Սրճախմությունը՝ որպես հաճելի և տարբերվող մշակույթ
Դիտումներ՝ *
19:34 2023-08-28

Միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում իրենց օրը սկսում են մեկ գավաթ սուրճով: Այն օգնում է առավոտյան արագ թարմանալ և առույգ մնալ ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում, ինչպես նաև՝ լավացնում է հիշողությունը, ուղեղի աշխատանքն ու տրամադրությունը։

Զարմանալի է, որ ինչքան շատ են սուրճի սիրահարները, այնքան էլ շատ՝ ըմպելիքի տեսակներն ու պատրաստման տարբերակները։ Սակայն մինչ դրանց անդրադառնալը, կարելի է ծանոթանալ սուրճի ծագման պատմությանը` ո՞րն է հայրենիքը, որտե՞ղից է սրճախմության ավանդույթը սկիզբ առել, ո՞վ է առաջինը հայտնաբերել և, ամենակարևորը, ե՞րբ և ինչպե՞ս է մտել հայերի կենցաղ:

Սուրճի հայրենիքն ու պատմությունը

Ամենատարածված վարկածներից մեկն այն է, որ լեգենդար ըմպելիքի հայրենիքը Եթովպիական Կաֆա գավառն է (հայտնաբերումը թվագրվում է Ք.ծ. 850 թվականին): Սուրճի հրաշալի հատկությունները մարդկությանը հայտնի դառնալու մասին կա մի հետաքրքիր լեգենդ: Մի անգամ հովիվը հետևելով այծերի հոտին` նկատում է, որ կենդանիները չափից ավելի աշխույժ են ու շարժուն: Նա առեղծվածը պարզելու համար դիմում է վանքի վանականին, որն էլ սկսում է հետևել, թե ինչով են սնվում այծերը: Այնուհետև նույն բույսից թուրմ է պատրաստում նաև հոգևորականների համար, որն օգտագործելուց հետո վերջիններս հասկանում են, որ գիշերային աղոթքը անցկացնում են առանց հորանջելու: Քանի որ Կաֆա քաղաքում էր, այդ բույսը հենց այդպես էլ սկսում են անվանել: Ի դեպ` սկզբում սուրճից պատրաստում էին ոչ թե ըմպելիք, այլ` ուտելիք: Այն խառնում էին կենդանական յուղին, գնդիկներ պատրաստում և տալիս զինվորներին` մարտի մեկնելուց առաջ:

Ըմպելիքի տարածումն ու մուտքը հայերի կենցաղ

Սուրճը համաշխարհային ճանաչում սկսել է ստանալ Եմենից, որտեղ այն տարել են արաբ վաճառականները։ Մինչև 12-րդ դարը նրանք ծամում էին հատիկները և խմում էին թուրմը, քանի որ հատիկից խմիչք պատրաստելու գաղափարը դեռևս չկար։ Մեկ դար անց նրանք սկսեցին չորացնել, բովել և աղալ հատիկները։ Նրանք սուրճը եփում էին՝ խմիչքին ավելացնելով տարբեր համեմունքներ, կոճապղպեղ և կաթ։

Արդեն 15-րդ դարում բավականին ակտիվ մշակում էին ծառերը, իսկ բերքը վաճառում Մերձավոր և Միջին Արևելքներում։ Ի դեպ՝ շուրջ 200 տարի Եմենը սուրճի սերմերի միակ արտահանողն էր արտաքին շուկա և պահպանում էր իր մոնոպոլիան։ Այնուհետև սուրճի պլանտացիաներ հայտնվեցին Ասիայում և այլ երկրներում։

Այսպես՝ տարիների ընթացքում սուրճը սկսում է աստիճանաբար նվաճել աշխարհը՝ անմասն չթողնելով նաև Հայաստանը:
Հայերի սրճախմության ավանդույթը գալիս է միայն 15-րդ դարից: Այստեղ ևս այն նման է արևելյան այլ երկրների ավանդույթներին։ Այն համարվում է կարևոր խմիչք, որը ցույց է տալիս տանտերերի հյուրընկալությունը: Ի դեպ` հայերը միակ ժողովուրդն են, որ «կոֆե»-ի փոխարեն ունեն հատուկ անվանում՝ «սև սուրճ»: Ըստ ավանդույթի՝ բառն առաջացել է սուրճ խմելու գործընթացի նկարագրությունից, որի ժամանակ առաջանում են «ս», «ր», «ճ» հնչյունները:

Սուրճի երանգները

Սուրճի հատիկների դասակարգումը բավական բարդ է այն ճշգրիտ ձևավորելու համար: Հետևաբար, սուրճի արդյունաբերության մեջ կա տեսակների և սորտերի պարզեցված ցանկ՝ հիմնված ամենահայտնիների վրա: Դրանցից առանձնացվում են երկուսը՝ Արաբիկան և Ռոբուստան, որոնք երկուսն էլ ունեն տարբերվող համ և տեսք։

Արաբիկան սուրճի ծառի ամենաթանկ տեսակն է, որն իր անունը ստացել է 7-րդ դարում, երբ սուրճը, հատելով Կարմիր Ծովը, Եթովպիայից ներթափանցեց ներկայիս Եմեն՝ տարածվելով արաբական աշխարհում։ Հետագայում արդեն արաբների շնորհիվ տարածվելով՝ սուրճը ստացավ «Արաբիկա» անվանումը՝ իբրև «Արաբական սուրճ»։

Իսկ Ռոբուստան հայտնագործվել է 1800-ական թվականներին Կոնգոյում, երբ այն դեռևս բելգիական գաղութ էր։ «Ռոբուստա» անվանումը ստացել է երկու պատճառով՝ նախ սուրճի այս տեսակի ծառը Արաբիկայի համեմատ ավելի դիմացկուն է բնակլիմայական պայմանների և վնասատու միջատների նկատմամբ, և երկրորդ՝ սուրճի այս տեսակում պարունակվում է կրկնակի ավելի կոֆեին, քան Արաբիկայում։ «Ռոբուստայի» հիմքում ընկած է անգլերեն “Boost” բառը, որն այս դեպքում ունի «ուժեղ» իմաստը։

Ավանդույթներ՝ կապված սրճախմության հետ

Արևելքի և Արևմուտքի սրճային մշակույթներն էականորեն տարբերվում են միմյանցից, սակայն բոլորն էլ իրենց հերթին որոշակի հետաքրքրություն են ներկայացնում։ Այսպես․

Եթովպիայում սուրճի պատրաստման ընթացքը հատուկ «ծիսակատարություն» է, որն անցկացնում է տանտերը։ Ըմպելիքը հյուրասիրվում է նախևառաջ ներկաներից ավագին՝ որպես հարգանքի նշան։ Իսկ հյուրի կողմից սուրճից հրաժարվելը համարվում է մեծ վիրավորանք։

Սիրիայում պատրաստվող սուրճը եվրոպացիներն անվանում են «սատանայական»։ Փոքրիկ բաժակի հատակին փայլող խիտ և սև հեղուկը չի կարելի խմել, այլ հարկավոր է շատ փոքր բաժնով փորձել՝ լեզուն չայրելու համար։ Տեղացիներն ըմպելիքը համարում են հատուկ միջոց՝ շատ հիվանդություններ բուժելու համար։

Հունաստանում աղջիկը կարող է սուրճ եփել և երիտասարդ տղամարդու հյուրասիրել։ Եթե սուրճը հաջող ստացված լինի՝ խիտ փրփուրով, ապա դա համակրանքի նշան է։ Եվ հակառակը՝ եթե սուրճն առանց փրփուրի է, հրաժարման նշան է։

Սաուդյան Արաբիայում երբ կինը գտնվում է հասարակական վայրում, թույլատրվում է սուրճ ըմպել միայն ամուսնու կամ մտերիմ հարազատի հետ։ Եթե նա օտար տղամարդուց ընդունի սուրճ խմելու հրավեր, նրան կձերբակալեն։

Թուրքիայում սուրճը համարվում է երկրի խորհրդանիշը։ Սրճախմության որոշ ավանդույթներ հասել են նույնիսկ մեր օրեր. օրինակ՝ հարսանիքից առաջ հարսը սուրճ է եփում փեսայի ծնողների համար։ Եթե վերջիններս գովում են ըմպելիքը, նշանակում է՝ որդին ճիշտ ընտրություն է կատարել։

Հեղինակ՝ Ասպրամ Համբարձումյան