Սմարթֆոնների համաշխարհային արտադրությունը հասել է 10 տարվա նվազագույնին
Դիտումներ՝ *
19:45 2023-09-05

2023-ի առաջին կիսամյակում սմարթֆոնների ընդհանուր արտադրությունը կազմել է 522 միլիոն միավոր՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 13,3%-ով պակաս, այս մասին ասվում է TrendForce վերլուծական ընկերության նոր զեկույցում։

Նշված 522 միլիոն սմարթֆոններից 272 միլիոնը թողարկվել է 2023-ի երկրորդ եռամսյակում։ Այս ցուցանիշը 6,6%-ով ավելի քիչ է, քան նախորդ եռամսյակի ցուցանիշը։ Միևնույն ժամանակ, առաջին եռամսյակում նախորդ տարվա համեմատ գրեթե 20%-ով ցածր արդյունք է գրանցվել։ TrendForce-ը նշում է, որ և՛ տարվա առաջին կիսամյակը, և՛ 2023-ի երկրորդ եռամսյակը վատագույնն է սմարթֆոնների արդյունաբերության պատմության մեջ վերջին 10 տարիների ընթացքում։

Վերլուծաբանները սմարթֆոնների շուկայում անկման երեք հիմնական պատճառ են նշում։ Առաջինն այն է, որ Չինաստանում արտադրական կենտրոններում համաճարակի սահմանափակումների մեղմացումից հետո բարձր պահանջարկն այդպես էլ չի վերականգնվել։ Երկրորդը Հնդկաստանից ակնկալվող պահանջարկի դանդաղ զարգացումն է, որի վրա հույսը դրել են շատ արտադրողներ: Երրորդը գործարաններում արտադրված սարքերի մեծ պաշարներն են, որոնք այնքան էլ լավ չեն սպառվում համաշխարհային տնտեսական բարդ իրավիճակի պատճառով։

Samsung-ը, Apple-ը և Xiaomi-ն շարունակում են մնալ ոլորտի առաջատարները երկրորդ եռամսյակում: Գլոբալ շուկայում ընկերությունների բաժնեմասը կազմել է համապատասխանաբար 19,8%, 15,4% և 12,9%։ Հաջորդը եղել են Oppo-ն (12,3%), Transsion-ը (9,2%) և Vivo-ն (8,5%):