Ֆրանսիան վերացրել է iPhone 12-ի վաճառքի արգելքը iOS-ի թարմացումից հետո, որը նվազեցրել է ճառագայթման մակարդակը
Դիտումներ՝ *
11:24 2023-10-28

Ֆրանսիայի ռադիոհաճախականության ազգային գործակալությունը (AFNR) հայտարարել է, որ վերացնում է երկրի տարածքում iPhone 12-ի վաճառքի արգելքը։ Գործակալությունն այս որոշումը կայացրել է այն բանից հետո, երբ Apple-ը թողարկեց iOS-ի թարմացում, որը նվազեցնում է սմարթֆոնի ճառագայթման մակարդակը:

Սեպտեմբերին ֆրանսիական կարգավորիչ մարմինը հայտարարել էր, որ iPhone 12-ի ճառագայթման մակարդակը գերազանցում է օրենքով սահմանված չափաբաժինը, ինչի համար արգելվել էր այս մոդելի հեռախոսների վաճառքը: Այս ցուցանիշը որոշում է էլեկտրամագնիսական դաշտի էներգիան, որը կլանում է սմարթֆոնի սեփականատիրոջ մարմինը մեկ վայրկյանում: AFNR-ի սահմանափակումը վերաբերում էր միայն iPhone 12-ի բազային մոդելին:

Apple-ը գործակալությանը ներկայացրել էր iOS-ի թարմացում, որպեսզի այն վերանայի սահմանափակման վերաբերյալ որոշումը: Սեպտեմբերի վերջին կարգավորիչը հավանություն էր տվել iOS-ի թարմացման միջոցով իրականացված շտկմանը։ Փորձարկումները ցույց էին տվել, որ iPhone 12-ի ճառագայթման ցուցանիշը 5,74 Վտ/կգ-ից նվազել է 3,94 Վտ/կգ-ի։ Եվ քանի որ Ֆրանսիայում ստանդարտը 4 Վտ/կգ է, գործակալությունը որոշել է վերացնել արգելքը: Ճառագայթման բարձր մակարդակը կարող է տաքացնել մարդու մարմնի հյուսվածքները և տեսականորեն հանգեցնել դրանց վնասմանը։

iPhone 12-ի վաճառքի սահմանափակումը շարունակում է գործել Գվադելուպայի, Մարտինիկի, Գայանաի, Ռեյունիոնի, Մայոտի և Սեն-Մարտենի դեպարտամենտներում, քանի որ այս տարածքների համար iOS թարմացումը պետք է թողարկվի մինչև 2023-ի վերջ։ Ֆրանսիական այլ անդրծովյան տարածքներ, այդ թվում՝ Սուրբ Բարդուղիմեուսի կղզին, Նոր Կալեդոնիան, Ֆրանսիական Պոլինեզիան և այլ տարածքներ, գտնվում են տարբեր իրավական շրջանակների ներքո, պարզաբանել է AFNR-ը: