Լուսնի վրա գրանիտի մեծ շերտ է հայտնաբերվել․ այն ավելի նման է Երկրին, քան ենթադրվում էր
Դիտումներ՝ *
12:43 2023-07-11

Գիտնականները, միկրոալիքային գործիքների կիրառմամբ ուսումնասիրելով Լուսնի հակառակ կողմի մակերեսը, հայտնաբերել են որոշակի «թեժ կետ», որը, ըստ մի խումբ ամերիկացի գիտնականների, գրանիտի մեծ շերտ է։ Սա նշանակում է, որ Լուսինն ավելի շատ է նման Երկրին, քան ընդունված էր ենթադրել։

Հրաբխային ծագում ունեցող գրանիտե ապարները տարածված են Երկրի վրա, սակայն Արեգակնային համակարգի այլ վայրերում դրանք գրեթե բացակայում են: Սակայն հիմա, հնարավոր է, որ գիտնականների հայտնաբերածը Լուսնի հեռավոր կողմի մակերեսի տակ գտնվող գրանիտե մեծ օբյեկտ է։

Բացահայտումն արձանագրվել է չինական Chang’e-1 և Chang’e-2 անօդաչու սարքերի միկրոալիքային սարքերի միջոցով: Հետազոտողները կիրառել են նաև ամերիկյան լուսնային ուղեծրային LRO կայանի, աշխատանքը դադարեցրած Lunar Prospector ապարատի, ինչպես նաև Chandrayaan-1 (Հնդկաստան) և Apollo (ԱՄՆ) առաքելություններից ստացված տվյալները:

Չինական սարքերն օգնել են քարտեզագրել Լուսնի մակերևույթի տակ գտնվող ջերմաստիճանը. միկրոալիքային ռադիոմետրիան թույլ է տալիս զննել 0,3-ից 5,6 մ խորության վրա և չափել ժայռերի ջերմաստիճանը: Լուսնի հեռավոր կողմում գտնվող Կոմպտոն և Բելկովիչ խառնարանների միջև հայտնաբերվել է ինչ-որ «թեժ կետ», որի բնույթը տեղագրությունը չի կարողացել բացատրել։ Պարզվել է, որ միակ հավանական տարբերակը ստորգետնյա ջերմային աղբյուրն է:

Այս վայրում կա հրաբուխ, որը վերջին անգամ ժայթքել է մոտ 3,5 միլիարդ տարի առաջ։ Օբյեկտը, որի լայնությունը մոտ 50 մ է, ենթադրաբար գրանիտի շերտ է՝ սառած մագմա: Այն պարունակում է ռադիոակտիվ տարրեր՝ ուրանի և թորիումի բարձր խտություն, ինչը, գիտնականների համոզմամբ, հանգեցրել է մակերեսի տաքացմանը։

Հետազոտողները եկել են այն եզրակացության, որ մեծ հրաբուխը ժամանակին սնվել է դրա տակ գտնվող մագմայի հսկայական խցիկից: Ամերիկյան Apolon ծրագրի առաքելությունների շրջանակում Լուսնից ստացվել են գրանիտե նյութի նմուշներ, սակայն այս մեծության օբյեկտներ նախկինում հնարավոր չի եղել հայտնաբերել: Շերտի չափը, ըստ գիտնականների, ցույց է տալիս, որ Լուսինն ավելի նման է Երկրին, քան նախկինում ենթադրվում էր