iPhone 15 Pro-ն գերտաքացման պատճառով հալվել է ներսից
Դիտումներ՝ *
12:22 2023-11-06

iPhone 15 Pro սմարթֆոնը գերտաքանալու պատճառով ներսից հալվել է, այս մասին Reddit ֆորումում հայտնել է Trulywenttospace անունով օգտատերը:

Trulywenttospace-ը պատմել է, որ նոյեմբերի 3-ին վաղ առավոտյան արթնացել է այրվող պլաստիկի հոտից և շատ արագ հասկացել, որ դրա աղբյուրը իր նոր iPhone 15 Pro հեռախոսն է։

Օգտատերը կարծում է, որ ողջ գիշերվա ընթացքում սմարթֆոնը դանդաղ տաքացել և հալվել է։ Մեկնաբանություններում նա պարզաբանել է, որ հեռախոսը եղել է մահճակալի կողքին և միացված չի եղել լիցքավորմանը։

Trulywenttospace-ն պատմել է, որ նույն օրն առավոտյան գնացել է Apple Store, պատմել կատարվածի մասին, և խանութի աշխատակիցները տեղում փոխարինել են սմարթֆոնը նորով և և ասել, որ նախկինում երբեք նման դեպք չի եղել։

Իր խոսքերը հաստատելու համար օգտատերը հրապարակել է իր հեռախոսի երկու լուսանկար, որոնցում երևում է, որ էկրանը վերևի աջ կողմում ածխացած է: Հենց սարքի այս հատվածում է գտնվում A17 Pro պրոցեսորը։

Trulywenttospace-ի գրառումը Reddit-ում մոտ 5,500 մարդ է հավանել, իսկ մեկնաբանությունների թիվը գերազանցել է 700-ը։

Նշենք, որ ավելի վաղ շատ օգտատերեր բողոքում էին iPhone 15 Pro-ի գերտաքացման խնդրից։ Նրանցից շատերը նույնիսկ բողոքել էին, որ նոր iPhone-ի օգտագործման հետևանքով նույնիսկ այրվածքներ են ստացել։

Օգտատերերի դժգոհություններին ի պատասխան՝ Apple-ը, հոկտեմբերի սկզբին թողարկեց iOS 17.0.3 թարմացումը, որը, ըստ ընկերության, պետք է շտկեր iPhone 15 Pro-ի և 15 Pro Max-ի գերտաքացման խնդիրը:

iPhone 15-ի շարքի հեռախոսների տերերը նաև դժգոհում են iPhone 15-ի բարձրախոսների ձայնի որակից։ Մասնավորապես, նրանք նշում են, որ բարձրախոսների ձայնը 80 տոկոսից ավելի բարձրացնելու դեպքում ձայնը շատ է աղավաղվում և նմանվում է խռխռոցի և սուլոցի։