Մասնագետներն առաջարկում են լուսացույցներին ավելացնել ևս մեկ գույն՝ ինքնավար մեքենաների համար
Դիտումներ՝ *
15:32 2023-02-18

Երթևեկությունը կարգավորող ավանդական լուսացույցները, որոնք ներառում են կարմիր, դեղին և կանաչ լույսերը, հարմարեցված են սովորական մեքենաների երթևեկության հոսքի համար, սակայն ոչ ինքնավար մեքենաների: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինքնավար մեքենաների թիվը տարեցտարի ավելանում է, լուսացույցի սովորական դիզայնը կարող է որոշակի փոփոխությունների ենթարկվել։

Հյուսիսային Կարոլինայի համալսարանի (ԱՄՆ) գիտնականներն առաջարկում են դրանց վրա ավելացնել լրացուցիչ սպիտակ լույս, ինչը կօգնի օպտիմալացնել երթևեկության ժամանակը և հասնել վառելիքի զգալի խնայողության:

Առաջարկի էությունը հիմնված է այն փաստի վրա, որ, մոտենալով խաչմերուկին, ինքնավար մեքենաները սկսում են ակտիվորեն փոխազդել միմյանց հետ։ Սա թույլ է տալիս նրանց «նախապես իմանալ», թե յուրաքանչյուր մեքենա ինչ հաջորդականությամբ է անցնելու խաչմերուկը։ Այսպես կոչված, «սպիտակ փուլի» հայեցակարգը ներառում է նաև նոր ճանապարհային ազդանշան, որպեսզի մարդ վարորդներն իմանան, թե ինչ պետք է անեն: Լուսացույցների կարմիր և կանաչ լույսերը կունենան նույն իմաստն ինչ այժմ: Իսկ սպիտակ լույսերը մարդ-վարորդներին կտեղեկացնեն, որ ճանապարհների խաչմերուկում երթևեկության կարգը որոշվում է «խելացի» մեքենաներով, այլ ոչ թե լուսացույցներով, և այդ լույսի ազդեցության ժամանակ պարզապես պետք է հետևել դիմացի մեքենային։ Սպիտակ լույսը կմիանա միայն այն ժամանակ, երբ խաչմերուկին կմոտենան բավականաչափ թվով ինքնավար մեքենաներ, մյուս դեպքերում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցի ավանդական գույների միջոցով։

Համակարգչային սիմուլյացիան ցույց է տվել, որ նորամուծությունը կարող է արդյունավետորեն նվազեցնել խցանումները մինչև 90%-ով նույնիսկ այն դեպքում, երբ խաչմերուկում ինքնավար մեքենաների թիվը չի գերազանցում 10%-ը։

Ամենաընթերցված