Ո՞վ է պատմության առաջին սևամորթ կինը, որն արժանացել է «Օսկար»-ի
Դիտումներ՝ *
16:02 2023-02-17

1940 թվականի փետրվարի 7-ին Հեթի Մաքդենիելը դարձավ առաջին սևամորթ դերասանուհին, որն արժանացավ «Օսկար» մրցանակի՝ «Քամուց քշվածները» ֆիլմում երկրորդ պլանի դերի համար։ Ոչ ոք չէր սպասում նման հաղթանակ, քանի որ երկու ամիս առաջ դերասանուհուն նույնիսկ թույլ չէին տալիս մասնակցել «Քամուց քշվածների» պրեմիերային. նրա և մյուս սևամորթ դերասանների անունները հեռացրել էին հրավիրվածների ցանկից։ Քլարկ Գեյբլը փորձել է ապահովել Մաքդենիելի ներկայությունը և սպառնացել բոյկոտել պրեմիերան, սակայն դերասանուհին համոզել է նրան սկանդալ չանել․․․

Հեթին ծնվել է 1895 թվականին նախկին ստրուկների ընտանիքում։ Նա բեմում է եղել մանկուց. նրա հայրը շոու էր կազմակերպում, որտեղ ելույթ էր ունենում երեխաների հետ։ 1920-ականների սկզբին Հեթին սկսեց երգել սևամորթ երաժիշտների անսամբլում, իսկ հետո նրան հրավիրեցին իր երգերը կատարել Դենվերի ռադիոյով։

Նա առաջին սևամորթ երգչուհին էր, որն իր երգերը կատարեց ամերիկյան ռադիոյով։

1930-ականների սկզբին Մաքդենիելն արդեն նկարահանվել էր 30 ֆիլմում։ Երբ սկսվեցին «Քամուց քշվածները» ֆիլմի նկարահանումները, Հեթին արդեն բավականին հայտնի և պահանջված դերասանուհի էր Հոլիվուդում: Նա ընկերություն էր անում Քլարկ Գեյբլի հետ, և հենց նրա առաջարկով ստացավ Մայրիկի դերը, թեև դերն ուներ բավական շատ հավակնորդներ:

Լեգենդ կա, որ նույնիսկ Էլեոնորա Ռուզվելտն է դիմել ռեժիսորին՝ խնդրելով նկարահանել իր սպասուհուն այս կերպարում, բայց, այնուամենայնիվ, դերը բաժին է հասել Մաքդենիելին։

Մաքդենիելը նկարահանվել է ավելի քան 300 ֆիլմում, բայց դրանցից շատերում նրա անունը նույնիսկ տիտրերում չի նշվել։

1934 թվականի «Դատավոր Փրիսթ» ֆիլմը դարձավ առաջինը, որի տիտրերն ավարտվեցին Հեթի Մաքդենիել անվամբ։ Հետագայում նա խաղացել է բավական մեծ դերեր ֆիլմերում, որոնցից են «Լողացող թատրոն» (1936), «Սարաթոգա» (1937), «Մաքրասիրտ խոստովանություն» (1937) և այլն։

Հեթի Մաքդենիելն ունի երկու աստղ Հոլիվուդի Փառքի ծառուղում՝ Հոլիվուդի բուլվարում իր ռադիոելույթների և կինոյում ունեցած ավանդի համար։ 1975 թվականին նա հետմահու ավելացվել է կինոյի սևամորթ գործիչների Փառքի սրահում։