Ինչպե՞ս հաղթել հերոսին․ Սամսոնի զարմանալի պատմությունը
Դիտումներ՝ *
21:14 2023-11-27

Ինչպես հինկտակարանային շատ սյուժեներ, Դատավորների գրքի հերոսներից մեկի՝ Սամսոնի պատմությունը համաշխարհային գեղանկարչության մեջ գտել է իր ինքնատիպ արտահայտությունը։

Հունական ու այլ առասպելների և էպոսների շատ հերոսների հիշեցնող այս յուրահատուկ հերոսն աչքի է ընկնում ֆիզիկական մեծ ուժով, միամտությամբ, բայց նաև վրեժխնդրությամբ ու դաժանությամբ։ Նրա ծնունդը ու առաքելությունը, ինչպես լինում է շատ էպոսներում կանխորոշվում է Աստծո կողմից և ավետվում հրեշտակի միջոցով։

Նաև ինչպես էպիկական հերոսները, Սամսոնը իր առաքելության իրականացման համար որոշակի շնորհ ունի, բայց նաև կան այդ շնորհից զրկվելու պայմաններ։ Չհետևելով այդ պայմաններին, Սամսոնը կորցնում է շնորհն ու իր առաքելությունն իրականացնելու հնարավորությունը։ Այս զարմանալի, երևակայությունը խթանող պատմությունն էլ արժանացել է գեղանկարչության վարպետների ուշադրությանը։ Art365-ը ներկայացնում է Դատավորների գրքի Սամսոնի կյանքն ու վախճանը ներկայացնող հատվածը՝ այս թեմային գեղանկարչական անդրադարձների ուղեկցությամբ։

Հին Կտակարան, Դատավորներ

13
ՍԱՄՓՍՈՆԻ ԾՆՈՒՆԴԸ

1 Իսրայէլացիները շարունակեցին չարիք գործել Տիրոջ առաջ, եւ Տէրը նրանց քառասուն տարի այլազգիների ձեռքը մատնեց:

2 Սարաացի մի մարդ կար Դանի ցեղից, նրա անունը Մանովէ էր: Նրա կինը ամուլ էր եւ զաւակ չէր ունենում: 3 Տիրոջ հրեշտակը երեւաց այս կնոջը եւ ասաց նրան. «Ահա դու ամուլ ես եւ երեխայ չես ունեցել, բայց կը յղիանաս եւ որդի կը ծնես: 4 Արդ, զգո՛յշ եղիր, գինի եւ օղի չխմես եւ ոչ մի անմաքուր բան չուտես, 5 որովհետեւ ահա դու պիտի յղիանաս եւ մի որդի ծնես: Նրա գլխին ածելի չպիտի դիպչի, որովհետեւ մանուկը Աստծու ուխտաւոր պիտի լինի հէնց մօր արգանդից. նա պիտի սկսի փրկել Իսրայէլը այլազգիներից»: 6 Կինը մտաւ իր տունը եւ ասաց իր ամուսնուն. «Աստծու մարդը եկաւ ինձ մօտ, նա Աստծու հրեշտակի նման վեհատեսիլ էր: Ես նրան հարցրի, թէ որտեղից է, նա ինձ իր անունը չասաց: 7 Նա ինձ ասաց. «Ահա դու պիտի յղիանաս եւ մի որդի ծնես, հիմա գինի եւ օղի չխմես եւ ոչ մի անմաքուր բան չուտես, որովհետեւ մանուկը Աստծու ուխտաւոր պիտի լինի հէնց իր մօր արգանդից մինչեւ իր մահուան օրը»»:

8 Մանովէն Տիրոջն աղաչեց եւ ասաց. «Աղաչում եմ, Տէ՛ր, Աստծու այն մարդը, որին դու ուղարկեցիր մեզ մօտ, թող դարձեալ գայ մեզ մօտ եւ սովորեցնի, թէ ինչ անենք այն մանկանը, որ պիտի ծնուի»: 9 Աստուած լսեց Մանովէի ձայնը, եւ Աստծու հրեշտակը նորից եկաւ նրա կնոջ մօտ, երբ նա նստել էր հանդում: Նրա ամուսին Մանովէն նրա մօտ չէր:

10 Կինն շտապ գնաց պատմեց իր ամուսնուն եւ ասաց նրան. «Ահա երեւաց ինձ այն մարդը, որ այն օրը եկել էր ինձ մօտ»: 11 Մանովէն վեր կացաւ, գնաց իր կնոջ հետ, եկաւ այն մարդու մօտ եւ ասաց նրան. «Դո՞ւ ես այն մարդը, որ խօսել է այս կնոջ հետ»: Հրեշտակն ասաց. «Ես եմ»: 12 Մանովէն ասաց. «Արդ, երբ քո խօսքերը կատարուեն, ինչպիսի՞ն պէտք է լինեն մանկան կեանքի կանոններն ու գործերը»: 13 Տիրոջ հրեշտակն ասաց Մանովէին. «Թող նա զգուշանայ այն ամենից, որ ասացի այդ կնոջը. 14 որթատունկից ելած ոչ մի բան թող չուտի, գինի եւ օղի չխմի, ոչ մի անմաքուր բան չուտի, թող զգուշանայ այն ամենից, որ պատուիրեցի»:

15 Մանովէն ասաց հրեշտակին. «Թող որ քեզ մի փոքր ժամանակ մեզ մօտ պահենք եւ մի ուլ պատրաստենք ու դնենք քո առաջ»: 16 Տիրոջ հրեշտակը Մանովէին ասաց. «Եթէ ինձ պահես էլ, քո հացից չեմ ուտի, իսկ եթէ ուլը ողջակէզ պիտի անես, Տիրո՛ջը մատուցիր այն»: Մանովէն չիմացաւ, թէ նա Տիրոջ հրեշտակն է: 17 Մանովէն ասաց Տիրոջ հրեշտակին. «Ի՞նչ է քո անունը, ասա՛, որ երբ քո խօսքը կատարուի, փառաւորենք քեզ»: 18 Տիրոջ հրեշտակն ասաց նրան. «Ինչո՞ւ ես հարցնում իմ անունը, դա մի սքանչելի անուն է»: 19 Մանովէն վերցրեց զոհաբերուելիք ուլը եւ քարի վրայ մատուցեց սքանչելագործ Տիրոջը. Մանովէն եւ նրա կինը նայում էին: 20 Երբ բոցը զոհասեղանից դէպի երկինք բարձրացաւ, Տիրոջ հրեշտակն էլ բարձրացաւ զոհասեղանի բոցի հետ: Մանովէն ու նրա կինը նայում էին եւ երեսի վրայ գետին ընկան:

Մանովեի զոհաբերությունը, Ռեմբրանդտ

21 Տիրոջ հրեշտակն այլեւս չերեւաց Մանովէին ու նրա կնոջը: Այն ժամանակ Մանովէն իմացաւ, որ նա Տիրոջ հրեշտակն է: 22 Մանովէն ասաց իր կնոջը. «Անպատճառ կը մեռնենք, որովհետեւ տեսանք Աստծուն: 23 Եւ նրա կինը նրան ասաց. «Եթէ Տէրը ուզենար մեզ սպանել, մեր ձեռքից չէր ընդունի ողջակէզն ու զոհը եւ մեզ չէր յայտնի այդ ամէնը իր ժամանակին եւ այն մեզ լսելի չէր դարձնի»: 24 Եւ կինը մի որդի ծնեց ու նրա անունը Սամփսոն դրեց: Մանուկն աճեց, եւ Տէրը նրան օրհնեց: 25 Տիրոջ հոգին սկսեց շրջել նրա հետ Դանի բանակում, Սարաայի եւ Եսթաւուլի միջեւ:

14
ՍԱՄՓՍՈՆԸ ԵՒ ԹԱՄՆԱԹԱՑԻ ԱՂՋԻԿԸ

1 Սամփսոնն իջաւ Թամնաթա եւ Թամնաթայում այլազգիների աղջիկների մէջ մի կին տեսաւ, որը հաճելի թուաց նրան: 2 Նա գնաց պատմեց իր հօրն ու մօրը եւ ասաց. «Թամնաթայում այլազգիների աղջիկների մէջ մի կին տեսայ. արդ, նրան ինձ համար կի՛ն առէք»: 3 Նրա հայրն ու մայրը ասացին նրան. «Մի՞թէ կին չկայ քո եղբայրների աղջիկների եւ իմ ամբողջ ժողովրդի մէջ, որ գնաս կին առնես անթլփատ այլազգիներից»: Սամփսոնն ասաց իր հօրը. «Նրան բե՛ր ինձ համար, որովհետեւ նա հաճելի է իմ աչքին»: 4 Նրա հայրն ու մայրը չգիտէին, որ դա Տիրոջից է, որպէսզի նա վրէժ լուծի այլազգիներից: Այն ժամանակ այլազգիներն իշխում էին Իսրայէլի վրայ:
5 Սամփսոնն իր հօր եւ մօր հետ իջաւ Թամնաթա. Սամփսոնը ճանապարհը շեղեց Թամնաթայի այգեստանի մէջ եւ տեսաւ, որ ահա առիւծի մի կորիւն է մռնչում իր դիմաց: 6 Տիրոջ հոգին աջակցեց նրան, եւ նա պատառեց առիւծին ինչպէս մի ուլի, մինչ նրա ձեռքին զէնք չկար:

Սամսոն, Ռուբենս

7 Նա իր արածը չպատմեց իր հօրն ու մօրը: Նրանք եկան, խօսեցին կնոջ հետ, եւ կինը հաճելի թուաց Սամփսոնին:

8 Մի քանի օր յետոյ, երբ ետ դարձաւ այդ աղջկան կնութեան առնելու, ճանապարհը շեղեց առիւծի դիակը տեսնելու համար եւ տեսաւ, որ առիւծի բերանի մէջ մեղուների մի պարս եւ մեղր կար: 9 Նա առաւ այն իր բերանը եւ ուտելով գնաց իր հօր եւ մօր մօտ, նրանց էլ տուեց, եւ նրանք կերան: Բայց նրանց չասաց, թէ մեղրը առիւծի բերանից է հանել:

10 Նրա հայրն իջաւ այն կնոջ մօտ, եւ Սամփսոնն այնտեղ եօթը օր հարսանիք արեց, որովհետեւ երիտասարդներն այդպէս էին անում: 11 Նրանք զարհուրելով Սամփսոնից՝ նրա մօտ երեսուն ընկեր կարգեցին, որոնք նրա մօտ մնացին:

12 Սամփսոնը նրանց ասաց. «Հիմա ես ձեզ մի հանելուկ կ’ասեմ. եթէ խնջոյքի այս եօթը օրուայ ընթացքում այն լուծէք եւ գտնէք, ես ձեզ կը տամ երեսուն սաւան եւ երեսուն տօնական զգեստներ: 13 Իսկ եթէ չկարողանաք լուծել, դուք կը տաք ինձ երեսուն սաւան եւ երեսուն տօնական զգեստներ»: Նրան ասացին. «Առաջարկի՛ր մեզ քո հանելուկը, եւ լսենք այն»: 14 Եւ նրանց ասաց. «Ուտողից կերակուր դուրս եկաւ, եւ հզօրից քաղցրութիւն դուրս եկաւ»: Նրա հանելուկը չկարողացան լուծել երեք օրուայ ընթացքում: 15 Չորրորդ օրը Սամփսոնի կնոջն ասացին. «Խաբի՛ր քո մարդուն, որ հանելուկը քեզ բացատրի, թէ չէ քեզ եւ քո հօր տունը կ’այրենք: Մեզ կողոպտելո՞ւ համար կանչեցիր այստեղ»: 16 Սամփսոնի կինը լաց եղաւ ամուսնու մօտ եւ ասաց նրան. «Դու ատել ես ինձ եւ չես սիրել, որովհետեւ այն հանելուկը, որ առաջարկել ես իմ ժողովրդի որդիներին, ինձ չես յայտնել»: Սամփսոնը նրան ասաց. «Իմ հօրն ու մօրը չեմ յայտնել, հիմա քե՞զ պիտի յայտնեմ»: 17 Եւ խնջոյքի եօթը օրերին կինը լաց եղաւ նրա մօտ: Եօթներորդ օրը Սամփսոնը յայտնեց նրան, որովհետեւ նա թախանձում էր: Կինն էլ յայտնեց իր ժողովրդի զաւակներին: 18 Եօթներորդ օրը արեւամուտից առաջ քաղաքի մարդիկ ասացին Սամփսոնին. «Ի՞նչն է մեղրից քաղցր եւ ի՞նչն է առիւծից հզօր»: Սամփսոնը նրանց ասաց. «Եթէ դուք իմ երինջով չհերկէիք, իմ հանելուկի պատասխանը չէիք գտնի»: 19 Տիրոջ հոգին աջակցեց Սամփսոնին, նա իջաւ Ասկաղոն, այնտեղ երեսուն մարդ սպանեց եւ նրանց տօնական զգեստներն առաւ եւ տուեց հանելուկը լուծողներին: Սամփսոնը սաստիկ բարկացաւ եւ գնաց իր հօր տուն, 20 իսկ Սամփսոնի կինն ամուսնացաւ նրա կնքահօր հետ, որ նրա ընկերն էր:

