Ֆինլանդիան ճանաչվել է աշխարհի ամենաերջանիկ երկիրը։ Այս մասին տվյալները հայտնվել են ամենամյա համաշխարհային երջանկության զեկույցում, որը փորձագետները պատրաստել են ՄԱԿ-ի համար։
Զեկույցում նշվում է, որ երկիրը յոթերորդ տարին անընդմեջ ճանաչվում է ամենաերջանիկը։ Երջանկության ցուցանիշով երկրորդ տեղը զբաղեցրել է Դանիան, երրորդում՝ Իսլանդիան։ Աֆղանստանը վերջին տեղում էր (143-րդ), ինչպես և անցյալ տարի, նշում են փորձագետները: Հայաստանը զբաղեցնում է 82-րդ տեղը 143 երկրների թվում:
Երիտասարդների շրջանում (30 տարեկանից ցածր տարիք) երջանկության վարկանիշային աղյուսակում Հայաստանը 72-րդն է: Ադրբեջանն ու Իրանը զբաղեցնում են համապատասխանաբար 95 և 96-րդ հորիզոնականները: Թուրքիան այս տարիային խմբում 101-րդն է:
Միջին տարիքային խմբում Հայաստանը 83-րդն է, իսկ 60-ից բարձր տարիքի անձանց շրջանում մեր երկիրը 88-րդն է երջանկության ցուցանիշով: Դարձյալ համարվել է ամենաերջանիկը տարածաշրջանի երկրներից:
Աշխարհի երջանկության զեկույցը հրապարակվում է 2012 թվականից՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախաձեռնությամբ։ Հետազոտողները հաշվի են առնում այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, սոցիալական աջակցության մակարդակը, կյանքի տեւողությունը, քաղաքացիական ազատությունների նկատմամբ հարգանքը, աշխատանքի անվտանգությունը, կոռուպցիայի մակարդակը և այլն: