Պլաստիկ վիրաբույժ Մադինա Բայրամուկովան անվանել է ռետինոլը՝ վիտամին A-ն, յուղոտ և խնդրահարույց մաշկի համար ամենաօգտակար բաղադրիչներից մեկը: Բժիշկը Lenta.ru-ին պատմել է, թե ինչպես դա կարող է օգնել մաշկն ավելի գեղեցիկ և առողջ դարձնել։
Ռետինոլը նպաստում է մաշկի բջիջների արագացված կարգով նորացմանը և խթանում դրանց վերականգնումը, բացատրել է փորձագետը։ Սա, ասում է նա, բարելավում է մաշկի հյուսվածքը՝ դարձնելով այն ավելի հարթ և ձիգ: Ռետինոլի կանոնավոր օգտագործումն օգնում է նվազեցնել կնճիռները, պիգմենտացիան և մաշկի ծերացման այլ նշաններ:
Վիտամին A-ն նաև օգնում է նեղացնել ծակոտիները, ինչը հատկապես կարևոր է խնդրահարույց կամ յուղոտ մաշկ ունեցող մարդկանց համար։
Պզուկների դեմ պայքարում ևս արդյունավետ է ռետինոլը, շարունակել է Բայրամուկովան։ Այն օգնում է մաքրել ավելորդ ճարպը ծակոտիներից և կանխում է պզուկների առաջացումը: Ռետինոլը կարող է նաև օգնել նվազեցնել բորբոքումն ու կարմրությունը, հավելել է Lenta.ru-ի զրուցակիցը։
Բայրամուկովայի խոսքով՝ ռետինոլի կանոնավոր օգտագործումը բարելավում է մաշկի հյուսվածքն ու տոնուսը։ Այն խթանում է կոլագենի և էլաստինի արտադրությունը։ Արդյունքում մաշկը դառնում է ձգված և փայլուն։
«Ռետինոլի կոնցենտրացիան պետք է համաձայնեցնել կոսմետոլոգի հետ։ Նախքան ռետինոլ պարունակող միջոցներ օգտագործելը, դուք պետք է անցնեք զգայունության թեստ»,- ասել է պլաստիկ վիրաբույժը։