15
ՍԱՄՓՍՈՆԻ ՎՐԷԺԽՆԴՐՈՒԹԻՒՆԸ

1 Մի քանի օր յետոյ, ցորենի հնձի օրերին Սամփսոնը մի ուլ վերցնելով՝ այցելեց իր կնոջը եւ ինքն իրեն ասաց. «Մտնեմ սենեակ կնոջս մօտ»: Բայց կնոջ հայրը չթողեց, որ նրա մօտ մտնի: 2 Նրա հայրն ասաց. «Ես կարծեցի, թէ դու ատեցիր նրան եւ նրան կնութեան տուի քո ընկերոջը: Չէ՞ որ նրա կրտսեր քոյրը նրանից գեղեցիկ է, թող սա քեզ կին լինի նրա փոխարէն»: 3 Սամփսոնն ասաց. «Ես միանգամայն անմեղ կը լինեմ այլազգիներիդ առաջ, եթէ նրանց դէմ չարութիւն անեմ»: 4 Եւ Սամփսոնը գնաց, երեք հարիւր աղուէս բռնեց: Նա ջահեր վերցրեց եւ աղուէսներին կապեց միմեանց հետ՝ պոչ պոչի, ջահերը դրեց երկու պոչերի մէջտեղը եւ կապեց: 5 Նա ջահերը կրակով վառեց եւ արձակեց այլազգիների հնձի մէջ, այրեց ցորենի շեղջերը, առաջուց հնձուածները, դէզերն ու չհնձուած ցորենը, մինչեւ անգամ այգիներն ու ձիթենիները: 6 Այլազգիներն ասացին. «Ո՞վ արեց այս բանը»: Եւ ասացին. «Թամնացու փեսայ Սամփսոնը, որովհետեւ կնոջ հայրը նրա կնոջն առաւ եւ նրա ընկերոջը կնութեան տուեց»: Այլազգիները վեր կացան, կրակով այրեցին նրա կնոջ հօր տունը, կնոջը եւ կնոջ հօրը: 7 Սամփսոնը նրանց ասաց. «Եթէ մի այդքան էլ անէք, դարձեալ չեմ հաշտուի, այլ ձեր ամէն մէկից իմ վրէժը պիտի լուծեմ»: 8 Եւ մեծամեծ հարուածներով զարկեց նրանց սրունքներին ու մէջքին, եւ իջաւ բնակուեց Ետեմի քարայրում, հեղեղատի մօտ:

