Շատ մարդիկ, ովքեր փորձում են նիհարել, թույլ են տալիս մի շարք սխալներ, որոնք ոչ միայն խանգարում են այս գործընթացին, այլև նպաստում են քաշի ավելացմանը: Իսկ դրանցից ամենատարածվածը սննդակարգի չափազանց խիստ սահմանափակումներն են, «Իզվեստիային» ասել է էնդոկրինոլոգ, դիետոլոգ, բ.գ.թ. Օքսանա Միխալևան:
«Առաջին սխալը, որը կարող է հանգեցնել քաշի զգալի ավելացման, սննդակարգի խիստ սահմանափակումներն են: Այսինքն՝ սա այն իրավիճակն է, երբ մարդն ուզում է արագ նիհարել ու խիստ դիետա է պահում՝ շատ քիչ կալորիաներ սպառելով։ Այս մոտեցումը հանգեցնում է նյութափոխանակության նվազման և մկանային զանգվածի կորստի, հատկապես, եթե սպիտակուցային սնունդը քիչ է: Իսկ այն բանից հետո, երբ մարդը վերադառնում է նորմալ սննդակարգի, նույնիսկ եթե ոչ ավելորդ, նա կարող է զգալի քանակությամբ ճարպային զանգված ձեռք բերել։ Հաճախ մարդիկ, ովքեր սկսում են նիհարել 60-70 կգ-ից, մի քանի տարի հետո ավելանում են մինչև 100 կգ կամ ավելի»,- ասել է Միխալևան։
Երկրորդ սխալը, ըստ նրա, ալկոհոլի չարաշահումն է դիետայի ժամանակ։ Սննդաբանը նշել է, որ ալկոհոլի հաճախակի օգտագործումը (շաբաթը մեկ անգամից ավելի) հանգեցնում է ավելորդ կալորիաների։ Բացի դրանից, ալկոհոլը հաճախ համալրվում է բարձր կալորիականությամբ նախուտեստներով:
«Երրորդ սխալը նիհարելն է, այսպես կոչված, մոնոդիետաներով, որոնք առաջարկում են ուտել միայն մեկ մթերք։ Օրինակ՝ միայն կեֆիր, ձու կամ միս։ Իրականում մոնոդիետաները հանգեցնում են օրգանիզմում սննդանյութերի անհավասարակշռության: Արդյունքում խախտվում է նյութափոխանակությունը և առաջանում է որոշակի նյութերի ընդգծված դեֆիցիտ։ Իսկ նման դիետան ավարտելուց հետո, որը, որպես կանոն, երկար չի տևում, քաշի ավելացում տեղի է ունենում կայծակնային արագությամբ»,- հավելել է Միխալեւան։
Մյուս տարածված սխալը, որը նշել է դիետոլոգը, ֆիզիկական ակտիվությանը բավարար ուշադրություն չդարձնելն է կամ ընդհանրապես չզբաղվելը։ Սա նաև հանգեցնում է մկանային զանգվածի կորստի՝ սննդակարգի և նյութափոխանակության նվազման պատճառով։
«Բացի դրանից, կարևոր է խուսափել այն իրավիճակներից, երբ օրվա ընթացքում քիչ սնունդ է լինում: Օրինակ, հաճախ է պատահում, որ մարդը ցերեկը չի ուտում կամ շատ քիչ է ուտում, իսկ երեկոյան ընթրում է առատ: Նման սննդակարգով նիհարելը շատ դժվար է, ուստի ավելի լավ է սնունդը հավասարաչափ բաշխել օրվա ընթացքում»,- եզրափակել է մասնագետը։