Որոնք են միգրենի նոպաների առաջացման ամենատարածված պատճառները
Դիտումներ՝ *
15:26 2023-02-17

Միգրենը համարվում է նյարդաբանական հիվանդություն, որն ունի ժառանգական նախատրամադրվածություն։ Այս խնդրի դեպքում բաբախուն ցավը կարող է պահպանվել մինչև 72 ժամ: Նյարդաբան Նատալյա Պյանզինան անդրադարձել է այս խնդրին՝ նշելով որոնք են միգրենի առաջացման հիմնական պատճառները և ինչպես կարելի է ազատվել դրանից։

Բժշկի խոսքով՝ նոպաների պատճառ կարող են դառնալ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին գործոնները, որոնք ազդում են նաև միգրենի նոպաների հաճախականության վրա: Դրանց շարքին են դասվում նախաճաշը, ճաշը կամ ընթրիքը բաց թողնելը, քնի խանգարումները, անքնությունը, պայծառ լույսը, չափից մեծ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, դաշտանն ու բարձր ձայները։ Սակայն առավել հաճախ, ըստ նյարդաբանի, միգրենի պատճառ են դառնում սթրեսը, անհանգստությունն ու գերհոգնածությունը։

Միգրենի նոպաների հաճախականությունը կարող է մեծանալ ընկճախտի, ցավազրկող դեղերի չարաշահման, սխալ ցավազրկող միջոցի ընդունման, ճարպակալման, խռմփոցի, հուզական սթրեսի, անհանգստության ու ցավային այլ համախտանիշների առկայության դեպքում։

Ինչպես բացատրել է մասնագետը, միգրենից մեկընդմիշտ ազատվելն անհնար է, սակայն ճիշտ թերապիայի օգնությամբ կարելի է հեշտությամբ ազատվել դրա ախտանշաններից, մեղմել դրսևորումներն ու նվազեցնել նոպաների հաճախականությունը։ Նրա խոսքով՝ եթե նոպաները կրկնվում են ավելի քան չորս ամիս շարունակ, ապա նշանակվում են կանխարգելիչ դեղամիջոցներ։