ՍԱՄՓՍՈՆԸ ՅԱՂԹՈՒՄ Է ԱՅԼԱԶԳԻՆԵՐԻՆ

9 Այլազգիները վեր կացան, բանակատեղի դրին Յուդայի երկրի շուրջը եւ տարածուեցին Ելքիի շուրջբոլորը: 10 Յուդայի երկրի մարդիկ նրանց ասացին. «Ինչո՞ւ էք եկել մեզ վրայ»: Այլազգիներն ասացին. «Եկել ենք Սամփսոնին կապելու, որ նրա հետ վարուենք այնպէս, ինչպէս նա վարուեց մեզ հետ»: 11 Եւ Յուդայի երկրից երեք հազար մարդ իջան Ետեմի քարայրն ու ասացին Սամփսոնին. «Չգիտե՞ս, որ այլազգիներն իշխում են մեզ վրայ, ինչո՞ւ արեցիր այդ բանը մեզ հետ»: Սամփսոնը նրանց ասաց. «Ինչպէս որ նրանք վարուեցին ինձ հետ, այդպէս էլ ես վարուեցի նրանց հետ»: 12 Նրան ասացին. «Եկել ենք քեզ կապելու եւ այլազգիների ձեռքը մատնելու»: Սամփսոնը նրանց ասաց. «Երդուեցէ՛ք, որ չէք սպանի ինձ, տուէ՛ք ինձ նրանց ձեռքը, եւ դուք երբեք մի՛ հանդիպէք ինձ»: 13 Նրանք երդուեցին նրան եւ ասացին. «Ո՛չ, քեզ կը կապենք եւ կը տանք նրանց ձեռքը, բայց քեզ չենք սպանի»: Եւ նրան կապեցին երեք նոր պարաններով ու դուրս հանեցին քարայրից: 14 Նա եկաւ մինչեւ Ծնօտ կոչուած վայրը, այլազգիներն աղաղակեցին եւ ընթացան նրա դէմ յանդիման: Տիրոջ հոգին աջակից եղաւ Սամփսոնին, նրա բազուկների վրայի պարանները դարձան կրակից այրուած թելի նման, եւ կապանքները հալուեցին թափուեցին նրա բազուկներից: 15 Նա գետին տապալուած էշի մի ծնօտ գտաւ, երկարեց իր ձեռքը, վերցրեց այն եւ դրանով հազար մարդ սպանեց: 16 Սամփսոնն ասաց. «Էշի ծնօտով կը բնաջնջեմ նրանց, որովհետեւ էշի ծնօտով կոտորեցի հազար մարդ»: 17 Եւ երբ իր խօսքը վերջացրեց, ծնօտը ձեռքից գցեց եւ այդ տեղն անուանեց Ծնօտի կոտորած:

Սամսոնը հաղթում է թշնամիներին ավանակի ծնոտով, Դորե

18 Նա խիստ ծարաւեց, աղաղակեց Տիրոջն ու ասաց. «Դու քո ծառայի ձեռքով յաջողեցրիր այս մեծ փրկութիւնը, իսկ հիմա ծարաւի՞ց պիտի մեռնեմ եւ անթլփատների ձե՞ռքն ընկնեմ»: 19 Եւ Տէրը Ծնօտ կոչուող վայրում մի անցք բացեց, նրանից ջուր դուրս եկաւ, նա խմեց, ոգի առաւ եւ զովացաւ. այդ պատճառով դրա անունը դրեց «Ծնօտի աղբիւր»: Եւ այն գոյութիւն ունի մինչեւ այսօր: 20 Սամփսոնը այլազգիների իշխանութեան օրօք Իսրայէլում քսան տարի դատաւոր եղաւ:

16
ՍԱՄՓՍՈՆԸ ԵՒ ԳԱԶԱՅԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ

1 Սամփսոնն այնտեղից գնաց Գազա, այնտեղ մի պոռնիկ կին տեսաւ եւ մտաւ նրա մօտ: 2 Լուրը հասաւ գազացիներին, եւ նրանք ասացին. «Սամփսոնը եկել է այստեղ»: Շրջապատեցին, ամբողջ գիշերը դարանակալեցին նրան քաղաքի դարպասի մօտ եւ ամբողջ գիշերը լուռ մնացին ու ասացին. «Այստեղ մնանք մինչեւ առաւօտ եւ սպանենք նրան»: 3 Սամփսոնը քնեց մինչեւ կէսգիշեր. կէսգիշերին վեր կացաւ, պոկեց քաղաքի դարպասների փեղկերը եւ դրանք նիգերով մէկտեղ բարձրացրեց, դրեց իր ուսերի վրայ, տարաւ այն լերան գլուխը, որը Քեբրոնի դիմացն է, եւ դրանք դրեց այնտեղ:

