«Հազվադեպ օրեր էին լինում առանց պատժի». ինչո՞ւ էր Տուրգենևն ատում մորը
Դիտումներ՝ *
20:35 2023-06-02

Գրող Իվան Տուրգենևի մայրը դարձավ դաժան տիրակալի նախատիպը նրա «Муму», «Собственная господская контора» և այլ պատմվածքներում: Բազմաթիվ հետազոտողներ գրել են Վարվառա Տուրգենևայի ճակատագրի և բնավորության մասին, որը դժվար մանկությունից հետո հսկայական ժառանգություն է ստացել իր հորեղբորից և կարծես վրեժ է լուծել ուրիշներից իր անցյալի համար։

Այն մասին, թե ինչ հետք է թողել Տուրգենևան որդու կյանքում…

Դժվար մանկություն

Գրողի մայրը՝ Վարվառա Պետրովնա Տուրգենևան (ծնվ. Լուտովինովա), ծնվել է 1787 թվականի դեկտեմբերի 30-ին։ Հայրը մահացել է դստեր ծնվելուց առաջ, իսկ մայրը նրան չի մեծացրել և տվել է մորաքույրներին։ Երբ Վարվառան դարձել է 8 տարեկան, մայրն ամուսնացել է և նրան տարել իր մոտ։

Հաջորդ ութ տարին աղջիկն ապրել է սարսափելի միջավայրում՝ խորթ հայրը ծեծել է և վիրավորել նրան։ 16 տարեկանում սկսել է սեռական հետաքրքրություն ցուցաբերել Վարվառայի նկատմամբ, և աղջիկը որոշել է բնակություն հաստատել իր հորեղբոր՝ Իվան Լուտովինովի մոտ։

«Նա ուրախությամբ չընդունեց եղբոր դստերը, բայց, այնուամենայնիվ, մտավ նրա դրության մեջ և պահեց իր մոտ», – գրում է Յուրի Լեբեդևը «Тургенев» կենսագրական գրքում։

«Չոր ու անզգացմունք մի մարդ, որն իր միայնակ կյանքում չգիտեր ջերմ ազգակցական հարաբերություններն ինչ են, Իվան Իվանովիչը բոլորովին չէր մտածում աղջկա մասին և չէր սիրում նրան։ Վարվառա Պետրովնայի համար ևս երեք տարի անցավ կատարյալ մենության մեջ և պարբերաբար կրկնվող բախումներ ծերուկի հետ, որը խելքը գցել էր՝ տարված իր հարստությամբ»։

Հայտնի է, որ հորեղբայրը Վարվառային կրթության է տվել, բայց միևնույն ժամանակ վերահսկել է նրա ամեն քայլը և նույնիսկ փակի տակ է պահել։

Ժառանգություն

1813 թվականին Լուտովինովը մահացավ դեղձի կորիզից խեղդվելով, և Վարվառան դարձավ նրա մեծ հարստության ժառանգորդը։

«Նա 26 տարեկան էր, երբ դաժան ճակատագիրը վերջապես խղճաց նրան և անսպասելիորեն մեծահոգաբար դարձրեց նրան հսկայական հարստության միակ և ինքնիշխան տիրուհի»,- գրում է Լեբեդևը։

«Միայն Օրյոլի կալվածքներում հաշվվում էր 5 հազար ճորտ, իսկ Օռլովից բացի՝ գյուղեր կային նաև Կալուգա, Տուլա, Տամբով, Կուրսկ նահանգներում։ Սպասկոյեում արծաթյա սպասքի մեկ կտորը 60 փութ էր, իսկ Իվան Իվանովիչի կուտակած կապիտալը՝ 600 հազար ռուբլի»,- գրում է նա։

Հարստության հետ մեկտեղ, Վարվառան ունեցավ ազատություն ու իշխանություն։ Նա արագորեն վերցրեց կալվածքների կառավարումն իր ձեռքը. նրա որոշմամբ ցանվեցին տարբեր մշակաբույսերի և կտավատի դաշտեր: Վարվառան ուներ ջրաղաց, ձիթհան․․․

