստ մարդու ունեցած մաշկային վիճակի, տարիքի և կարիքի:

Դիմակները

Դիմակներից օգտվում ենք դեմքի մաշկն ավելի լավ մաքրելու նպատակով: Սակայն մեր օրերում դիմակները կարող են ունենալ նաև այլ ազդեցություններ: Կան դիմակներ, որոնք տոնուսավորում են մաշկը, սնուցում, կամ կենսունակություն են հաղորդում նրան: Սակայն տան պայմաններում պատրաստված դիմակներից մեծ սպասելիքներ չպետք է ունենալ: Դրանք, ամեն դեպքում, վնասակար չեն և կարող են տվյալ պահին ունենալ կարճատև ազդեցություն:

1․ Մրգերը և թարմ կանաչեղենն ունեն ձգող  և ստիմուլացնող հատկություն: Ընդհանրապես միրգը քերում են և շղարշի (թանզիֆի) մեջ փաթաթած՝ դնում են մաշկի վրա: Մեղրով դիմակները տոնուսավորում, ձգում, հականեխում են մաշկը:

2․ Ձվի սպիտակուցով դիմակները ձգող են և մաքրում են մաշկը, մանգոն սնուցում է, իսկ բանանը փափկեցնում է մաշկը: Բանանը հարմար է զգայուն մաշկերի համար:

3․ Եթե օգտվում եք չորացող դիմակներից և ունեք զգայուն մաշկ, ապա մի թողեք, որ դիմակը լրիվ չորանա մաշկի վրա, ավելի շուտ մաքրեք այն, որպեսզի մաշկը չգրգռվի:

4․ Կիտրոնը և թուրինջը բարձր թթվայնություն ունեն, հետևաբար նախընտրելի է դիմակների մեջ շատ չօգտվել դրանցից՝ մաշկը վառելուց խուսափելու համար:

Վարունգի դիմակ

1-2 վարունգ քերեք և, օգտվելով շղարշից, 15 րոպե այն դրեք ձեր դեմքին: Այնուհետևդիմակը լվացեք սովորական ջրով կամ վարդաջրով: Վարունգի դիմակը թարմացնում և փափկեցնում է մաշկը:

Արքայախնձորի (անանաս) դիմակ

Արքայախնձորը հետաքրքիր ազդեցություն է ունենում հասունացման շրջանի պզուկների (ակնե) վրա: Այն պատրաստելու համար հասած մի արքայախնձոր կեղևեք և լցրեք խառնող սարքի մեջ: Ստացված թանձր խառնուրդին ավելացրեք նույն կշռով մրգային սպիրտ և 1 բաժակ արևածաղկի ձեթ: Այժմ կարող եք ամեն օր 20 րոպեով դեմքի վրա դնել այս դիմակը, ապա լվացվել սառը ջրով:

 

Նարնջի դիմակ

Մաքրեք նարինջը՝ հեռացնելով նաև բարակ կեղևներն ու կորիզները: Սառը ջրով լվացեք ձեր դեմքը և օգտվեք պատրաստված նարնջից, որպես դիմակ, որն օգնում է պայքարել պզուկների դեմ: Խուսափեք այսպիսի դիմակներից, եթե ձեր մաշկը չոր և զգայուն է:

Վիկի Օդե 

Աղբյուր՝ 168․am

Ամենաընթերցված