Իլոն Մասկի Neuralink-ը մարդկանց ուղեղում չիպեր փորձարկելու թույլտվություն է ստացել
Դիտումներ՝ *
15:45 2023-05-26

Միացյալ Նահանգների Սննդի և դեղերի վարչությունը (FDA) ամերիկացի ձեռնարկատեր, ճարտարագետ Իլոն Մասկին պատկանող Neuralink ընկերությանը թույլ է տվել կլինիկական փորձարկումներ կատարել մարդկանց վրա: Այդ մասին ուղեղի համար չիպեր արտադրող ընկերությունը հայտնել է իր Twitter-յան էջում:

«Մենք ուրախ ենք հայտնել, որ ստացել ենք FDA-ի հավանությունը՝ սկսելու մեր առաջին կլինիկական հետազոտությունը մարդկանց վրա: Սա Neuralink-ի թիմի անհավատալի աշխատանքի արդյունքն է՝ FDA-ի հետ սերտ գործակցությամբ, և ներկայացնում է կարևոր առաջին քայլը, որը մի օր թույլ կտա մեր տեխնոլոգիաներին օգնել շատ մարդկանց»,- գրել է ընկերությունը:

Neuralink-ը հավելել է, որ կլինիկական փորձարկման համար մարդկանց հավաքագրումը դեռ չի սկսվել. դրա մասին կհաղորդվի առաջիկայում:

Ընկերությունը նման թույլտվության համար դիմում էր ներկայացրել անցյալ տարվա սկզբին: 2022 թ.-ի դեկտեմբերին Reuters-ը հաղորդել էր, որ ամերիկյան իշխանությունները հետաքննություն են սկսել Neuralink-ի նկատմամբ՝ կապված փորձարկումների ժամանակ կենդանիների իրավունքների խախտման հետ: Իսկ այս տարվա մարտին Reuters-ի աղբյուրները հաղորդել էին, որ FDA-ը չի հաստատել մարդկանց վրա չիպի փորձարկումը, քանի որ սարքի լիթիումային մարտկոցի անվտանգության հետ կապված մտավախություններ կային:

Ամենաընթերցված