Ավելի քան 38,000,000 դոլար. աշխարհում եբրայերեն ամենահին Աստվածաշունչը վաճառվել է աճուրդում
Դիտումներ՝ *
12:20 2023-06-04

Եբրայերեն ամենահին Աստվածաշունչը` Codex Sassoon-ը, որը թվագրվում է մ.թ. 9-րդ դարի վերջին-10-րդ դարի սկզբին, 38,1 միլիոն դոլարով վաճառվել է Նյու Յորքի Sotheby’s աճուրդում։ Այս մասին, ինչպես գրում է nytimes.com-ը, աճուրդի տունը հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում։

Ձեռագիրը գնել է Թել Ավիվում գործող «ANU՝ Հրեա ժողովրդի թանգարան» կազմակերպությունը:

Աղբյուրը մանրամասնում է, որ Codex Sassoon-ը երբևէ հայտնաբերված եբրայերեն ամենահին և ամբողջական պահպանված Աստվածաշունչն է: Այն պարունակում է եբրայերեն Աստվածաշնչի բոլոր 24 գրքերը (Թանախ), բացառությամբ Ծննդոցից որոշ էջերի։

Ենթադրվում է, որ ձեռագիրը ստեղծվել է Իսրայելում կամ Սիրիայում և ունի 396 մագաղաթյա էջ: Այն անվանվել է իր նախկին սեփականատերերից մեկի՝ հավաքորդ Դավիթ Սողոմոն Սասունի անունով:

Codex Sassoon-ի ստեղծման համար օգտագործվել է մոտ 400 մագաղաթյա թերթ և 100-ից ավելի կենդանիների կաշի:Ենթադրվում էր, որ ձեռագիրը կորած էր ավելի քան վեց դար՝ Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող սինագոգի ոչնչացումից հետո, որտեղ այն պահվում էր: Ձեռագիրը հայտնաբերվել է 1929 թվականին, որից հետո այն գնել է հավաքորդ Դավիթ Սողոմոն Սասունը։

Codex Sassoon-ը վերջին անգամ աճուրդում վաճառվել է 1989 թվականին՝ 3,19 միլիոն դոլարով (ընթացիկ փոխարժեքով մոտ 8 միլիոն դոլար): 1989 թվականից դրա սեփականատերը շվեյցարացի ֆինանսիստ և հավաքորդ Ժակկի Սաֆրան էր։