ՍԱՄՓՍՈՆ ԵՒ ԴԱԼԻԼԱ

Սամսոն և Դալիլա, Լուկաս Կանարք Կրտսեր

4 Դրանից յետոյ նա սիրեց մի կնոջ, որ ապրում էր Սորեկ հեղեղատի եզերքին. նրա անունը Դալիլա էր: 5 Այդ կնոջ մօտ եկան այլազգիների նախարարները եւ ասացին. «Խաբի՛ր նրան եւ տե՛ս, թէ ինչում է նրա մեծ զօրութիւնը, եւ կամ ինչպէս կարող ենք հնար գտնել եւ կապել նրան, որ տկարացնենք նրան: Իսկ մենք ամէն մէկս քեզ կը տանք հազար հարիւր արծաթ»: 6 Եւ Դալիլան ասաց Սամփսոնին. «Ասա՛ ինձ, թէ ինչում է քո մեծ զօրութիւնը, եւ քեզ տկարացնելու համար ինչով պէտք է կապել քեզ»: 7 Սամփսոնը նրան ասաց. «Եթէ ինձ կապեն եօթը դալար ճիւղերով, կը տկարանամ եւ կը դառնամ սովորական մարդկանց նման»: 8 Եւ այլազգիների նախարարները բերին եօթը դալար ճիւղեր, եւ Դալիլան նրան կապեց դրանցով 9 ու շտեմարանում դարանակալ նստեց: Կինը նրան ասաց. «Այլազգիները յարձակուել են քեզ վրայ, Սամփսո՛ն»: Եւ նա կտրտեց ճիւղերն այնպէս, ինչպէս կը կտրտուի կրակից այրուած բարակ թելը թափ տալուց: Եւ այդպէս չհասկացուեց նրա զօրութիւնը: 10 Դալիլան ասաց Սամփսոնին. «Ահա խաբեցիր ինձ եւ սուտ խօսեցիր, գոնէ հիմա ասա՛, թէ ինչով կը կապուես»: 11 Եւ նա ասաց նրան. «Եթէ ինձ կապեն եօթը նոր չուաններով, որոնք գործածուած չլինեն, կը տկարանամ եւ կը լինեմ սովորական մարդկանց նման»: 12 Դալիլան առաւ նոր չուաններ, դրանցով կապեց նրան եւ ասաց. «Այլազգիները յարձակուել են քեզ վրայ, Սամփսո՛ն»: Եւ Դալիլան շտեմարանում դարանակալ նստել էր: Իսկ Սամփսոնը ասեղի թելի նման կտրտեց թափեց այն իր բազուկներից: 13 Դալիլան ասաց Սամփսոնին. «Մինչեւ ե՞րբ պիտի խաբես ինձ եւ սուտ ասես ինձ: Հիմա ասա՛ ինձ, թէ ինչո՞վ կը կապուես»: Նա ասաց նրան. «Եթէ իմ գլխի եօթը գիսակները հիւսես շղթայաձեւ հիւսքերով եւ ցցերով ամրացնես պատին, կը տկարանամ սովորական մարդկանց նման»:

Սամսոն և Դալիլա, Ֆրանչեսկո Մորոնե

14 Եւ Դալիլան քնեցրեց նրան, առաւ նրա գլխի եօթը գիսակները շղթայաձեւ հիւսքերով, ցցերով ամրացրեց պատին եւ ասաց նրան. «Այլազգիները յարձակուել են քեզ վրայ, Սամփսո՛ն»: Նա զարթնեց քնից, պատից պոկեց ցցերը ոստայնի եւ հիւսքերի հետ միասին, եւ չիմացուեց նրա զօրութիւնը: 15 Դալիլան նրան ասաց. «Ինչպէ՞ս ես ասում, թէ քեզ սիրում եմ, մինչ քո սիրտը շիտակ չէ ինձ հետ. այս երեք անգամ խաբեցիր ինձ եւ չասացիր, թէ ինչո՞ւմ է քո մեծ զօրութիւնը»: 16 Եւ երբ ամբողջ գիշերը նեղեց նրան խօսքերով, թախանձեց եւ հոգին հանեց սպանելու չափ, 17 նա սրտանց պատմեց նրան ամէն ինչ եւ ասաց նրան. «Ածելի չպիտի դիպչի իմ գլխին, որովհետեւ Աստծու ուխտաւոր եմ ես իմ մօր արգանդից, իսկ եթէ ածիլուեմ, իմ զօրութիւնը կը գնայ ինձնից, ես կը տկարանամ եւ կը դառնամ բոլոր մարդկանց պէս»: 18

Սամսոն և Դալիլա, Ռուբենս

Երբ Դալիլան տեսաւ, որ նա սրտանց պատմեց իրեն ամէն ինչ, մարդ ուղարկեց, կանչեց այլազգիների նախարարներին եւ ասաց. «Բոլորդ եկէ՛ք, որովհետեւ սրտանց պատմեց ինձ ամէն ինչ»: Եւ այլազգիների բոլոր նախարարները եկան նրա մօտ արծաթն իրենց ձեռքին: 19 Դալիլան քնեցրեց նրան իր ծնկների մէջ, վարսաւիր կանչեց, որն ածիլեց նրա գլխի եօթը գիսակները: Նա սկսեց թօշնել, եւ նրանից գնաց նրա զօրութիւնը: 20 Դալիլան ասաց. «Այլազգիները յարձակուել են քեզ վրայ, Սամփսո՛ն»: Նա զարթնեց քնից եւ ասաց. «Վեր կենամ եւ անեմ այնպէս, ինչպէս միշտ եւ թափ տամ»: Նա չգիտէր, թէ Տէրը մեկնել էր իրենից: 21 Այլազգիները նրան բռնեցին, հանեցին նրա աչքերը, իջեցրին նրան Գազա, կապեցին երկաթէ կապանքներով, եւ նա բանտում աղօրիք էր պտտեցնում:

Սամսոնի կուրացումը, Ռեմբրանդտ

ՍԱՄՓՍՈՆԻ ՄԱՀԸ

22 Նրա գլխի մազերն սկսեցին աճել ածիլելուց յետոյ: 23 Այլազգիների նախարարները հաւաքուեցին, որ մեծ զոհ մատուցեն իրենց աստծուն՝ Դագոնին եւ ուրախանան: Նրանք ասացին. «Մեր աստուածը մեր թշնամի Սամփսոնին մեր ձեռքը մատնեց»: 24 Երբ մարդիկ տեսան նրան, օրհնեցին իրենց աստուածներին՝ ասելով. «Մեր աստուածը մեր ձեռքն է մատնել մեր թշնամուն՝ մեր երկիրն աւերողին, որը շատացրեց մեր վիրաւորներին»: 25 Երբ նրանց սրտերը զուարթացան, ասացին. «Կանչեցէ՛ք Սամփսոնին բանտից, թող մեր առաջ պար գայ»: Սամփսոնին կանչեցին բանտից եւ զուարճանում էին նրանով: Նրան կանգնեցրին երկու սիւների մէջտեղում: 26 Սամփսոնն ասաց իր ձեռքից բռնած պատանուն. «Թո՛յլ տուր ինձ շօշափեմ սիւները, որոնց վրայ հաստատուած է այս տունը, եւ յենուեմ նրանց վրայ»: 27 Տունը լի էր տղամարդկանցով եւ կանանցով, այնտեղ էին այլազգիների բոլոր նախարարները, տանիքի վրայ կային մօտ երեք հազար կանայք եւ տղամարդիկ, որոնք դիտում էին Սամփսոնի պարը: 28 Սամփսոնն աղաղակեց Տիրոջը եւ ասաց. «Տէ՛ր, զօրութիւնների՛ Տէր, յիշի՛ր ինձ եւ զօրացրո՛ւ ինձ այս մի անգամ էլ, Աստուա՛ծ, որ իմ երկու աչքերի համար վրէժս լուծեմ այս այլազգիներից»: 29 Եւ Սամփսոնը բռնեց մէջտեղի երկու սիւներից, որոնց վրայ հաստատուած էր տունը, եւ յենուեց նրանց վրայ՝ մէկին աջ ձեռքով, միւսին՝ ձախ: 30 Եւ Սամփսոնն ասաց. «Թող մեռնեմ ես այս այլազգիների հետ»:

Դալիլան, Սամսոնը և այլազգիները, Յոս Վինգե

Եւ ուժեղ շարժեց: Տունը փուլ եկաւ բոլոր նախարարների եւ նրա մէջ եղած ամբողջ ժողովրդի վրայ: Եւ մեռածները, որոնց Սամփսոնն սպանեց իր մահուան պահին, աւելի էին, քան նրանք, որոնց սպանել էր իր կենդանութեան ժամանակ: 31 Նրա եղբայրներն ու նրա հօր ամբողջ տունն իջան, վերցրին հանեցին եւ թաղեցին նրան իր հօր Մանովէի գերեզմանում, Սարաայի եւ Եսթաւուլի միջեւ: Նա Իսրայէլում դատաւոր էր եղել քսան տարի:

art365.am