iPhone 15-ի շնորհանդեսը տեղի կունենա սեպտեմբերի 12-ին․ ի՞նչ ձևաչափով կանցկացվի այն և ի՞նչ այլ նորույթներ կներկայացվեն
Դիտումներ՝ *
18:26 2023-08-28

Apple-ի հաջորդ միջոցառումը՝ նվիրված iPhone 15-ի, Apple Watch Series 9-ի և այլ նոր արտադրանքների շնորհանդեսին, կանցկացվի սեպտեմբերի 12-ին, այս մասին տեղեկացնում է Bloomberg-ի լրագրող Մարկ Գուրմանը։ Սպասվում է, որ Apple-ի նոր սարքերը գնելու նախապատվեր հնարավոր կլինի անել արդեն սեպտեմբերի 15-ին, իսկ դրանց վաճառքը կսկսվի սեպտեմբերի 22-ին։

Նա նշել է, որ գալիք միջոցառումն իր ձևաչափով նման կլինի անցյալ տարվա iPhone 14-ի շնորհանդեսին, այսինքն՝ շնորհանդեսի նախապես արված տեսագրությունը կհեռարձակվի առցանց, որը կդիտեն նաև Apple-ի հյուրերը ընկերության գլխավոր գրասենյակում: Նրանք նաև հնարավորություն կունենան տեղում գնահատել նոր iPhone-ի և Apple Watch-ի հնարավորությունները։

Բացի դրանից, ակնկալվում է, որ այս տարվա հոկտեմբերին Apple-ը կներկայացնի ևս մեկ նոր արտադրանք։ Խոսքը Apple M3 պրոցեսորով առաջին Mac համակարգիչների մասին է։ Սակայն այս պահին հայտնի չէ՝ արդյոք ընկերությունը նախատեսում է առանձին միջոցառում կազմակերպել այս նոր արտադրանքի շնորհանդեսի համար։

Apple-ը նաև շարունակում է պատրաստվել iOS 17 և watchOS 10 օպերացիոն համակարգերի թողարկմանը: Սովորաբար, iOS-ի կայուն տարբերակները թողարկվում են iPhone-ի շնորհանդեսից մի քանի օր անց, այնպես որ, կարելի է ակնկալել, որ iOS 17-ը և watchOS 10-ը կթողարկվեն սեպտեմբերի կեսերին:

Անցյալ շաբաթ Apple-ը թողարկեց iOS 17-ի և watchOS 10-ի յոթերորդ բետա տարբերակները՝ հաստատելով, որ ծրագրաշարի կայուն տարբերակները կլինեն շուտով: Վերջերս թողարկվեց նաև macOS Sonoma-ի վեցերորդ բետա տարբերակը, սակայն ՕՀ-ի կայուն տարբերակի թողարկումը, հավանաբար, տեղի կունենա հոկտեմբերից ոչ շուտ։

Ինչ վերաբերում է Apple-ի առաջիկա միջոցառմանը, ապա ակնկալվում է, որ iPhone 15-ի և Apple Watch Series 9-ի հետ կներկայացվեն նաև Watch Ultra երկրորդ սերնդի խելացի ժամացույցները։ Թերևս այս իրադարձությունն այնքան նորարարական չի լինի, որքան հունիսի շնորհանդեսը, որի ժամանակ ներկայացվեց Vision Pro խառը իրականության սարքը: Այնուամենայնիվ, սմարթֆոններն ու խելացի ժամացույցները ընկերությանը շատ ավելի մեծ գումար են բերում և կազմում են վաճառքի մեծ մասը, գոնե առայժմ: