Կյանքի դասեր Էմիլի Բրոնտեից
Դիտումներ՝ *
16:32 2023-07-31

Էմիլի Բրոնտեն 19-րդ դարի գրականության նշանավոր ներկայացուցիչներից է: Թեև կարճ էր Բրոնտեի կյանքը, բայց նա հասցրեց մեծ հետք թողնել ինչպես համաշխարհային պոեզիայի, այնպես էլ վիպագրության վրա:

Այսօր անգլիացի գրող Էմիլի Բրոնտեի ծննդյան օրն է։

Էմիլի Բրոնտեն պոետ էր և վիպասան, ուսուցիչ, տնային տնտեսուհի, նկարչուհի և երազող։ Էմիլին մահացավ 31 տարեկանում և իր հետևում թողեց անընդհատ ընդլայնվող ժառանգություն:

Նրա «Մոլեգին հողմերի դարավանդը» վեպը, որն առաջին անգամ հրատարակվել է 1847 թվականին, դեռևս անգլերենով ամենավաճառվող դասական վեպերի հնգյակում է:

Ներկայացնում ենք Էմիլի Բրոնտեից մի քանի անփոխարինելի կյանքի դասեր։

Մշտապես զբաղվեք նրանով, ինչը ձեզ ոգեշնչում է

Բրոնտեի ընտանիքը հասարակ ծագում ուներ, ուստի երբ քույրերն ու եղբայրները մեծացան, նրանց ապրուստի միջոց էր անհրաժեշտ: Էմիլին անցել է ուսուցչի աշխատանքի, բայց երբեք չի գտել կայունություն կամ ուրախություն այդ դերում: Փող աշխատելու իր փորձությունների ընթացքում նա շարունակում էր թղթի վրա ձևավորել իր սեփական աշխարհները: Ուսուցչությունը չէր համապատասխանում նրա անհատականությանը: Նա ի վերջո դարձավ Բրոնտեների տան տնային տնտեսուհին: Պատմում էին, որ նրա մոտ միշտ մատիտ է եղել, նույնիսկ երբ տնային աշխատանք էր անում։ Նա շարունակ կատարելագործում էր իր տաղանդը՝ հետևելով սրտի ձայնին։

Ձեր հեքիաթն ստեղծեք

Էմիլին կորցրել է մորը, երբ ընդամենը երեք տարեկան էր։ Նրա հայրն անընդհատ աշխատում էր և ժամանակ չուներ երեխաների հետ զրուցելու, զբոսնելու համար, ուստի նա և իր եղբայրներն ու քույրերը մուտք էին գործել երևակայության, կարդալու և գրելու աշխարհ՝ հաղթահարելու իրենց միայնությունը: Նրանք իրենց հեքիաթային աշխարհներն էին ստեղծել իրենց երևակայության մեջ։

Էմիլին սկսել էր բանաստեղծություններ գրել, շուտով նրան միացան նաև մյուս քույրերը, և 1846 թ․ Բրոնտե քույրերը հրատարակեցին «Բանաստեղծություններ» վերնագրով գրքույկը արական անուններով՝ Էլիս Բել (Էմիլի), Քարեր Բել (Շառլոտա) և Էքթոն Բել (Աննա):

Բնակության վայրը որևէ նշանակություն չունի

Էմիլին մեծացել է Անգլիայում՝ Թորնթոնում՝ մեծ քաղաքից հեռու։ Էմիլին թույլ չտվեց, որ միջոցների, կապերի բացակայությունը խանգարի իր ստեղծագործելուն: Բրոնտեն գաղափար անգամ չուներ, թե ինչ ճակատագիր կունենան իր գրվածքները: Փաստորեն, նա մահացավ «Մոլեգին հողմերի դարավանդը» վեպի հրապարակումից ընդամենը մեկ տարի անց: Նրա գործերը ֆեմինիստական հնչերանգներ ունեն, նա տարբերվում էր իր համարձակությամբ, չնայած ապրում էր մեծ քաղաքից հեռու։

Ընդարձակեք Ձեր ոգեշնչման աղբյուրները

Բրոնտեն երաժշտության դասեր է առել, նկարել, փորագրությամբ զբաղվել: Նա սիրում էր կենդանիներին և հատուկ նկարում էր թռչուններին: Էմիլին արվեստ էր արարում բոլոր միջոցներով. ջրաներկ, էսքիզներ, թանաք և փորագրություն։ Բնությունն ու արվեստը մեծ ազդեցություն են ունեցել նրա գրականության վրա։ Նա չէր սահմանափակվում որևէ զբաղմունքով, այլ անընդհատ փորձում էր իրացնել իր անհատականությունը։

Հավատացեք Ձեր ապագային

Այսօր Բրոնտեին կարելի է համարել առաջին ֆեմինիստներից մեկը, նրա գրելու ոճը առաջնորդեց շատ կանանց, որոնք հանդես եկան նրանից հետո: Նա տնային տնտեսուհի էր, սկզբում տպագրվում էր արական կեղծանունով, քանի որ կանանց ստեղծագործելը չէր խրախուսվում։ Երբ տպագրվեց «Մոլեգին հողմերի դարավանդը», նա արժանացավ կոշտ քննադատության, բայց և ունեցավ անասելի հաջողություն։

Ամենաընթերցված