WhatsApp-ում 2 նոր գործառույթ կավելանա․ դրանք անսպասելի են, բայց շատ օգտակար
Դիտումներ՝ *
12:43 2023-09-14

Հանրահայտ WhatsApp մեսենջերը կունենա անսպասելի, բայց շատ օգտակար գործառույթներ. Meta կորպորացիան նախատեսում է մեսենջերին ավելացնել այլ մեսենջերներին, օրինակ՝ Telegram-ին հաղորդագրություններ ուղարկելու հնարավորություն։ Բացի դրանից, մեսենջերը գործարկում է ալիքների գործառույթը ավելի քան 150 երկրում, որպեսզի օգտատերերը կարողանան գաղտնի ստանալ թարմացումներ իրենց հետաքրքրող բաների մասին:

«Երրորդ կողմի չատեր» այլ մեսենջերների հետ

Ինչպես տեղեկացնում է The Verge, 2.23.19.8 համարով WhatsApp-ի բետա տարբերակում հայտնաբերված նոր գործառույթը կոչվում է «Երրորդ կողմի չատեր» և հնարավորություն է տալիս կոդավորված հաղորդագրություններ ուղարկել WhatsApp-ի միջոցով՝ օգտագործելով մեսենջերում ներկառուցված գործիքները:

Ըստ The Verge-ի՝ Meta-ն որոշել է WhatsApp-ում այս նոր հնարավորությունն ավելացնել անմիջապես այն բանից հետո, երբ Եվրահանձնաժողովը մեսենջերը ներառեց առցանց ծառայությունների ցանկում, որոնք չեն համապատասխանում ԵՄ թվային շուկաների ակտի (DMA) պահանջներին: Դրանք պետք է ուժի մեջ մտնեն 2024-ի մարտին և ենթադրում են, որ մեսենջերները պետք է ապահովեն այլ հավելվածների հետ տեղեկություններ փոխանակելու հնարավորություն։

WhatsApp-ի հետ մեկտեղ Եվրահանձնաժողովի «սահմանափակումների ցուցակում» ներառվել է ևս 21 առցանց ծառայություն, այդ թվում՝ Google-ը, TikTok-ը, LinkedIn-ը և այլ հայտնի հարթակներ:

Ալիքներ

WhatsApp մեսենջերը հայտարարել է, որ 150 երկրում գործարկում է ալիքների գործառույթը։ Օգտատերերը կարող են բաժանորդագրվել ալիքներին, դրանցից հաղորդագրություններ ուղարկել չատերին և դիտել ալիքների կատալոգը ավտոմատ ֆիլտրով, որը հաշվի է առնում երկիրը և այլ պարամետրեր:

Մշակողները այս նոր գործառույթում հատուկ ուշադրություն են դարձնում գաղտնիության վրա: Ալիքները ներկայացվում են չատերից առանձին, և մյուս բաժանորդները չեն կարող տեսնել, թե որ ալիքներին է բաժանորդագրված օգտատերը: Բացի դրանից, ծառայությունը պաշտպանում է ալիքի ադմինիստրատորների և բաժանորդների տվյալները:

Փորձարկման մեկնարկից ի վեր ալիքներում կատարված փոփոխությունների շարքում արժե առանձնացնել բարելավված կատալոգը: Այն ավտոմատ կերպով ֆիլտրում է ալիքները՝ ելնելով օգտատիրոջ գտնվելու վայրից: Բացի դրանից, ֆիլտրերը հասանելի են ալիքների որոնման համար ըստ նորության, ակտիվության, տարածվածության և բաժանորդների քանակի: Այժմ ալիքներում կարելի է նաև օգտագործել էմոջիները և տեսնել հաղորդագրությունների արձագանքների քանակը:

Ալիքի ադմինիստրատորները կարող են խմբագրել հաղորդագրությունները հրապարակվելուց հետո 30 օրվա ընթացքում: Երեսուն օր հետո թարմացումներն ավտոմատ կերպով ջնջվում են մեսենջերի սերվերներից: Օգտատերերը կարող են ալիքներից թարմացումները փոխանցել չատերին և խմբերին, իսկ հաղորդագրությունները կունենան համապատասխան ալիքների հղում:

Մշակողները նախատեսում են շարունակել բարելավել ալիքների հնարավորությունը՝ հաշվի առնելով օգտատերերի կարծիքները: Առաջիկա մի քանի ամիսների ընթացքում ալիքներ ստեղծելու հնարավորությունը հասանելի կլինի WhatsApp-ի բոլոր օգտատերերին։