ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ինքը նման է ռոքնռոլի արքա Էլվիս Փրեսլիին։ Թրամփը հարցում է անցկացրել Truth Social սոցիալական ցանցի օգտատերերի շրջանում՝ լեգենդար արտիստի հետ իր նմանության վերաբերյալ։
Նախկին նախագահը կիսվել է Էլվիսի եւ իր դեմքերի կեսի պատկերով: «Տարիներ շարունակ մարդիկ ասում էին, որ ես եւ Էլվիսը նման ենք»,-գրել է Թրամփը,-«Այժմ այս լուսանկարը տարածվել է ամենուր։ Ի՞նչ եք կարծում»։
Օգտատերերից մեկը կիսվել է Էլվիսի մի տեսանյութով, որում նրա դեմքի փոխարեն Թրամփինն է ֆոտոշոփված, եւ մակագրել է այն՝ «Թրամփը ՄԱԳԱ-ի թագավորն է»: Մեկ ուրիշը հրապարակել է երկու տղամարդկանց կողային պրոֆիլների պատկերը՝ պնդելով, որ նրանք «Ջրի նույն կաթիլն են»:
Truth Social-ը լի է լուսանկարներով, որոնցում համեմատում են նախկին նախագահին մշակութային, պատմական եւ կրոնական գործիչների հետ: Թրամփը հրապարակել է իր լուսանկարը՝ Ջորջ Վաշինգտոնի կերպարով, ինչպես նաեւ՝ տեսանյութեր, որոնցում ասվում է, որ նա «աստվածանման է», եւ հայտարարություններ, որոնցում իրեն համեմատում են Հիսուս Քրիստոսի հետ:
2018 թվականին Թրամփը հանրահավաքի ժամանակ ասել էր, որ հասունության տարիքում մարդիկ իրեն նմանեցնում էին ռոքնռոլի լեգենդին: «Չնայած շեկ մազերիս, ինձ ասում էին, որ ես նման եմ Էլվիսին»,-նշել է Թրամփը,-«Ես դա միշտ ընդունել եմ որպես մեծ հաճոյախոսություն»: