Բջջային հեռախոսի երկարատև օգտագործումը չի մեծացնում ուղեղի քաղցկեղի առաջացման վտանգը. HealthDay
Դիտումներ՝ *
20:08 2024-09-05

Գիտնականները կապ չեն գտել բջջային հեռախոսների օգտագործման և ուղեղի քաղցկեղի միջև, հայտնում է HealthDay-ը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պատվերով գիտնականները վերլուծել են հինգ հազար հետազոտություններ, որոնք հրապարակվել են 1994-ից 2022 թվականներին: Նրանք փորձում էին պարզել, թե արդյոք անլար էլեկտրոնիկայի (ներառյալ բջջային հեռախոսների) ռադիոհաճախականությունների ազդեցությունը կարող է մեծացնել ուղեղի քաղցկեղի զարգացման հավանականությունը:

Հեղինակները կենտրոնացել են 63 ուսումնասիրությունների վրա: Նրանք չեն հայտնաբերել ռիսկի բարձրացում նույնիսկ երկարաժամկետ (10 տարի և ավելի) կամ հաճախակի բջջային հեռախոս օգտագործելու դեպքում: Բացի այդ, այն ժամանակը, որի ընթացքում հեռախոսը մոտեցվել է գլխին, ազդեցություն չի ունեցել։ Չի աճել նաեւ լեյկեմիայի կամ մանկական ուռուցքների առաջացման վտանգը։

Բջջային կապի վերաբերյալ մտահոգություններն առաջին անգամ առաջացան 2011 թվականին, երբ ԱՀԿ-ի Քաղցկեղի հետազոտության միջազգային գործակալությունը ռադիոալիքների ազդեցությունը դասակարգեց որպես մարդու համար հնարավոր քաղցկեղածին: Այս որոշումը հիմնված էր սահմանափակ տվյալների վրա։ Այդ ժամանակից ի վեր հրապարակվել են շատ այլ ուսումնասիրություններ, որոնք ԱՀԿ-ին դրդել են նոր վերանայում կատարել:

Գիտնականները նշել են, որ 3G և 4G ցանցերն արտադրում են զգալիորեն ավելի քիչ ռադիոհաճախականության ճառագայթում, քան հին ցանցերը: 5G ցանցերի վերաբերյալ լուրջ ուսումնասիրություններ դեռ չկան, սակայն նմանատիպ հաճախականությամբ ռադարները քաղցկեղի հետ կապված չեն եղել։ Բացի այդ, բջջային հեռախոսների աշտարակների քանակի ավելացումը նվազեցնում է բջջային հեռախոսների արտանետվող ճառագայթման քանակը, քանի որ նրանց համար ավելի հեշտ է դառնում ազդանշաններ ընդունելը: