NASA-ն պաշտոնապես հավանություն է տվել հաջորդ սերնդի ուլտրամանուշակագույն տիրույթում գործող աստղադիտակի ստեղծմանը, որը պետք է տիեզերք ուղարկվի 2030-ականների վերջին։ Այն կկոչվի Ultraviolet Explorer (UVEX) առաքելություն, որը երկինքը կուսումնասիրի մերձակա և հեռավոր ուլտրամանուշակագույն տիրույթներում և 50-100 անգամ ավելի զգայուն կլինի, քանի իր նախորդը Galaxy Explorer-ը (GALEX), որը գործել է 2003-ից 2013 թվականներին։
Նոր աստղադիտակը կունենա երկու առաջադրանք։ Նախ՝ այն պետք է քարտեզագրի երկինքը ուլտրամանուշակագույն լույսի ներքո: Երկրորդ՝ աստղադիտակը հնարավորություն կունենա արագ փոխել կողմնորոշումը, որպեսզի ստանա անցումային գործընթացների պատկերները՝ գերնոր աստղերի պայթյուններ, աստղերի միաձուլումներ, սև խոռոչների և նեյտրոնային աստղերի շիթեր և տիեզերական այլ երևույթներ: Սա արժեքավոր հավելում կլինի երկնքի ձգողական ալիքներն ուսումնասիրելու համար, որտեղ ձգողական ալիքի աղբյուրի հայտնաբերումը չափազանց դժվար է:
Երկինքն ուլտրամանուշակագույն լույսի ներքո դիտելիս կարելի է տեսնել նրա ամենաթեժ օբյեկտները: Առաջին հերթին դրանք երիտասարդ և տարեց աստղեր են, երբ միջուկներում գործընթացները գտնվում են ակտիվության կրիտիկական փուլում։ Բացի դրանից՝ ուլտրամանուշակագույն տիրույթի տվյալները թույլ կտան տեսնել ցածր մետաղի պարունակությամբ գալակտիկաներ և մի շարք այլ օբյեկտներ:
UVEX առաքելության պատրաստման նախատեսված արժեքը առանց մեկնարկի ծախսերի կկազմի 300 մլն դոլար, աստղադիտակը նախատեսված կլինի երկու տարվա գիտական աշխատանքի համար։ Առաքելության հիմնական դետալներն արդեն մշակված են, ինչպես նաև նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորումը։ Մեկ-երկու տարուց պետք է սկսվի ապարատի և դրա գիտական գործիքների արտադրությունը։
Տիեզերքի հիասքանչ լուսանկարները միշտ ստացվում են մի քանի աստղադիտակների աշխատանքի շնորհիվ, որոնցից յուրաքանչյուրը գործում է էլեկտրամագնիսական ճառագայթման իր տիրույթում:
James Webb կամ Hubble տիեզերական աստղադիտակների ողջ հզորությունը չի կարողանում փոխանցել տիեզերքի ամբողջ գեղեցկությունը առանց ռենտգենյան ճառագայթների, ռադիոհաճախականության և ուլտրամանուշակագույն տվյալների:
UVEX-ը փաստացի նոր շունչ կհաղորդի տիեզերքի ուսումնասիրությանը։