Գիլյերմո Դել Տորոն ժամանակակից անիմացիան «էմոցիոնալ պոռնոգրաֆիա» է անվանել
Դիտումներ՝ *
10:52 2023-06-18

Ռեժիսոր Գիլյերմո Դել Տորոն World of Reel-ին հայտնել է, որ նախատեսում է վերջին մի քանի ֆիլմերի ավարտից հետո աշխատել անիմացիայի շուրջ:

«Ինձ համար անիմացիան արվեստի ամենամաքուր ձևն է և գողացվել է մի խումբ խուլիգանների կողմից: Մենք պետք է փրկենք այն: Եվ ես կարծում եմ, որ մենք կարող ենք շատ լավ բաներ բերել անիմացիոն աշխարհ»,- ասել է Դել Տորոն։

Նա պարզաբանել է, որ իրեն զայրացնում է էմոցիաների ուռճացումը, որը կարելի է նկատել նման նախագծերի մեծ մասում։ Ռեժիսորը կարծում է, որ ժամանակակից անիմացիան հաճախ ձեռք է բերում դեռահասների վեպի տեսք, որտեղ հերոսներն իրենց պահում են «էմոջիի ոճով»։ Դել Տորոն բացատրել է, որ իրեն զայրացնում է, երբ կերպարներն անբնական սադրիչ դիրքեր են ընդունում կամ հոնքերը վեր բարձրացնում:

«Ինչո՞ւ են բոլորն իրենց այնպես պահում, կարծես սիթքոմում են: Կարծում եմ, որ դա զգացմունքային պոռնոգրաֆիա է: Բոլոր ընտանիքները երջանիկ են, արագաշարժ, յուրաքանչյուրն ունի միայն մեկ արտահայտություն․ Դե, հայրս ձանձրալի էր։ Ես ձանձրալի էի: Իմ ընտանիքում բոլորը ձանձրալի էին: Բայց մենք միավանկ բառակապակցություններով չէինք խոսում»,- ասել է ռեժիսորը:

Դել Տորոն կարծում է, որ անիմացիան պետք է ավելի մոտ լինի մարդկանց իրական կյանքին։ Նրա կարծիքով՝ հենց այդպիսի գործերն են, որ դուր կգան դիտողին։

2023 թվականի մարտին Գիլյերմո Դել Տորոն «Օսկար»-ի արժանացավ «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում՝ Պինոքիոյի մասին հայտնի հեքիաթի մեկնաբանման համար։

Ամենաընթերցված