Չնայած հարստությանը՝ երիտասարդ հողատիրուհու հետ ամուսնանալու ցանկություն ունեցողներ երկար ժամանակ չկային։ Պոտենցիալ թեկնածուները վախենում էին Վարվառայի աննախանձելի արտաքինից և բարդ բնավորությունից։

«Տգեղ, ցածրահասակ, թեթևակի կռացած… նա ուներ երկար և միևնույն ժամանակ լայն քիթ, մաշկի խոր ծակոտիներ: Նրա աչքերը սև էին, չար և տհաճ», – այսպես էին նկարագրում նրան ժամանակակիցները: Նրանք նաև հիշում են, որ Վարվառան այդ ժամանակ ուներ «տղամարդկային» նախասիրություններ, որոնցից էին ատրճանակով կրակելը և բիլիարդ խաղալը։

Ամուսնություն Սերգեյ Տուրգենևի հետ

Ըստ գրողի՝ իր հայրը՝ Սերգեյ Տուրգենևն ամուսնացել է Վարվառայի հետ հաշվարկով։ Նա սպա էր, իր ընտրյալից 10 տարի փոքր, որը սկսեց շփվել աղջկա հետ բանակի համար ձիեր գնելու ժամանակ: Հարսանիքը տեղի է ունեցել 1816 թվականի հունվարի 14-ին։

«Հայրս՝ դեռ երիտասարդ և շատ գեղեցիկ տղամարդ, ամուսնացավ նրա հետ հաշվարկով. նա իրենից մեծ էր տասը տարի։ Մայրս տխուր կյանք է ունեցել. նա անընդհատ անհանգստանում էր, խանդում», – գրել է Տուրգենևը «Առաջին սեր» պատմվածքում:

Սկզբում զույգն ապրել է Օրյոլում, որտեղ 1816 թվականին ծնվել է նրանց որդին՝ Նիկոլայը, իսկ 1818 թվականին՝ Իվանը։ Հետո ընտանիքը երկար ժամանակով տեղափոխվել է Սպասկոյե-Լուտովինովո կալվածք։ Հայտնի է, որ Տուրգենևները դավաճանել են միմյանց, իսկ 1833 թվականին Վարվառան դուստր է լույս աշխարհ բերել ընտանեկան բժիշկ Անդրեյ Բերսից։ Հողատիրուհին դստերն անվանել է իր անունով․ երկար տարիներ անց նա հայտնի դարձավ որպես գրող Վարվառա Ժիտովա։

Իշխանություն ենթակաների նկատմամբ

Ծառաներին հաճախ մտրակում էին և երկար ժամանակով բաժանում ընտանիքներից, ուղարկում հեռավոր աշխատանքի։ Պահանջկոտ կալվածատիրուհու մոտ ամեն ինչ գրանցված էր ժամ առ ժամ, և այդ կարգի խախտումը հղի էր լուրջ պատիժներով։ Ինչպես հիշում էին երեխաները, Վարվառան հաճախ էր արտաբերում՝ «Կուզեմ՝ մահապատժի կենթարկեմ, կուզեմ՝ կներեմ»։

Հաճախ Վարվառայի խնդրանքները նմանվում էին անիմաստ քմահաճույքների, որոնց ոչ ոք չէր համարձակվում հակադարձել։ Մի օր նա կարդացել էր, որ խոլերան փոխանցվում է «օդով» և օգնականին ասել. «Ինձ համար այնպիսի բան կազմակերպիր, որ քայլելիս կարողանամ տեսնել ինձ շրջապատող բոլոր առարկաները, բայց վարակված օդը կուլ չտամ»:

Երբ Վարվառան ճամփորդում էր կալվածքներով, նրա կառքին միշտ հետևում էին կցասայլեր, որոնցում կային բժիշկ, լվացք անող, սպասուհի և խոհարար:

Տուրգենևի հարաբերությունները մոր հետ

Իր հուշերում Վարվառա Ժիտովան գրել է, որ իր մայրը կարծես «իր դժբախտ մանկության վրեժը լուծել է ուրիշներից» և փորձել է անել ամեն ինչ, որպեսզի մյուսները նույն տառապանքն ապրեն։ Նրա խոսքով՝ դա ամենից շատ տանջել է Իվան Տուրգենևին՝ իր բարության պատճառով։ Նա պատմել է, որ մոր հիվանդության ժամանակ՝ 1837-1838 թվականներին, գրողը գիշերներ է անցկացրել նրա մահճակալի մոտ, և նրա օրոք կալվածատիրուհին մեղմ է դարձել։

«Նրա ներկայությամբ նա բոլորովին այլ մարդ էր, ուստի նրա ներկայությամբ ամեն ինչ հանգստանում էր, ամեն ինչ՝ ապրում: Նրա ներկայությամբ մայրը ոչ միայն որևէ մեղք չէր բարդում որևէ մեկի վրա, այլև նույնիսկ ավելի ներողամիտ էր վերաբերվում իրական մեղք գործածին. նա բարեսիրտ էր դառնում, կարծես հանուն որդու դեմքի լավ արտահայտության»,- գրել է Ժիտովան։

Նա նշել է, որ այս պահերը շատ արագ փոխարինվում էին զայրույթի նոպաներով, և մոր և որդու հարաբերությունները տարիների ընթացքում վատացան: Մայրը չէր կիսում Իվանի հետաքրքրությունը գրականության նկատմամբ և հիասթափված էր, որ Նիկոլայը թողել է քաղաքացիական ծառայությունը։ Երեխաների նկատմամբ իշխանությունը չկորցնելու համար նա չէր շտապում իր ունեցվածքի թեկուզ չնչին մասը հատկացնել նրանց։ Ժիտովայի խոսքով՝ մի անգամ Տուրգենևը չի դիմացել և ասել է. «Մենք միշտ եղել ենք հարգալից որդիներ, բայց դու հավատ չունես մեր նկատմամբ, ու ընդհանրապես ոչ մեկի և ոչ մի բանի նկատմամբ։ Դու միայն հավատում ես քո իշխանությանը: Իսկ ի՞նչ տվեց այն քեզ: Բոլորին խոշտանգելու իրավունք»։

Շատ տարիներ անց գրողը խոստովանել է, որ մանկությունից «ոչ մի լուսավոր հիշողություն» չի մնացել։

«Ես մորիցս վախենում էի, ինչպես կրակից։ Ամեն մանրուքի համար պատժվում էի։ Հազվադեպ օր էր լինում, որ անցնում էր առանց պատժի: Երբ համարձակվում էի հարցնել, թե ինչո՞ւ եմ պատժվում, մայրս հայտարարում էր. «Դու ավելի՛ լավ կիմանաս, գուշակի՛ր»:

Վարվառայի կերպարը որդու ստեղծագործություններում

Արդեն մոր մահից հետո Տուրգենևը սկսեց նրա կերպարը տեղափոխել իր ստեղծագործություններ: «Собственная господская контора» պատմվածքում կալվածատիրուհին կառավարում էր իր հպատակներին որպես ինքնակալ կայսրուհի՝ ցանկացած առիթով հաշվետվություններ պահանջելով նրանցից։ «Պունին և Բաբուրին»-ում տատիկի կերպարը նույնպես ոգեշնչվել է Վարվառա Պետրովնայից։ Հերոսուհու ամենահայտնի օրինակներից մեկը, որի նախատիպը Տուրգենևի մայրն էր, «Մումու»-ում կալվածատիրուհու կերպարն է։ Նա պատմվածքում նկարագրված է հետևյալ կերպ. «Տանն այնքան էլ չէին սիրում, երբ տիկինն ուրախ էր, քանի որ նա զայրանում էր, եթե մեկի դեմքը հաճույքից չէր փայլում, և երկրորդ, այդ պոռթկումները երկար չէին տևում. և դրանք սովորաբար փոխարինվում էին մռայլ ու վատ տրամադրությամբ…»: