Ո՞րն է ծրագրավորման ամենատարածված լեզուն 2023-ին
Դիտումներ՝ *
18:14 2023-06-14

2023-ին ծրագրավորման ամենատարածված լեզուն, ըստ ՏՏ ոլորտի մասնագետների, JavaScript-ն է։ Այս տվյալները հիմնված են ծրագրավորողների շրջանում Stack Overflow կայքի անցկացրած հարցման արդյունքների վրա։

Աղբյուրը նշում է, որ հարցմանը մասնակցել է շուրջ 90,000 ՏՏ մասնագետ ամբողջ աշխարհից։ Ամենահայտնի լեզուների ցանկում, ինչպես միշտ, JavaScript-ն առաջատարն է, այն ընտրել է հարցվածների 63,61%-ը։ Լավագույն եռյակում ներառված են այնպիսի լեզուներ, ինչպիսիք են HTML/CSS-ը և Python-ը՝ 52,97% և 49,28% համապատասխանաբար:

Ամենատարածված լեզուների տասնյակում են հայտնվել նաև Java-ն (30,55%), C#-ը (27,62%) և C++-ը (22,42%)։ Ինչպես և ակնկալվում էր, Kotlin-ը և Dart-ը գերազանցում են Swift-ին, սակայն ծրագրավորման այս երեք հայտնի լեզուները ծրագրավորողների հարցման արդյունքում հավաքել են 10%-ից պակաս ցուցանիշ:

Մասնագետների միջև հեռակա կապի և խնդիրների լուծման գործիքների շարքում այս տարի հաղթել է Microsoft Teams-ը (51,71%)։ Երկրորդ և երրորդ տեղերում են Slack-ը (47,59%) և Zoom-ը (45,25%): Անցյալ տարի Zoom-ը ցուցակի առաջատարն էր:

Ավելի վաղ հարցումը հաստատել էր նաև, որ ծրագրավորողներն աստիճանաբար սկսել են արհեստական ​​բանականության գործիքներ կիրառել իրենց աշխատանքում, թեև որոշ ընկերություններ, օրինակ՝ Apple-ը, անվտանգությունից ելնելով իրենց աշխատակիցներին արգելել են օգտվել արհեստական բանականությամբ աշխատող ChatGPT նեյրոցանցից։

Հարցվածների ճնշող մեծամասնությունը նշել է, որ դրական է տրամադրված աշխատանքային գործընթացում արհեստական բանականության գործիքների օգտագործմանը: Այնուամենայնիվ, շատերը դեռ կասկածում են արհեստական բանականության տրամադրած տվյալների հավաստիությանը, ուստի պարբերաբար կրկնակի ստուգում են նման գործիքների աշխատանքը: